Կանեփ ծխելը Վրաստանում
Արդեն քրեական հանցագործություն չէ, եթե 70 գրամից պակաս է: Մարիխուանայի հետ պայքարի կողմ և դեմ փաստարկներ
Վրաստանի Սահմանադրական դատարանը թույլ է տվել երկրի քաղաքացիներին փոքր չափաբաժիններով մարիխուանա ծխել:
Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել այն փաստարկը, որ մարիխուանայի 70 գրամից պակաս ծավալի դեպքում հնարավոր չէ ապացուցել, որ այն պլանավորվում էր վաճառել: Այդ պատճառով էլ մարիխուանայի այդպիսի փոքր քանակի պահպանման և օգտագործման համար քրեական պատասխանատվությունը դատարանն անմարդկային է համարել:
Սակայն միաժամանակ մարիխուանայի վաճառքը շարունակում է քրեորեն պատժելի արարք մնալ: Անձնական նպատակներով թմրանյութ գնելը նույնպես արգելված է, սակայն հասարակությունում քննարկվում է, որ Սահմանադրական դատարանը, հնարավոր է, պատրաստվում է դիտարկել և չեղարկել այդ արգելքը:
Մինչև այս պահը վրացական օրենսդրությունը վարչական պատասխանատվություն էր նախատեսում այն դեպքում, երբ մարդուն առաջին անգամ բռնում են մարիխուանա օգտագործելիս (տուգանքը՝ 500 լարի [մոտ $200]) և քրեական՝ կրկնվելու դեպքում:
Թմրանյութի օգտագործման համար 1 տարի ազատազրկում էր նախատեսվում, իսկ պահպանման և տարածման համար մեղադրյալին 11 տարվա ազատազրկում էր սպառնում:
Վրաստանի հասարակության մի մասը վաղուց է պահանջում մարիխուանայի օգտագործման ապաքրեականացում:
Հաճախակի ակցիաներ են անցկացվում, որոնց հիմնական պահանջը ‘մարդու իրավունքները ոտնահարող նարկոքաղաքականության փոփոխությունն’ է:
Ապաքրեականացմանը կողմ ու դեմ արտահայտվողներն իրենց փաստարկներն ունեն:
Կողմ փաստարկներ
· Ներքին գործերի նախարարությունն ավանդաբար վերահսկողության տակ է պահում մարդկանց մի մեծ խմբի, ովքեր կարող են այդ հոդվածի տակ ընկնել: Այս ոլորտում կատարվելիք փոփոխությունները կարող են ընդհանուր առմամբ հանգեցնել ոստիկանության ժողովրդականացմանը:
· Մարիխուանա օգտագործողների հանդեպ իշխանության կողմից կիրառվող պատժամիջոցներն անարդյունք են մնում. թմրամոլների քանակը դրանից չի պակասում:
· Վրաստանում շատ են տան պայմաններում պատրաստված վտանգավոր թմրանյութերը, և ավելի լավ է մարիխուանա ծխել, քան դրանք օգտագործել:
· Մարիխուանայի օգտագործումը, նույնիսկ հաճախակի, հասարակաության համար վտանգ չի ներկայացնում, այդ պատճառով էլ քրեական պատասխանատվությունը անհամարժեք խիստ պատասխան է էությամբ անմեղ խախտման համար:
· Մի գլանակի համար մարդկանց անմտորեն բանտեր նետելու փոխարեն պետությունը, ավելի լավ է՝ թմրանյութերի դեմ կանխարգելիչ պայքար մղի՝ առողջ ապրելակերպ քարոզելով, գնային առումով մատչելի սպորտային կենտրոններ հիմնելով և այլն:
Դեմ փաստարկներ
· Սովորաբար մարիխուանայի օգտագործումը թմրամոլ դառնալու
ճանապարհին ընդամենը առաջին քայլն է, հետո կլինեն ավելի լուրջ թմրամիջոցներ:
· Ազատականացումը կբերի օգտագործողների թվի աճին, իսկ նրանք
արդեն քիչ չեն. ճշգրիտ վիճակագրություն չկա, բայց 100 հազարից ոչ պակաս մարդ է օգտագործում մարիխուանա:
· Հնարավոր է՝ ստեղծված իրավիճակն իր բացասական կողմերն ունի,
բայց քրեական պատասխանատվությունն անհերքելի հզոր զսպող գործոն է շատ մարդկանց համար: Եթե դա չլինի, մարիխուանայի հաճախակի օգտագործումը սովորական բան կդառնա:
· Դրա հաճախակի օգտագործումը շատ վնասակար է առողջությանը:
Խնդիրները, որոնք այն առաջացնում է երիտասարդ օրգանիզմում, պակաս վտանգավոր չեն մարդու կյանքի և ճակատագրի համար, քան բանտարկությունը:
· Ապաքրեականացումը չպետք է հանպատրաստից կատարվի:
· Ազատականացման մասին մտածելուց առաջ պետք է մանրակրկիտ ձևով հիմք նախապատրաստել, մասնավորապես՝ թմրամոլության կանխարգելիչ համակարգը կարգավորել և բուժման արդյունավետ ծրագիր մշակել:
· 2016թ-ին կանեփի օգտագործման հետ կապված խնդիրները բուժհաստատություններ դիմելու ընդամենը 12 դեպքի պատճառ են եղել:
· Ներքին գործերի նախարարությունն ամեն տարի մոտ 50 հազար հոգու թմրանյութի թեստավորման է ենթարկում:
· Թմրանյութերի հարկադրված թեստերի անցկացման համար 7 տարվա ընթացքում բյուջեից 17 մլն լարի է դուրս գրվել:
· Հետաքրքիր է, որ թմրանյութերի օգտագործման փաստը հաստատվել է ձերբակալման միայն 35% դեպքերում: