Ryanair-ի հետ՝ դեպի Եվրոպա․ առաջին եվրոպական լոուքոսթերը մտնում է հայկական շուկա
Իռլանդական Ryanair լոուքոսթեր ավիաընկերությունը հայտարարել է հայկական շուկայում իր աշխատանքի մեկնարկի մասին։ Առաջին ուղիղ չվերթները Երևանից դեպի Հռոմ և Միլան այս բյուջետային ավիաընկերությունը կսկսի 2020թ-ի հունվարից, հայտարարել է Ryanair-ի կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ՛Բրայընը Երևանում հոկտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսին։
Օ՛Բրայընի խոսքով՝ լոուքոսթերը պատրաստվում է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը, սակայն ընկերությանը հաստատ չեն հետաքրքրում ռուսական ուղղությունները։
• Ռուսական լոուքոսթերը վերադառնում է հայկական «Շիրակ» օդանավակայան։ Թարմացում
• Ապագայի բազում գրավիչ նախագծեր, քիչ լավ բան՝ ներկայում․ Հայաստանի քաղավիացիայի մասին
Աշխարհագրությունն ու թռիչքների գները
Իտալական քաղաքներից բացի, 2020թ-ի ամռանը Երևանից բյուջետային գներով կարելի կլինի նաև Բեռլին թռչել։
Բացի այդ, Օ՛Բրայընի խոսքով, դեպի Եվրոպա այժմ կարելի կլինի թռչել ոչ միայն մայրաքաղաքի օդանավակայանից, այլև Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիից։
Ավիաընկերության կոմերցիոն տնօրենն անդրադարձել է նաև թռիչքների գնային քաղաքականությանը։
«Բոլոր նախատեսվող ուղղություններով տոմսերի արժեքը բավականին հասանելի կլինի, միջինում՝ 35 եվրո»։
JAMnews-ը գների համեմատության համար փորձել է այժմ առցանց տոմս ձեռք բերել Երևան-Հռոմ ուղղությամբ հոկտեմբերի 24-ի համար։ Մեկ ուղևորի համար մեկ ուղղությամբ տոմսը տվյալ պահին արժե շուրջ $280։
Օ՛Բրայընն ընդգծել է, որ թռիչքների աշխարհագրությունը մշտապես ընդլայնվելու է, ակայն Ryanair-ը Ռուսաստան չի թռչելու։
Նոր ուղղությունները կազատվեն «օդի հարկից»
Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հաղորդել է, որ որոշում է կայացվել նոր ուղղություններն ազատել «օդի հարկից»։
Այն «Պետական տուրքի մասին օրենք» է ներմուծվել Հայաստանի կառավարության կողմից 2008թ-ի վերջին։
Եվ այն ժամանակից ի վեր Հայաստանից մեկնող ուղևորներն «օդի հարկ» են մուծում 10 հազար դրամի։ Գումարը ներառվում է բոլորի տոմսերի արժեքում, բացառությամբ․
• մինչև 12 տարեկան երեխաների;
• տարանցիկ ուղևորների;
• Երկրորդ աշխարհամարտի մասնակիցների, հաշմանդամների և վետերանների, դրանում զոհվածների այրիների;
• Հայաստանի ազգային հերոսների և Խորհրդային Միության հերոսների։
Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը կարծում է, որ այդ հարկի ներմուծումը սխալ որոշում է եղել և խանգարում է հայկական շուկայում նոր ավիաընկերությունների հայտնվելուն․
«Կարծում եմ, որ Հայաստանում ավիատոմսերի բարձր արժեքը հաշվի առնելով, անհրաժեշտ է առավելագույնս նվազեցնել սպասարկման և հարկերի գները, մասնավորապես, բացառել այդ հարկը»։
Սակայն այս պահին, Տաթևիկ Ռևազյանի խոսքով, «օդի հարկից» ազատվում են հենց այս ուղղություններն, այլ ոչ թե որևէ ավիաընկերություն։
Այդ ընթացքում ռուսական «Պոբեդա» լոուքոսթերը բարձրացնում է գները
2016թ-ի դեկտեմբերից մինչև այսօր Հայաստանում աշխատում էր միայն ռուսական «Պոբեդա» լոուքոսթերը։
Եվ այժմ ընկերությունը հայտարարել է, որ 40%-ով բարձրացնելու է արտասահմանյան օդանավակայաններից դեպի Ռուսաստան չվերթների գները։ «Պոբեդայի» ներկայացուցիչ Ելենա Սելիվանովան պարզաբանել է , որ նախորդ ձմռանը ավիափոխադրողի միջազգային չվերթների մեկ ուղղությամբ տոմսի միջին գինը կազմում էր 4500 ռուբլի (շուրջ 33 հազար դրամ, կամ 62 եվրո)։ Այժմ այդ գումարին կավելանա ևս 25 եվրո։
Այս թանկացումն, ըստ Սելիվանովայի, կապված է Մոսկվայի քաղաքային դատարանի որոշման հետ, որն ավիաընկերությանն արգելել է ուղևորներից 25 եվրոյի չափով վճար գանձել օդանավակայանի գրանցասեղանի մոտ։
«Ռուսաստանում գրանցասեղանի մոտ ռեգիստրացիան առանձին ծառայություն չէ, և դրա համար վճարը ներառված է ընդհանուր օդանավակայանային վճարների և տոմսերի արժեքների մեջ։ Սակայն արտասահմանյան օդանավակայաններում այդ վճարները տարանջատված են, և ուղևորներն այստեղ գրանցվելու համար ավիաընկերությանն առանձին են վճարում», — մեկնաբանել է ռուսական լոուքոսթերի ներկայացուցիչը։
Գները կբարձրանան արդեն հոկտեմբերի 28-ից։