Safe YOU․ հայ կանանց ստեղծած հավելվածը կօգնի կանանց ամբողջ աշխարհում
Safe YOU բջջային հավելվածը ստեղծվել է Հայաստանում մի խումբ կանանց կողմից, որոնք ուզեցել են իրենց հնարավորությունների չափով օգնել մարդկանց փրկվել բռնությունից։
Բջջային հեռախոսում ներբեռնելով նրանց ստեղծած հավելվածը՝ վտանգավոր իրավիճակում հնարավոր է ընդամենը մեկ կոճակի սեղմումով դիմել օգնության։ Վայրկյանների ընթացքում օգտատիրոջ տվյալներն ուղարկվում են ոստիկանություն և մի քանի այլ մարդկանց, ում նա վստահում է և կարող է դիմել օգնություն ստանալու ակնկալիքով։
Մանրամասներն այն մասին, թե ինչպես է ստեղծվել հավելվածը, ինչպես է այն աշխատում, պատմում է մտահղացման հեղինակը։
- Անորեքսիա․ կատարյալ մարմին՝ հոգեկան առողջության գնով։ Երկու կնոջ պատմություն
- Կանայք ավելի շատ ներկայացված կլինեն Հայաստանի ՏԻՄ-երում․ ի՞նչ կփոխի դա
- Աննկատ բռնություն. ինչո՞ւ Հայաստանում չեն բացահայտվում թրաֆիքինգի դեպքերը
«Անգամ չծնված աղջիկները պաշտպանության կարիք ունեն»
«Երկու տարի առաջ սկսեցի աշխատել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերից մեկում, որի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ուսումնասիրություն էր անում այն ինովացիոն լուծումների վերաբերյալ, որոնց միջոցով հնարավոր կլիներ օգնել բռնության ենթարկվող կանանց:
Այդ ժամանակ արդեն իսկ կար ինչ–որ բան ստեղծելու գաղափարը, բայց Safe YOU բջջային հավելվածը նյութականացավ շատ պատահական մի դիպվածի շնորհիվ, որը, իրականում, փոխեց իմ կյանքը։
Հղի էի, սպասում էի դստերս լույս աշխարհ գալուն, երբ բարեկամուհիներիցս մեկը խոսքի մեջ ասաց․ «Շատ ես գեղեցկացել, հաստատ տղա ես ունենալու»։ Երբ ասացի, որ աղջկա ենք սպասում, նա շատ տխուր, ցավակցական հայացքով նայեց ինձ ու ասաց․ «Դե, ոչինչ, հաջորդը տղա կլինի»։
Այդ պահին աշխարհն ինձ համար կանգ առավ։ Ես սկսեցի մտածել, թե ո՞րն է այս աշխարհի խնդիրը, որը ստիպում է մի կնոջ մյուսին ասել, որ կին լինելն այդքան էլ լավ չէ, կամ, առնվազն, այնքան լավ չէ, որքան տղամարդ լինելը։ Սա էր իմ ներքին մոտիվացիան, որովհետև ես հասկացա, որ անգամ չծնված աղջիկներն այս աշխարհում պաշտպանության կարիք ունեն, և ես չեմ ուզում, որ իմ աղջիկն ապրի նման հասարակության մեջ», – հիշում է Safe YOU բջջային հավելվածը ստեղծած «Impact Innovations Institute» սոցիալական ձեռնարկության հիմնադիր և գործադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը։
Առաջին մասնագիտությամբ իրավաբան Մարիամը զբաղվել է նաև սոցիալական մարդաբանությամբ և հանրային առողջության հիմնախնդիրներով։ Վստահ էր, որ իր գաղափարը պետք է ներառի բոլոր այս սկզբունքները և պետք է միտված լինի կյանքեր փրկելուն։
2020 թ․–ին, երբ գաղափարն արդեն ամբողջական էր, թիմը կարճ ժամանակ անց ստեղծեց հավելվածը, որի ծնունդը, սակայն, համընկավ Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանի հետ՝ սկսվեց 44–օրյա պատերազմը: Առաջ եկած ֆինանսական խնդիրների պատճառով այդ փուլում հավելվածը Հայաստանում տարածել չստացվեց։ Սկզբում այն գործարկվեց հարևան Վրաստանում, որտեղ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առաջատար ՀԿ-ներից մեկի՝ «Սապարի միության» (Union Sapari) հետ համագործակցության արդյունքում արդեն 20 հազարից ավելի օգտատերեր կան:
Հավելվածը մի շարք գործառույթներ է կատարում՝ բռնության կանխարգելումից, հետաքննության համար արժեքավոր տվյալների հավաքագրումից մինչև պետական և հասարարակական կառույցների ու անհատ մասնագետների համախմբում, որոնք կարող են օգնություն ցուցաբերել բռնությունից տուժած կանանց։
«Իր բջջային հեռախոսում ներբեռնելով հավելվածը՝ օգտատերը հնարավորություն է ստանում վտանգավոր իրավիճակում HELP կոճակի մեկ սեղմումով դիմել օգնության։ Ընդամենը 3 վայրկյանների ընթացքում օգտատիրոջ անուն–ազգանունը, իրական ժամանակում նրա տեղորոշման տվյալը ուղարկվում է միանգամից մի քանի հասցեատերերի, այդ թվում՝ ոստիկանություն։
Հնարավոր հասցեատերերի թիվը կարող է հասնել 7–ի, այդ թվում՝ օգտատիրոջ համար վստահելի մարդկանց, ընտանիքի անդամների կամ ընկերների։ Միևնույն ժամանակ, հավելվածը ինքնաշխատ կերպով սկսում է ձայնագրել շուրջը կատարվող իրադարձությունները, ինչը շատ օգտակար կարող է լինել հետաքննության ժամանակ։
Բացի այդ, հավելվածը թույլ է տալիս քարտեզի վրա տեսնել բոլոր պատկան կառույցների տեղերը, թեժ գծերի տվյալները, որոնք կարող են պետք գալ բռնության ենթարկվող անձանց։ Դրանից զատ, հավելվածում կա նաև ֆորումների բաժին, որտեղ համապատասխան մասնագետները՝ հոգեբանները, իրավաբանները, սոցիալական աշխատողները զրուցում, ուղղորդում կամ խորհուրդներ են տալիս դրանց կարիքն ունեցող կանանց։
Հավելվածի նոր տարբերակում մենք ստեղծել ենք նաև «անհատական սենյակներ» ունենալու հնարավորությունը, որի շնորհիվ յուրաքանչյուր կին կարող է անհատական խորհրդատվություն ստանալ համապատասխան մասնագետի կողմից», – ասում է Մարիամը։
Այս գործընթացում ոգևորող շատ պահեր են եղել, բայց հեղինակներին ամենից շատ ոգեշնչում էր մարդկանց՝ օգնելու պատրաստակամությունը։ Երբ հավելվածը դեռ ամբողջովին պատրաստ չէր, սոցիալական ցանցերի միջոցով իրենց աջակցությունն էին առաջարկում տարբեր մասնագետներ, որոնք ուզում էին իրենց մասնակցությունն ունենալ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման գործում։
«Մեզ համար ակնհայտ դարձավ, որ հասարակության մեջ կա խնդրի ամբողջական ընկալում, որ մենք այլևս չենք մերժում բռնության գոյությունը, այլ փորձում ենք խնդիրը լուծելու ձևեր գտնել», – պատում է Մարիամը։
Վիճակագրություն
Ըստ ոստիկանության տվյալների՝ այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանում ընտանեկան բռնության 364 դեպք է գրանցվել, դրանցից 2–ը՝ կնասպանության ելքով։ 2020 թ․ ընթացքում ոստիկանությունը 444 դեպք է գրանցել ընտանեկան բռնության վերաբերյալ, ևս 834 ահազանգով իրականացրել է միայն նախազգուշացում, բռնարարը որևէ պատասխանատվության չի ենթարկվել։
Այս տարի գրանցված ընտանեկան բռնության դեպքերից 87-ի հիման վրա քրեական գործեր են հարուցվել։ Դրանց ավելի քան 80 %–ի դեպքում բռնության ենթարկվողները կանայք են եղել։ 244 դեպքում բռնարարը ամուսինն է եղել։
Կնասպանության դեպքերից բացի գրանցվել են նաև ծնողների կողմից երեխաների և երեխաների կողմից ծնողների սպանության դեպքեր։ Այս մասին առանձնացված վիճակագրությունը կներկայացվի հաջորդ տարեսկզբին։
2010 թ․–ից մինչ օրս Հայաստանում ավելի քան 80 կին սպանվել է ամուսնու կամ նախկին զուգընկերոջ կողմից։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այս տարի ընտանեկան բռնության վերաբերյալ 4000 ահազանգ է ստացել։ Անցյալ տարի դրանք ամենաշատն են եղել՝ 11 տարիների ընթացքում, ավելի քան 13․000 զանգ։ Ըստ մասնագետների՝ սրա հիմնական պատճառը Covid 19 համաճարակն ու դրանով պայմանավորված սահմանափակումներն են եղել։
«Պաշտպանությունը ստեղծվել է կնոջ կողմից՝ կանանց համար»
Safe YOU-ն Հայաստանում ստեղծված միակ թվային լուծումն է, որը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի թվային համագործակցության քարտեզի համապատասխան ճանաչվել է «Թվային հանրային բարիք» (Digital public good)։
Այս կոչմանն արժանացնելու համար հաշվի են առնվում մի շարք տեխնիկական չափորոշիչներ, ինչպես նաև՝ համակարգի թափանցիկությունն ու անձնական տվյալների պաշտպանվածությունը։ Այս դեպքում հաշվի է առնվել նաև հավելվածի սոցիալական բնույթը և այն, որ հավելվածը ստեղծվել է «կնոջ կողմից՝ կանանց համար»։
Այս ճանաչումը բազմաթիվ դռներ է բացում հավելվածի հեղինակների համար, ոչ միայն միջազգային համագործակցության, այլև զարգացման հնարավորությունների իմաստով։
«Երկար ու համառ պայքարից հետո մենք կարողացանք համաձայնության գալ App store-ի և Google Play–ի հետ, որպեսզի նրանք թույլ տան օգտատիրոջը ցանկության դեպքում փոխել հավելվածի տարբերանշանը, եթե, օրինակ, բռնարարը վերահսկում է նրա հեռախոսը։
Սա կնոջը թույլ է տալիս ունենալ երկու գաղտնաբառ։ Այն դեպքում, երբ բռնարարի մոտ կասկած է առաջանում և նա ստիպում է կնոջը ցույց տալ հեռախոսը, կինը մուտքագրում է այն գաղտնաբառը, որի դեպքում Safe YOU–ն ներկայանում է որպես ցանկացած այլ հավելված՝ օրինակ՝ նկարներների թղթապանակ կամ օրացույց», – բացատրում է Մարիամ Թորոսյանը։
Բացի այդ, նախագծի հեղինակներին հրավիրել են մասնակցելու Google for startups ծրագրին, ինչը հավելվածի զարգացման համար բացառիկ հնարավորություններ է ստեղծում։
Հավելվածի նկատմամբ հետաքրքրությունն աշխարհում ավելանում է։ Այն արդեն իսկ թարգմանվել է արաբերեն և քրդերենի երկու բարբառներով, ընթացքի մեջ են ռուսերեն և ֆրանսերեն թարգմանությունները։
«Մեր նոր ձեռքբերումներից է այն, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանի և Իրաքի գրասենյակների հետ համատեղ, հավելվածը ներդրել ենք նաև Իրաքում, ինչը շատ մեծ առաջընթաց է մեզ համար, քանի որ հավելվածը կգործի նաև արաբերենով: Արդեն իսկ բանակցում ենք ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Սիրիայի գրասենյակի հետ, և շատ հնարավոր է, որ հաջորդ երկիրը, որտեղ կներդրվի մեր հավելվածը, հենց Սիրիան կլինի։
Այս պահին հետաքրքրություն կա Մարոկկոյի, Ռուանդայի, Զիմբաբվեի կողմից, ինչպես նաև՝ Դանիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի։ Բանակցություններ են ընթանում նաև մի քանի ամերիկյան համալսարանների հետ, որոնք ցանկանում են հավելվածը գործարկել ուսանողների անվտանգությունն ապահովելու համար», — ասում է Մարիամը:
Ամիսներ առաջ հեղինակավոր Forbs ամսագիրն անդրադարձավ հավելվածի շնորհիվ փրկված կնոջ և նրա երեխայի պատմությանը։ Մարիամը հույս ունի, որ նրանք միակը չեն լինի, որ կփրկվեն Safe YOU–ի օգնությամբ։
ՄԱԿ–ի տվյալներով՝ ամեն երրորդ կինն աշխարհում կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ բռնության է ենթարկվում։