Իրական Ադրբեջան
Ավտոբուսներն իրենց օրենքներն ունեն, իրենց ավանդույթներն ու «բաժանումը կաստաների»: Եթե Բաքվին եք նայում «Քերօղլու-Բուզովնա» երթուղով ավտոբուսի պատուհանից, ձեր պատկերացումը քաղաքի մասին սեփական մեքենա վարողի պատկերացումից շատ կտարբերվի:
Կանոններ
Ավտոբուսներն աշխատում են առավոտյան 6-ից մինչև երեկոյան 11:30: Ուղեվարձն արժե 20 կոպեկ, ինչը մոտ 10 ցենտ է: Բաքվի կենտրոնից դեպի ավաններ ծայրամասային «երկար» երթուղիները 40-50 կոպեկ (մոտ 30 ցենտ) արժեն, իսկ էքսպրեսն օդանավակայանից արժե 1,3 մանաթ (0,70 դոլար):
Մինչև 7 տարեկան երեխաները կարող են անվճար երթևեկել, սակայն ստվարաթղթի վրա ձեռքով գրված տեղեկատվությունը հաճախ այլ կերպ է ձևակերպած. «Յոթ տարեկանից բարձր երեխաների համար պետք է վճարել»:
Բաքվում երթևեկության համար վճարելու երկու եղանակ կա. BakuBus նոր ավտոբուսներում (դեռևս միայն 11 երթուղի կա)՝ հատուկ պլաստիկ քարտով, մնացածներում՝ կանխիկ, անմիջապես վարորդին: «Հին» ավտոբուսներում հաճախ ոչ ոք չի ստուգում, թե ով է վճարել, ով՝ ոչ, սակայն բոլորը մեկ մարդու պես 20 կոպեկ են փոխանցում: Երբեմն զբոսաշրջիկները զարմանում են վերահսկողության բացակայության վրա. այնպես չէ, որ մերոնք համատարած այդպես ազնիվ են, պարզապես ընդունված չէ չվճարել երթևեկության համար, ոչ ոքի մտքով անգամ չի անցնի:
BakuBus
BakuBus-ը հստակ կանոնների աշխարհ է: Գեղեցիկ կարմիր ավտոբուսներում չի կարելի վիճել վարորդի հետ, արևածաղկի սերմեր ուտել, իջնել, որտեղ ուզես, և դուռը թակել: Ներս մտնել կարելի է միայն առջևի դռնից, դուրս գալ՝ միայն մյուս երկու դռներով, իջնել՝ միայն կանգառում: Այդ պատճառով էլ մարդիկ կան, որոնք սկզբունքորեն չեն օգտվում դրանցից:
Արդյո՞ք BakuBus ավտոբուսները ծայրամասեր կգնան: Եթե այո, ապա վարորդների համար դժվար կլինի, քանի որ նույնիսկ կենտրոնում մարդկանց դժվար էր սովորեցնել, որ ավտոբուսը չի կարելի կանգնեցնել երթուղու ցանկացած հատվածում և որ դռնով է պետք մտնել և դուրս գալ ավտոբուսից: Դեռևս մի քանի ամիս առաջ կարելի էր լսել, թե ինչպես է վարորդը դաստիարակում ուղևորներին. «Առաջացեք, մի հավաքվեք դիմացը, ետևում տեղ կա: Ի՞նչ եք այստեղ կանգնել, կարծես, ավտոբուսի մյուս ծայրում անձրև է գալիս: Միևնույնն է՝ ետևի դռնից եք իջնելու»:
Էլ ինչ խոսենք պահպանողական գյուղացիների մասին:
Իսկ ինձ չե՞ն տրորի
Ամենազբաղված ժամն աշխատանքային ժամից առաջ է լինում՝ առավոտյան 8-10-ը, հետո ցերեկը մոտավորապես ժամը երկուսին, երբ երեխաներին դպրոցներից վերցնում են ծնողները, իսկ ուսանողները բուհերից տուն են գնում, և երեկոյան 6-ից հետո:
Ադրբեջանական մտածողությունը երկու պարադոքսալ գիծ է համատեղում: Մի կողմից, ավտոբուսում չեք ընկնի, քանի որ բոլորը պատրաստ են ձեզ բռնել, հաշմանդամներին տեղ են զիջում և համբերատար օգնում են աստիճաններով բարձրանալ, տարեցներին, որպես կանոն, սիրալիր տեղ են տալիս: Մյուս կողմից, այդ «բարեկամական» հարաբերությունը հակառակ կողմ էլ ունի. ոչ ոք ներողություն չի խնդրում, եթե հրում է ձեզ, և լեփ-լեցուն ավտոբուսում ակամա բավականին մոտ հարաբերությունների մեջ ես լինում շրջապատի բոլոր մարդկանց հետ:
«Կանանց հարցը»
Ի՞նչ շանսեր կան, որ կանանց Բաքվի ավտոբուսում «ձեռք կգցեն»: Այդ հարցին յուրաքանչյուր կին պատասխանում է՝ իր փորձից ելնելով: Ճշգրիտ վիճակագրության բացակայության պայմաններում նշենք, որ այդպիսի բաներ լինում են: Եվ բավականին հաճախ:
Բացի այդ, հետաքրքիր տարանջատում կա՝ կանանց և տղամարդկանց համար նստատեղեր կան ավտոբուսներում: Դրա վերջին մեկ երրորդ մասն «ավանդաբար» տղամարդկանց համար է, հատկապես՝ ավաններում: Կանանց համար ամոթ է այդ նստարաններին նստել: Եվ կրկին պետք է նշել, որ նման բան ոչ ամենուր և ոչ միշտ կա, սակայն տենդենցը կա և այն կենսակայուն է:
Մի անգամ disput.az-ի ֆորումում սաբիրաբադցի մեկը (շրջան Ադրբեջանի հարավ-արևելքում) բարոյականության անկման անգամ այսպիսի օրինակ բերեց. «Նախկինում մեր գյուղի ավտոբուսում կանայք առանձին էին նստում, տղամարդիկ՝ առանձին: Իսկ հիմա՞: Տղաներն աղջիկներին գրկում են և նայում են խանդաղատանքով: Այս ի՜նչ ժամանակներ են»:
***
Բոլոր նրանց, ովքեր սիրում են հարմարավետ փաբում մեկ գավաթ ներկրված գարեջրի շուրջ ժողովրդի սպասումների մասին խոսել, խորհուրդ եմ տալիս ժամանակ առ ժամանակ ամենագնացն ավտոտնակում թողնել և ավտոբուս նստել: Դա ձեզ մոտ հետաքրքիր մտքեր կառաջացնի: Դուք կտեսնեք, թե ինչ տարբերություն կա կենտրոնի և ծայրամասերի միջև: Թե ինչպես են հագնված մարդիկ, քանի կին է ստիպված ծանր պայուսակ քարշ տալ:
Մուշտակներով պճնամոլների և ծծկեր երեխաներով մայրերի կհանդիպեք, կտեսնեք, թե ինչպես են ուսանողները սեսիան քննարկում և ինստիտուտի մասին չմտածող երիտասարդները հատակին թքում: Կտեսնեք հենց այն մարդկանց, որոնք միջին աշխատավարձ և կենսաթոշակ են ստանում:
Հենց նրանք են իսկական Ադրբեջանը: