Pandora Papers․ հայտնիների և հարուստների մասին, որոնք փող են գողացել և օրենք խախտել։ Հակիրճ
Ադրբեջանի նախագահն ու մյուսները՝ PandoraPapers-ի հետաքննության կենտրոնում
«Պանդորայի փաստաթղթերը» (Pandora Papers) համաշխարհային խոշորագույն հետաքննություններից մեկն են, որոնք հրապարակվել են 2021 թ․ հոկտեմբերի 3-ին։ Դա ավելի քան 12 միլիոն փաստաթղթերի և ֆայլերի գաղտնազերծում է, որոնք բացահայտում են գաղտնի հարստության, հարկերից խուսափելու, իսկ որոշ դեպքերում՝ համաշխարհային առաջնորդների, քաղաքական գործիչների և միլիարդատերերի կողմից փողերի լվացման որոշ դեպքեր։
Տվյալները ստացել է Վաշինգտոնի Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ), որը Կոլումբիայի շրջանում է։ Ավելի քան 140 մեդիակազմակերպություն, 600 լրագրող 117 երկրից կարողացել են բացահայտել աշխարհի ամենաազդեցիկ անձանցից ոմանց գաղտնի ունեցվածքը։
Pandora Papers-ի փաստաթղթերի քանակը հասնում է 6,4 միլիոնի, գրեթե երեք միլիոն լուսանկար, ավելի քան մեկ միլիոն էլեկտրոնային նամակ և գրեթե կես միլիոն էլեկտրոնային աղյուսակ կա։
Ի՞նչ է հայտնաբերվել
Ֆայլերը բացահայտում են, թե ինչպես են աշխարհի ամենաազդեցիկ անձանցից ոմանք, այդ թվում՝ 90 երկրների ավելի քան 330 քաղաքական գործիչներ, օգտագործում գաղտնի օֆշորային ընկերություններ՝ իրենց հարստությունը թաքցնելու համար։
Global Financial Integrity ամերիկյան վերլուծական կենտրոնի աշխատակից Լաքշմի Կումարը պարզաբանել է, որ այդ անձինք «կարող են գումարները փոխանցել, տեղափոխել և թաքցնել» հաճախ անանուն ընկերությունների օգնությամբ։
Ներկա պահին բացահայտված պատմությունները վերաբերում են․
● Ադրբեջանի իշխող ընտանիքի մասնակցությանը Մեծ Բրիտանիայում ավելի քան 400 մլն ֆունտ ստեռլինգ [մոտ $543 մլն] ընդհանուր արժողությամբ անշարժ գույքի գործարքների մեջ։
● Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերուհուն, ենթադրաբար, նրա երրորդ դստեր մորը՝ Սվետլանա Կրիվոնոգիխին։ Հայտնաբերվել է նրա բնակարանը Մոնակոյում՝ 3,6 մլն եվրո արժողությամբ։
● Ռուսական «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստին։ Բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորի միջոցով նա իրականացրել է Ռուսաստանում խորհրդային հին կինոթատրոնների ապամոնտաժումն ու վերակառուցումը՝ առևտրի կենտրոն դարձնելու նպատակով։
● Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և «Թաղամաս 95» ընկերության նրա գործընկերներին։ Նրանք օֆշորային ընկերությունների ցանց ունեն, որոնք գրանցված են Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Կիպրոսում և Բելիզում։ Այդ ընկերությունների գումարները ներդրվել են Լոնդոնում էլիտար անշարժ գույքի մեջ։ 2019 թ․ ընտրություններից առաջ Զելենսկին այդ օֆշորներում իր մասնաբաժինը փոխանցել է Սերգեյ Շեֆիրին, որն այժմ զբաղեցնում է նրա առաջին օգնականի պաշտոնը։ Սակայն լրագրողները պնդում են, որ այդ օֆշորներից ստացվող եկամուտը մինչ օրս ստանում է Զելենսկու կինը։
● Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին, որն այս շաբաթ մասնակցում է ընտրություններին և չի կարողացել բացատրել օֆշորային ներդրումային ընկերության առկայությունը, որն օգտագործվել է Ֆրանսիայի հարավում 12 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ [մոտ $16.2 մլն] երկու ամառանոցների գնման համար։
● Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերին ու նրա կնոջը, որոնք տնտեսել են 312 հազար ֆունտ ստեռլինգ գերբային հարկի հաշվին, երբ գնել են Լոնդոնի իրենց գրասենյակը [մոտ $423 հազար]։
● Հորդանանի թագավորին, որը 70 մլն ֆունտ ստեռլինգ է ծախսել Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում անշարժ գույքի վրա՝ իրեն պատկանող գաղտնի ընկերությունների միջոցով [մոտ $95 մլն]։
Ի՞նչ է «օֆշորը»
Օրինակ՝ մեկը կարող է անշարժ գույք ունենալ Մեծ Բրիտանիայում, սակայն սեփականությունը ձևակերպել այլ երկրներում տեղակայված ընկերությունների՝ «օֆշորների» ցանցի միջոցով, որտեղ 1) հեշտ է ընկերություններ ստեղծելը, 2) օրենքներ կան, որոնք դժվարացնում են ընկերությունների սեփականատերերի նույնականացումը, 3) շահութահարկը ցածր է կամ բացակայում է։ Այդ վայրերից ամենահայտնիները բրիտանական անդրծովյան տարածքներն են, օրինակ՝ Կայմանյան և Բրիտանական Վիրջինյան կղզիները, ինչպես նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Շվեյցարիան և Սինգապուրը։
Պետք է միայն մի բան անել՝ կեղծ ընկերություն ստեղծել գաղտնիության բարձր մակարդակ ունեցող երկրներում։ Այն գոյություն է ունենալու միայն ձևական, առանց աշխատակիցների կամ գրասենյակի։ Մասնագիտացված ընկերություններին վճարում են, որպեսզի նրանք այդ ամենն անեն հաճախորդի համար։ Այդ ընկերությունները տրամադրում են աշխատավարձ ստացող տնօրենների հասցեներ և անուններ՝ հետքեր չթողնելով այն մասին, թե ով է կանգնած բիզնեսի հետևում։
Քաղաքական գործիչներին բազմիցս են կոչ արել բարդացնել հարկերից խուսափելն ու ակտիվներ թաքցնելը, հատկապես՝ նախորդ բացահայտումներից՝ Պանամյան փաստաթղթերից հետո։ Սակայն Պանդորայի փաստաթղթերը ցույց են տալիս, որ «մարդիկ, որոնք կարող են վերջ տալ օֆշորային գաղտնիությանը․․․ նույնպես շահ են հետապնդում։ Այնպես որ, դա դադարեցնելու շարժառիթ նրանք չունեն»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա ընտանիքը
2009 թ․ ապրիլի 29-ին Լոնդոնի Մեյֆեր հարուստ թաղամասի մի շարք խանութների և գրասենյակների վարձակալները մի օր զարթնել են և իմացել, որ շենքի նոր տերը 11-ամյա մի տղա է՝ Հեյդար Ալիև անունով։
Այդ երեխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին է։ Նրա ունեցվածքի ընդհանուր արժեքը կազմում է 33,5 մլն ֆունտ [մոտ $45.5 մլն]։
Սակայն սա հայտնի է դարձել միայն վերջերս։ Թղթի վրա սեփականատերը Mallnick Holdings S.A. ընկերությունն էր, որը ստեղծվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում։
Գործարքների ամենամեծ ծավալը՝ ավելի քան 3,75 մլն ֆունտը [մոտ $5.1 մլն], ստացվում է Trident Trust Group ընկերությունից, որն օֆշորային գոտիներում աշխատում է 1970-ականների վերջից։
Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Trident-ը Բրիտանական Վիրջինյան կղզիներում Ալիևի և նրա շրջապատի համար հիմնել է 84 ընկերություն, որոնք ունեն ավելի քան կես միլիարդ դոլարի անբացատրելի ունեցվածք։
Այդ թվում՝ փողերը ստացվել են ռուսական լանդրոմատներից և փողերի լվացման երկու բազմամիլիարդանոց սխեմաներից, որոնք առաջին անգամ բացահայտել է OCCRP-ը։ Ընկերություններն օգտագործվել են նաև Ադրբեջանում բիզնեսում գաղտնի ներդրումներ անելու համար։
«Հայտնիները, քաղաքական գործիչների ընտանիքները, բոլորը ներգրավված են»
Վերջին բացահայտումները ցույց են տալիս, որ օֆշորային փրովայդերներն իսկապես գլոբալ և փոխկապակցված ճյուղ են կազմում, ասել է Tax Justice Network-ի ավագ գիտաշխատող Ռեյչել Էթեր-Ֆոյան։
«Հայտնիները, քաղաքական գործիչների ընտանիքները, բոլորը ներգրավված են։ Նրանք բոլորն էլ օգտվում են ծառայությունների միևնույն մատակարարների օգնությունից», — ասում է Էթեր-Ֆոյան։ «Ծառայությունների մատակարարները միասին են աշխատում […], և հաճախորդները միմյանց խորհուրդ են տալիս նրանց»։
«Սա «գլոբալիզացիայի մութ կողմն է», OCCRP-ին ասել է «Moneyland․ ինչո՞ւ են գողերն ու խարդախներն այժմ կառավարում աշխարհը, և ինչպես դա շտկել» գրքի հեղինակ Օլիվեր Բուլլոուն։
Կորպորատիվ հարկի նվազեցումը կարող է վնաս հասցնել զարգացած երկրների բյուջեներին։ Սակայն առավելագույն վնասը հասցվել է ամենաաղքատ երկրներին։ Որոշակի գումարի դիմաց օֆշորային փրովայդերները կարող են օգնել այնտեղ ստեղծել բարդ գլոբալ կառույցներ և օգտագործել տեղի քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին և գործարարներին՝ հսկայական գումարներն արտասահման տեղափոխելու համար։
«Դա նույնն է, ինչ վագրին բաց թողնես կղզի, որը լի է չթռչող թռչուններով», — ասում է Բուլլոուն։
Տրիլիոնավոր դոլարներ, հիմնականում՝ խոշոր կորպորացիաների եկամուտներից, թաքցված են օֆշորային հարկային ապաստարաններում։
Ամեն տարի միայն հարկերից խուսափումն աշխարհի ամենաաղքատ երկրների վրա նստում է տարեկան 200 մլրդ դոլար՝ շատ ավելին, քան նրանք ստանում են որպես զարգացման նպատակով ստացվող օգնություն։
ԱՄՆ-ն՝ որպես օֆշորային նոր կենտրոն
Տվյալները նաև հետաքրքիր մանրամասներ են պարունակում մեկ այլ միտման մասին․ աճում է ԱՄՆ-ի դերը՝ որպես օֆշորային հանգրվանի։
Համաշխարային բանկային համակարգում ԱՄՆ-ի կենտրոնական դերի պատճառով երկիրը բացառիկ վիճակում է, որը թույլ է տալիս ենթարկեցնել գաղտնի օֆշորային ֆինանսավորումը։ Եվ վերջին տարիներին ԱՄՆ տասնյակից ավելի նահանգներում օրենսդիրները քվեարկել են ֆինանսական գաղտնիքի իրենց ինդուստրիայի ընդլայնման օգտին։
Pandora Papers-ում մանրամասն տեղեկություններ կան ավելի քան 200 թրաստերի մասին, որոնք ստեղծվել են ԱՄՆ-ում վերջին տարիներին։ Տասնյակ դեպքերում հաճախորդները հրաժարվել են ավանդական ապաստարաններից՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներից և Բահամներից, հօգուտ ԱՄՆ-ի։