Ամանորյա բիզնես
Ամանորը Հայաստանում կանանցից շատերի համար այն ժամանակահատվածն է, երբ սկսում են ակտիվ նախապատրաստել տոնական սեղանը: Սակայն կան նաև այդպիսիք, ում համար երկար սպասված տոնը պարզապես գումար վաստակելու շրջան է, երբ սկսում են նրբաբլիթների, իշլի քուֆթաների, կիևյան կոտլետների տարբեր պատվերներ ստանալ: Կանանցից շատերը մասնագիտացած են չոր մրգերի պատրաստման մեջ, ոմանք էլ վաճառում են տնային պայմաններում պատրաստած բաստուրման ու սուջուխը:
Էջմիածնեցի 43-ամյա Հասմիկ Մկրտչյանը կատակում է. դեկտեմբերն էլ իր խոպանն է, սկսվում է աշխատանքի թեժ շրջան, որը նրան ֆինանսական մեծ հնարավորություններ է տալիս:
Հասմիկի խոհանոցում իսկական խառնաշփոթ է, բայց նա հմուտ վարպետի նման գիտի, որտեղից ինչը վերցնել: Մատների ճկուն շարժումներով նրա ձեռքերում ասես ծնվում են կիևյան կոտլետները: Աշխատում է արագ, ժպիտով: Ասում է. չնայած ծանրաբեռնվածությանը պատրաստում է հաճույքով, դրական էներգիայով շաղախելով կիևյան կոտլետներն ու իշլի քուֆթաները.
«Իհարկե շատ եմ տանջվում, բայց դե ինչ անենք, ուրիշ նման հնարավորություն տարվա մեջ չի լինում: Պատվերների մի մասը իմ տանն եմ պատրաստում, մի մասն էլ պատվիրատուների տներում, ով ինչպես ցանկանում է: Ամբողջ դեկտեմբերին 2000 հատ իշլի քուֆթա եմ պատրաստել, վերջում ձեռքերս` էլ չէին աշխատում, հեշտ չէ մի քանի գիշեր չքնել, աշխատել բոլորին գոհացնել, նաև պատվիրատու չկորցնել»:
Մեկ չափաբաժնից ստանում է 100-130 հատ իշլի քուֆթա: Եթե իր տանն է պատրաստում, ապա դրա արժեքը կազմում է 250 դրամ, քանի որ մթերքը ինքն է գնում պատրաստման համար, իսկ եթե գնում է պատվիրատուի տուն, ապա մեկ հատի համար վերցնում է 70 դրամ:
«Հետս տանում եմ միայն իմ համեմունքները`բահար, քիմիոն ու սև պղպեղ, նաև ձավարը, որից էլ կախված է իշլի քուֆթայի պատրաստման հաջողությունը: Մարդիկ, որ լսում են 250 դրամ (50 սենթ), իրենց թվում է դա ավելի թանկ է, բայց նույն բանն է դուրս գալիս: Գրեթե ամեն օր 20 հազար դրամ ($41)գումար եմ վաստակել, մարդիկ հիմնականում մեկ կամ մեկ ու կես չափաբաժին են պատվիրում»,- պատմում է երեք երեխաների մայրը, անցնելով կիևյան կոտլետների պատրաստմանը, որի մեկ հատն էլ վաճառում է 200 դրամով:
Իշլի քուֆթան եկամտի աղբյուր է նաև Էջմիածնեցի 45-ամյա Մարո Սարգսյանի համար, ում ընտանիքը Հայաստան է հայրենադարձվել Սիրիայից 1947 թվականին, իր հետ հայերենիք բերելով Արևելյան խոհանոցի ավանդույթները:
«Իշլի քուֆթան Հայաստան բերել են սիրիահայերը, պատրաստման գաղտնիքները սովորել եմ մորիցս ու տատիցս: Այս ուտեստը սովորաբար պատրաստում էին սիրիահայերը: Սակայն վերջին տարիներին իշլի քուֆթան շատ սկսեցին պատրաստել նաև տեղացի հայերը: Այսօր այն շատ տարածված է և գրեթե բոլորի տներում ամանորյա սեղանի զարդն է»,- ասում է նա:
Մարոն անցնում է գործի, արդեն թրջված բլղուրին ավելացնում է քուֆթայի ծեծած միսն ու ուժգին հարվածներով սկսում հունցել այն: Թասում ստեղծված խառնաշփոթը խելքի են բերում Մարոյի ձեռքերը: Աջից` ձախ, հետո` ձախից աջ: Զգացվում է, որ Մարոն մեծ ճիգեր է գործադրում, բայց ժպիտը դեմքին շարունակում է.
«Գիտե՞ք, չէ, այս աշխատանքը Սիրիայում տղամարդիկ են արել, բավական ուժ է պահանջում: Հունցելը շատ մեծ նշանակություն ունի, սրանից է կախված, թե ինչպիսին կլինի իշլի քուֆթայի համը: Բլղուրը պետք է մերվի քուֆթայի մսին, ինչպես ասում են`քուֆթայի միսը պետք է լավ «ուտի» բլղուրի հատիկները»,- ասում է Մարոն և խոստովանում, որ վերջին տարիներին իշլի քուֆթա պատրաստելով է հոգում Ամանորի ծախսերը:
Ամանորից առաջ նաև լավ են վաճառվում «արևային լոգանք» ստացած Հայաստանի մրգերը: Հասմիկ Մկրտչյանը ասում է, որ այս տարի հատկապես Ռուսաստանում բնակվող բարեկամներն ու ընկերներն են գնել իր չրերը: Վաճառել է երկու տեսակի չրեր` օշարակով պատրաստած և պարզապես արևի տակ չորացրած:
«Իմ տան համար անգամ չմնաց, ամբողջը տարան: Տանջանքը մեծ է, բայց շահավետ է: Ծիրանի, դեղձի, խնձորի առանց օշարակի պատրաստած չրերը վաճառել եմ կիլոգրամը 3000 դրամով ($6): Այս չրերի պահանջարկը շատ մեծ է, այս տարի ամռանը շատ ավելի կպատրաստեմ: Օշարակով պատրաստած`ծիրանի, դեղձի, սալորի, տանձի, խնձորի, թթի չրերը վաճառել եմ կիլոգրամը 5000 դրամով ($10)»,- պատմում է Հասմիկը:
Ամանորից առաջ նա վաճառել է 40 կգ օշարակով չիր և 20 կգ առանց օշարակի չիր: Նա իր հաճախորդներին առաջարկում է նաև տնային պայմաններում իր պատրաստած բաստուրման ու մսի սուջուխը, ինչը հայկական տոնական սեղաններին պարտադիր լինում է:
«Բաստուրման առաջարկել եմ կիլոգրամը 9000 դրամով ($18), մսի սուջուխը`7000 դրամով ($14): Ամեն մեկից մի քիչ վաճառել եմ, այս տարի առաջին անգամ էի անում, բայց համոզված եմ, հաջորդ տարի ավելի շատ պատվերներ կունենամ, արդեն իմացան, որ պատրաստում եմ»,- ասում է Հասմիկը հյուրասիրելով իր ձեռքերով պատրաստած բարիքները:
Աշխատանքի բացակայությունը, սոցիալ տնտեսական խնդիրները ստիպում են կանանց իրենց շնորհքն ու կարողությունները օգտագործել ընտանիքի հոգսը քիչ թե շատ թեթևացնելու համար: Չնայած հոգնածությանը, ձեռքի աշխատանքի դժվարություններին կանայք պատրաստակամ նետվում են գործի մեջ և հասնում հաջողությունների:
«Ինձ համար ուրախություն է էս նոր Նոր տարին, ինձ արդեն ճանաչում են, ամեն տարի 5 տուն ավելանում է, այսինքն հաճախորդներիս թիվը մեծանում է, լավ կլիներ որ ամբողջ տարին այսքան պատվերներ ունենայի, բայց դե մարդկանց ձեռքին գումար շատ չկա, ու միայն Ամանորին են իրենց թույլ տալիս նման ճոխություններ»,- ասում է Հասմիկ Մկրտչյանը և խոստովանում, որ ամուսնու հոգսը բավականին թեթևացնում է այս իր բիզնեսով՝ գոնե Նոր տարվա ծախսերը փակելով: