Ողջ հույսը երգիչների և հավաքարարների վրա է
Նոր տարվա գալուստը մեզ հիշեցնում է երկու կարևոր խնդրի մասին. ինչ գնել տոներին և ինչպես պլանավորել հաջորդ տարին: Նման խնդիրներ են կանգնած նաև կառավարության առջև: Ադրբեջանի կառավարությունը եկող տարում գումար վաստակելու 7 մեթոդ է մշակել:
Միջոց № 1. տարբերակված հարկային դրույքաչափ
Ինչպես «արժեզրկում» բառն էր 2015թ.-ի հիմնական թրենդը, այնպես էլ «տարբերակումը» (դիֆերենցիացիա) կդառնա 2017-ի հիմնական թրենդը: «Դիֆերենցիացիա» խելացի բառի տակ թաքնված է բոլոր նրանց հարկման ենթարկելու փորձն, ովքեր մինչև վերջերս խուսափում էին դրանից: Այսպիսով, Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն (իսկ դրանց թիվը հիրավի հսկայական է՝ 201 փոփոխություն)՝ այժմ եթե որոշում ես վաստակել հարսանիքներին երգելով կամ պարելով, պետք է ամսական 30 մանաթ հարկ վճարես: Մարդիկ, ովքեր աշխատում են այսպես կոչված «ոչ պաշտոնական» բնագավառում (սպասուհիներ, անձնական վարորդներ, դայակներ, մաքրուհիներ, այգեպաններ, խոհարարներ և այլն) կվճարեն 10 մանաթ: Կենցաղային տեխնիկա վերանորոգող վարպետները և ներկարարները կվճարեն համապատասխանաբար 5 և 20 մանաթ: Հարկերը տարբեր կլինեն՝ կախված բիզնեսի գրանցման վայրից: Եթե գրանցված ես Բաքվում, ստիպված կլինես կրկնակի վճարել, իսկ եթե Ղազախի շրջանի Դաշ Սալախլի բնակավայրում՝ ընդամենը հարկի 0,5%-ը:
Միջոց №2. մաքսատուրքերի տարբերակում
Հերթական տարբերակումը մաքսային ոլորտին էլ հասավ: Որոշվել է ներկրվող ապրանքի համար գանձվող միասնական հարկային դրույքաչափից անցում կատարել «տարբերակվածի»՝ կախված ապրանքից: Առաջինը դա կիրառվեց հավկիթների, հավի մսի, սոխի, վարունգի, խաղողի չրի և այլ ապրանքների վրա: Իսկ հաշվի առնելով ինկուբատորի համար հավկիթների, նրբերշիկների համար հավի մսի և այլ մթերքի ներքին արտադրողների բացակայությունը, դա կբերի գների բարձրացման, ինչի հաշվին էլ կառավարությունը գումար կաշխատի՝ ավելացնելով շրջանառության հարկն ու եկամտահարկը:
Միջոց №3. արտահանման տուրքեր
Նախկինում համարվում էր, որ եթե Ադրբեջանում ներկրման հետ խնդիրներ կան, ապա երկրից արտահանել հնարավոր է ցանկացած բան, քանի որ որոշակի սահմանափակումներ արտահանման վրա չկան (բացառությամբ ռազմավարական հումքի): Նկատելով այդպիսի անարդարությունը՝ այս տարի կառավարությունը մաքսատուրքեր է սահմանել արտադրանքի շատ տեսակների համար: Հաջորդ տարի Պետական մաքսային կոմիտեն խոստացել է ընդլայնել այժմ 90 ապրանքից կազմված ցուցակը (կովի կաշվից մինչև պղնձե արտադրանք):
Միջոց №4. սեփականաշնորհում
Չնայած երկու պետական ծրագրերին՝ սեփականաշնորհումը մեր երկրում այդպես էլ տեղից չշարժվեց. շատ օբյեկտներ այդպես էլ պետական սեփականություն մնացին խորհրդային ժամանակներից ի վեր: Այժմ որոշվել է, որ մինչև մյուս տարվա վերջ պետք է սեփականաշնորհել գրեթե 3 հազար նման օբյեկտ, որոնցից 2,5 հազարը նախկին Մշակույթի տներն ու այլ հաստատություններ են, որոնք հիմա ոչ ոքի պետք չեն: Մյուս կողմից, պարզվեց, որ չնայած երկրում պիոներների բացակայությանը՝ պաշտպանական արդյունաբերության նախարարության, երեք պետական ընկերությունների՝ «Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգիստ» ՓԲԸ-ի, SOCAR-ի ու «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ի հաշվեկշռին պիոներական ճամբարներ են հայտնվել: Այժմ դրանք էլ պետք է սեփականաշնորհվեն: Կառավարությունը հույս ունի, որ դա հաջորդ տարի բյուջե կբերի ևս 200 մլն մանաթ:
Միջոց №5. հանրային իրավաբանական անձանց ստեղծում
Երկար ժամանակ շատերը պետական կառույցներին մեղադրում էին, որ նրանք «բիզնեսով են զբաղվում»: Այժմ գործակալությունների և կոմիտեների զգալի հատվածը կիսաառևտրային կառույցներ՝ հանրային իրավաբանական անձ են դարձել: Այսինքն, նրանք կարող են բացահայտ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել իրենց ոլորտում: Օրինակ, Պետական քննական կենտրոնը արդեն հայտարարել է ընդունելության քննությունները վճարովի հիմունքներով անցկացնելու մասին:
Միջոց №6: կոմունալ սակագների «տարբերակում»
Դեկտեմբերի սկզբին Սակագնային խորհուրդը որոշում է ընդունել կոմունալ սակագների յուրօրինակ բարձրացման մասին: Ավելի ճիշտ, սակագները բարձրացրել են, սակայն դա նույնպես «տարբերակում» են անվանել: Թանկացումը չի տարածվում նրանց վրա, ովքեր ամսական 300 Կվտ/ժ-ից պակաս էլեկտրաէներգիա և տարեկան 1700 կուբամետր գազից պակաս են օգտագործում: Այսպիսով, բոլոր ձեռնարկությունները՝ թռչնաբուծական ֆերմաներից մինչև խոշոր սուպերմարկետներ, վճարելու են նոր սակագներով: Հետևաբար, դա կհանգեցնի շատ ապրանքատեսակների գների բարձրացման: Որպես արդյունք, կավելանան պետբյուջեի մուտքերը և գնի հարկային բաղկացուցիչը:
Միջոց №7. աշխատանքային ստաժի բարձրացում
«Աշխատանքային կենսաթոշակ» ստանալու համար, ադրբեջանական օրենսդրության համաձայն, պետք է նվազագույն տարիներ աշխատել: «Կենսաթոշակների մասին» նոր օրինագծի համաձայն, կառավարությունը, որը մի ամբողջ տարի համառորեն հերքում էր կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին լուրերը, այժմ առաջարկում է պետական ծառայողների համար աշխատանքային ստաժը բարձրացնել 15-ից 20 տարի, զինծառայողների համար՝ 20-ից 25 տարի, դատախազների համար՝ 25-ից 35 տարի, մյուս մասնագիտությունների համար նվազագույն աշխատանքային ստաժն ավելացնել 5 տարով: Եթե պետական ծառայողների և դատախազների կենսաթոշակի հարցը հետաքրքրում է մոտ 40 հազար մարդու, ապա կենսաթոշակի համար նվազագույն աշխատանքային ստաժի ավելացումը 25-ից մինչև 30 տարի հետաքրքրում է ողջ բնակչությանը: Եթե օրինագիծն ընդունվի (կասկածելի է, որ Միլի Մեջլիսն այն չհաստատի), ապա արդեն հաջորդ տարի կենսաթոշակի անցնողների թիվը կկրճատվի: Իսկ դա թույլ կտա տնտեսել ինչպես Սոցպաշտպանության պետական ֆոնդի բյուջեի միջոցներն, այնպես էլ պետական դոտացիաները, և բյուջեն լցնել հարկային մուտքերի հաշվին լրացուցիչ 5 տարվա ընթացքում:
Պաշտոնյաները մի քանի անգամ հայտարարել են, որ 2018թ-ը պետք է զարգացման տարի դառնա, ի տարբերություն «ծանր» 2017-ի, այնպես որ մենք պետք է սպասենք բյուջեն ավելացնելու հարցում ավելի մեծ հնարամտության և կրեատիվության:
Հրապարակվել է 27.12.2016