Starlink-ն արդեն Հայաստանում է․ պահուստային ինտերնետ լեռնային տարածքների և բանակի համար
Starlink-ը Հայաստանում
Starlink գլոբալ արբանյակային կապի համակարգի գործարկման շնորհիվ Հայաստանը կունենա «արագ և կայուն համացանց» ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ երկրի դժվարամատչելի հատվածներում։ Առաջինը այս տեղեկությունը հայտնել է հենց Starlink ընկերությունը X-ի իր էջում․ «Հայաստանը դարձել է աշխարհում 130-րդ երկիրը, տարածքը կամ շուկան, որտեղ հասանելի է գերարագ համացանցը»։
Starlink-ը Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության արհեստական արբանյակների գլոբալ, մոլորակային համակարգ է։ Համակարգը ծառայում է գերարագ լայնաշերտ արբանյակային համացանցի հասանելիության ապահովմանը այն վայրերում, որտեղ այն անվստահելի է, թանկ կամ ընդհանրապես անհասանելի։ Ծրագրի մշակումը սկսվել է 2015 թվականին։ 2020 թվականին SpaceX-ը սկսել է համացանցի հասանելիության ծառայություններ մատուցել ԱՄՆ հյուսիսային մասում և Կանադայում։ 2024 թվականից Starlink-ի բաժանորդների թիվը գերազանցել է 3 միլիոնը։
Հայաստանը արտաքին համացանցային տրաֆիկը ստանում է երկու մալուխներով, որոնք անցնում են երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի տարածքով։ Ադրբեջանի հետ չլուծված հակամարտության պատճառով մշտապես առկա է դիվերսիաների և կապի կորստի սպառնալիք։ Այս առումով Starlink-ի միացումը դժվար է գերագնահատել։ Սա ոչ միայն նոր պրովայդեր է, այլև ռազմավարական պահուստ, որը կարող է փոխել իրավիճակը։
Փորձագետները Starlink-ի մուտքը Հայաստան համարում են ոչ թե հեղափոխություն, այլ էվոլյուցիա։ Բացատրում են, որ այն չի մրցակցի օպտիկամանրաթելային օպերատորների հետ և դուրս չի մղի տեղական ընկերություններին, սակայն «կլրացնի բացերը»։ Այսինքն՝ Starlink-ը ապահովագրություն է խափանումներից և շրջափակումներից։ Տեղացի վերլուծաբանների կարծիքով՝ լեռնային գյուղերի համար սա աշխարհի հետ կապ է, զինվորականների համար՝ աջակցություն առաջնագծում, իսկ քաղաքացիների համար՝ անկախություն։
Բոլոր մանրամասները՝ տեղեկատվական անվտանգության փորձագետների մեկնաբանություններում
- «ՀՀ-ում թափթփված վերաբերմունք կա անձնական տվյալների նկատմամբ»․ փորձագետ
- ՊԵԿ-ին հասանելի են դարձել ՀՀ քաղաքացիների բանկային հաշիվները․ օգուտներն ու ռիսկերը
- Meta-ն ջնջել է ՌԴ-ում ստեղծված հարյուրավոր քարոզչական հաշիվներ
Սամվել Մարտիրոսյան, տեղեկատվական անվտանգության փորձագետ
Համացանցն այնտեղ, որտեղ այն չկար
«Հայաստանը լեռնային երկիր է։ Եվ թեև բջջային կապն այստեղ կա գրեթե ամենուր, սակայն որակը հաճախ է կաղում։ Իսկ դժվարամատչելի տարածքներ օպտիկամանրաթել հասցնելը թանկ է և բարդ։ Starlink արբանյակային համացանցը լուծում է այս խնդիրը։ Այժմ բարձրլեռնային շրջանների բնակիչները կկարողանան ստանալ կայուն հասանելիություն համացանցին»։
Ռազմական ասպեկտ
«Պաշտպանության տեսանկյունից Starlink-ը անհրաժեշտություն է, իսկական գտածո։ Հայաստանում առաջնագիծն անցնում է դժվարամատչելի լեռնային շրջաններով, որտեղ սովորական կապն անվստահելի է։ Ռազմական կարիքները պահանջում են կայուն համացանց։ Հետևաբար, արբանյակային ցանցը կարող է փրկություն դառնալ»։
Համացանց առանց գրաքննության
«Սովորական քաղաքացիների համար Starlink-ը ոչ միայն հասանելիության, այլև ազատության մասին է։ Starlink-ն առաջարկում է համացանց, որը կախված չէ տեղական օպերատորներից։ Իսկ դա նշանակում է, որ այն ենթակա չէ արգելափակումների, գրաքննության, հատուկ ծառայությունները չեն կարող հետևել մարդկանց»։
Ոչ թե մրցակից, այլ լրացում
«Starlink-ը հազիվ թե դառնա տեղական պրովայդերների մրցակից։ Հայաստանում համացանցն առանց այդ էլ էժան է։ Տեղական օպերատորների օպտիկամանրաթելն IPTV-ով [թվային ինտերակտիվ հեռուստատեսություն] ավելի էժան է և ավելի շատ ծառայություններ է առաջարկում։ Starlink-ը լավ կապ ունեցող քաղաքների համար չէ։ Այն նրանց համար է, ում պահուստային տարբերակ է պետք, կամ նրանց, ովքեր ապրում են այնտեղ, ուր այլ ցանցերը չեն հասնում»։
Եղանակը կարող է վատթարացնել ազդանշանը
«Բայց կան նաև նրբերանգներ։ Արբանյակային համացանցը զգայուն է եղանակային պայմանների նկատմամբ։ Վատ եղանակը կարող է վատթարացնել ազդանշանը։ Հետևաբար, մալուխներից հրաժարվելու մտադրություն ոչ ոք չունի։ Starlink-ը կապի դիվերսիֆիկացված համակարգի մի մաս է, որը Հայաստանը դարձնում է ավելի կայուն ճգնաժամերի նկատմամբ։ Երկիրն անկախ չի դառնա հարևաններից, որոնց տարածքներով անցնում են մալուխները, բայց կստանա կարևոր պահուստային ելք»։
Արթուր Պապյան, տեղեկատվական անվտանգության փորձագետ
Փրկություն «վրացի տատիկից» և ոչ միայն
«Հայաստանում հաճախ ժպիտով են հիշում վրացի տատիկին, որը մի քանի տարի առաջ բանջարանոցում մալուխ էր գտել, հանձնել այն՝ որպես պղինձ, արդյունքում ողջ երկիրը մնացել էր առանց համացանցի։
Վրաստանի 75-ամյա քաղաքացին մի քանի ժամով Հայաստանը թողել էր առանց համացանցի։ Տարեց կինը պատմել էր, որ Մցխեթի շրջանի Քսանի գյուղի մոտ հողում պղինձ էր փնտրում։ Նա վնասել էր «Երկաթուղու Տելեկոմ» ընկերության օպտիկամանրաթելային ցանցը, որով համացանցի տրաֆիկը Եվրոպայից հասնում է Հայաստան։
Կամ էլ հիշենք Արցախը։ Երբ ադրբեջանցիները շրջափակեցին Լեռնային Ղարաբաղի տարածքը, նրանք փակեցին նաև կապը։ Արդյունքում, մարդիկ լիովին կտրվեցին արտաքին աշխարհից։ Իհարկե, Starlink-ը չի երաշխավորում անխափան կապ․ նրա ազդանշանը կարելի է խլացնել, բայց սա պաշտպանության ևս մեկ շերտ է։
Այսօր Վրաստանի և Իրանի տարածքով անցնող երկու հիմնական մալուխներն են Հայաստանը կապի մեջ պահում աշխարհի հետ։ Սակայն բավական է, որ դրանցից մեկը շարքից դուրս գա, և բեռնվածությունն ընկնում է մյուս օպերատորի վրա՝ կտրուկ վատթարացնելով ինտերնետի որակը։ Եվ ահա այստեղ օգնության կգա Starlink-ը»։
Մատչելի պահուստ ճգնաժամային իրավիճակների համար
«Starlink-ը չի դառնա սովորական համացանցի փոխարինող, բայց այն կարող է լրացնել բացերն այնտեղ, որտեղ ավանդական կապը ձախողում է։
Դա հատկապես կարևոր է Mission Critical մակարդակի կազմակերպությունների, օրինակ՝ ֆինանսական ընկերությունների, ինչպես նաև IT-ընկերությունների համար, որոնց անհրաժեշտ է անխափան և որակյալ ինտերնետ կապ։
Ես վաղուց ռոումինգով միացել էի Starlink-ին՝ որպես ամերիկյան բաժանորդ, իսկ այժմ անցել եմ հայկական սակագնին։ Վճարում եմ գրեթե կրկնակի պակաս՝ ամսական 24 հազար դրամ անսահմանափակ գերարագ համացանցի համար։ Եվս 200 հազար դրամ վճարել եմ սարքավորումների համար։ Ութ հազար դրամ արժողությամբ օպտիկամանրաթելը նույնպես պահել եմ՝ ապահովության համար։ Starlink-ը ինձ համար փոխարինում չէ, այլ հուսալի պահուստային տարբերակ։
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ երկիրը ձգտում է կապի դիվերսիֆիկացիայի։ Բայց այն չի դառնա հարևաններից լիովին անկախ՝ ոչ Starlink-ի հետ, ոչ էլ առանց դրա»։
Համացանցը լեռներում
«Լայնաշերտ ինտերնետը և 4G-ն Հայաստանում կան գրեթե ամենուր՝ բնակավայրերի 99%-ում։ Եվ յուրաքանչյուր բնակավայրում մարդկանց սպասարկում են 2 բջջային օպերատորներ։ ITU-ի (The International Telecommunication Union) տվյալների համաձայն՝ երկրում մոտ 200 ինտերնետ պրովայդեր կա։ Իսկ կապի գները այստեղ այնպիսին են, որ Եվրոպան ու ԱՄՆ-ը կարող են միայն նախանձել։
Սակայն դժվարամատչելի վայրերում՝ լեռներում, զբոսաշրջային արահետներում, Starlink-ը հաղթում է։ Զբոսաշրջային ընկերությունները կարող են ուշադրություն դարձնել դրան բացառիկ վայրեր արշավելիս»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Starlink-ը Հայաստանում