Նոր տարին Ղափանլիում
Սահմանամերձ Ղափանլի գյուղում Նոր տարի են նշում: Բաքվում այդ օրն աղմկոտ հրավառություն էր, իսկ Ղափանլիում մարդիկ ուրախ են, որ լռություն է: Ինչպես պատմեցին տեղացիները, տոն օրերին կրակոցները դադարում են զինվորականների միջև լուռ համաձայնությամբ:
Ղափանլին գյուղ է Ադրբեջանի Տերտեր շրջանում: 90-ականների սկզբին ղարաբաղյան հակամարտության ժամանակ գյուղը կատաղի մարտերի թատերաբեմ էր, արդյունքում այն Ադրբեջանի վերահսկողության տակ մնաց: Սակայն գյուղը հայ-ադրբեջանական շփման գծից ընդամենը 5կմ հեռավորության վրա է, այդ պատճառով էլ, չնայած «ֆորմալ հաշտությանը», գյուղի վրա հաճախակի կրակում են:
2016թ-ի այսպես կոչված «ապրիլյան պատերազմի» ժամանակ գյուղը մեծապես տուժեց գնդակոծությունից: Տների մեծ մասն ավերվեց արկերից: Այժմ բնակիչները շնորհակալություն են հայտնում պետությանը. նրանց համար նոր տներ են կառուցել: Կրակոցներից պաշտպանվելու համար հողապատնեշ են կառուցում, սակայն այստեղ ապրելն այնուամենայնիվ անվտանգ չէ, քանի որ այդ հողապատնեշները չեն կարող ամբողջությամբ պաշտպանել գյուղը գնդակներից:
Բայրամովների ընտանիքը նույնպես գոհ է նոր տնից: Քանի որ հայր ու որդի վարպետներ են, նրանք խնդրել են իրենց համար կառուցել միայն պատերը, իսկ տան ներքին հարդարանքի համար գումար են խնդրել, որպեսզի սեփական ճաշակով վերանորոգեն այն: Նրանք տան դեռևս միայն մեկ սենյակն են վերանորոգել, որտեղ ապրում է ընտանիքի հայրը՝ Մուբարիզ Բայրամովը, կնոջ՝ Ալմազի, դստեր և որդու հետ: Մյուս աղջիկն ամուսնացած է Բաքվում:
Տղամարդիկ աշխատում են որպես ներկարար, կանայք սովորականի պես տնտեսությամբ են զբաղվում: Բայրամովներն անասնապահությամբ են զբաղվում, իրենք են թխում իրենց հացն, ինչպես գյուղացիների մեծ մասը: Տոն օրերին նրանց սեղանին այնպիսի ուտեստներ չեն լինում, որոնց սովոր են բաքվեցիները՝ ավանդական «Մայրաքաղաքային» աղցան և սուպերմարկետներից գնված «շքեղություններ»: Այստեղ տնական թթու է, հենց նոր մորթած հնդկահավի խորոված և թարմ հաց:
Եվ հաջորդ տարվա կյանքի մասին նրանց երազանքները նույնպես տարբերվում են քաղաքի բնակիչների երազանքներից: Նրանք ասում են, որ ուզում են ապրել՝ չվախենալով բակ դուրս գալ, հանգիստ հող մշակել և հանգստանալ կրակոցների ձայներից, որոնցից հոգնել են վերջին 23 տարիների ընթացքում:
- Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի է ունեցել 1991–1994 թթ.: Զինադադարի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո անկախ պետություն է, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության կողմից, այդ թվում նաև՝ Հայաստանի:
- Ադրբեջանը Ղարաբաղն ու պատերազմի ընթացքում գրավված հարակից տարածքները համարում է “օկուպացված” և պահանջում է վերադարձնել դրանք:
- 2016թ. հակամարտության գոտում սրացումը տևել է ապրիլի 2-ից 5-ը: Ապրիլի 5-ին կողմերը կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն փոխհրաձգությունը շարունակվում է փոքր մասշտաբներով: Ադրբեջանն ու Հայաստանն իրար մեղադրում են պայմանավորվածությունը խախտելու համար:
- Հակամարտության կողմերի պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվությունն իրարամերժ է և թույլ չի տալիս պատասխանել այն հարցին, թե ով է սկսել ռազմական գործողությունները, ով՝ պատասխանել: Միջազգային աղբյուրները դեռևս նույնպես չեն կարողանում պատասխանել այդ հարցին: