Նինո Խաժոմիա
Նինո Խաժոմիա, 40 տարեկան, Թբիլիսի
«Կենսաբանական տվյալների համաձայն, ես չէի կարող երեխա ունենալ: Եթե բժշկության զարգացումը չլիներ, ես երբեք երեխա չէի ունենա: Սաբան, որն արդեն 13 տարեկան է, իմ ու ամուսնուս գենետիկական երեխան է, որը ծնվել է In vitro-ի շնորհիվ: Ես միշտ կարծել եմ, որ հրաշք կլինի, եթե Սաբան հայտնվի: Եկեղեցին արդեն վաղուց է սովորեցրել, որ առաջատար գաղափարներին դեմ է, և ի թիվս այլ հարցերի, արգելում է նաև In vitro բեղմնավորումը: Ընդ որում, տարիներ անց, ես վիճեցի մի քահանայի հետ: Նա ասաց, որ ես նզովքի եմ արժանի, քանի որ Բարձրյալի կամքին հակառակվել եմ և արհեստական ճանապարհով երեխա եմ ունեցել: Ես բավականին կոպիտ պատասխանեցի. եթե Բարձրյալը ցանկանար, որ ես առանց զավակ մնայի, In vitro-ն արդյունք չէր տա, այնպես որ, գնա ու տատիկիդ նզովիր:
Սաբան բարեհաջող ծնվեց, չնայած որ հղիության ողջ ընթացքում վտանգ կար, որ ոչինչ չի ստացվի: Այդ ամբողջ ժամանակահատվածում ինձ չէր լքում այն միտքը, որ անպայման պետք է երկրորդ երեխային ունենալ, որդեգրել…
Այդ որոշումն իր հիմքն ուներ:
Մի քանի տասնամյակ առաջ «60 րոպե» հաղորդման ժամանակ ես լրագրողական հետաքննություն եմ անցկացրել Կոջորի մանկատանը, որտեղ դաժանաբար էին վերաբերում 3-ամյա երեխային: Մեկ կադր եմ հիշում. 3-ամյա մանչուկը քնելուց առաջ հագուստն ու կոշիկները դրել էր բարձի տակ, որ չխլեն, որ հաջորդ օրը մերկ չմնա: Դա ցնցող տեսարան էր, ես այն երբեք չեմ մոռանա: Հենց այն ժամանակ առաջին անգամ մտածեցի, որ որքան էլ երեխա ունենամ, մեկին, միևնույնն է, որդեգրելու եմ և նրա համար նորմալ ընտանեկան կյանք եմ ապահովելու: Եվ երբ Սաբան մեկուկես տարեկան էր, ես սկսեցի երազանքս իրականացնել. ես ու ամուսինս նորածին երեխա որդեգրել ցանկացողների ցուցակին հերթագրվեցինք…
Մեր ծնողներն այդ որոշման վերաբերյալ մեծ ագրեսիվություն ցուցաբերեցին: Չնայած որ մայրս հավատացյալ է՝ նա ամեն կերպ փորձում էր ինձ համոզել, որ սխալ եմ գործում: Ասում էր, որ դա «ամոթ» է, որ ժառանգականությունը մեծ նշանակություն ունի, և հետո պարզ չէ, թե ինչպիսին կլինի որդեգրած երեխան, երբ մեծանա: Ես ոչ ոքի չէի լսում:
Հավանաբար, շատերը չգիտեն, որ Վրաստանում երեխա կարելի է որդեգրել երկու ճանապարհով. ապօրինի և օրինական: Առաջինն այն է, որ ի սկզբանե հղի կին է ընտրվում, որը չի ցանկանում հղիությունն ընդհատել կամ չի հասցրել անել դա թույլատրված ժամանակահատվածում: Այդ կնոջը որոշակի գումար են վճարում, և երեխան ծննդատնից միանգամից ընտանիքում է հայտնվում: Նման բան հեշտ է անել շրջաններում: Արժեքը 2-5 հազար դոլար է: Սակայն դեպքեր են եղել նաև, երբ ծննդկանին 10 հազար դոլար են վճարել:
Սակայն մենք ի սկզբանե օրինական ճանապարհն ընտրեցինք: Պաշտոնապես ձևակերպեցինք որդեգրման հայտը: Հատուկ ձևաթղթում կարելի է որդեգրման հիմնական պայմանները նշել, օրինակ, մաշկի, մազերի, աչքերի գույնը, ազգային կամ կրոնական պատկանելիությունը, երեխայի ֆիզիկական տվյալները և այլն: Գործընթացն արագացնելու համար մենք ոչ մի պայման չգրանցեցինք, ցանկացած երեխայի համար ուրախ կլինեինք: Այնուամենայնիվ, ստիպված էինք 10 տարի սպասել:
Հայտի ձևակերպումից 4 տարի անց ես զանգահարեցի գործակալություն, և ինձ ասացին, որ հերթում 662-րդն եմ: Տարրական մաթեմատիկական հաշվարկը ցույց տվեց, որ երեխային կորդեգրեմ, երբ 70-80 տարեկան լինեմ: Այստեղ, իհարկե, օրենսդրական բացերի հետ գործ ունենք:
Վրաստանում հոգատարությունից զրկված երեխաները քիչ չեն, սակայն որդեգրման ցուցակներ նրանց չեն ներառում, եթե գոնե կես տարին մեկ մանկատանը նրանց ինչ-որ մեկն այցելում է: Դա կարող են հեռավոր հարազատներ լինել, որոնց երեխան կարող է նույնիսկ նորմալ չճանաչել: Օրենսդրական նման «կետի» պատճառով երեխան մանկատանը կարող է մնալ մինչև չափահաս տարիքը: Նա համարվում է «սեփական ընտանիք պոտենցիալ վերադարձող»: Այդ պատճառով էլ երեխա որդեգրելը շատ երկար գործընթաց է:
Մենք 10 տարի սպասել ենք, մինչև եկել է 2013թ-ի դեկտեմբերի 28-ը. մեզ այդ օրը զանգահարեցին և ասացին, որ «հարմար» երեխա կա, նրան կարելի է տեսնել Ռուսթավիում, նրան ընդունած ընտանիքում, նա 9 ամսական է: Սկզբում թվաց, թե ինչ-որ մեկը կատակ է անում, ամանորյա կատակ է, ասենք, «Քոմեդի-շոուի» տղաների կողմից: Իմ հաշվարկով, հերթն այդքան արագ չէր կարող առաջ գնալ: Ավելի ուշ իմացա, որ Նիկոլոզը բոլորի կողմից լքված երեխա է եղել…
Որոշեցի հենց հաջորդ օրը գնալ-տեսնել երեխային: Սաբան այն ժամանակ 11 տարեկան էր: Ամբողջ գիշեր աչք չկպցրի: Դա իմ կյանքի ամենաճգնաժամային գիշերն էր: Հանկարծակի ամեն ինչից վախեցա: Վախեցա, որ ինչ-որ պահի կարող է սկսեմ Սաբային ավելի շատ ուշադրություն դարձնել, և Նիկոլոզը երկրորդ պլանում կհայտնվի, որ կարող եմ միանգամից չհասկանալ, որ սխալ եմ գործում… Այդ գիշեր պայքարի մեջ անցկացրի, որն ավարտվեց Նիկոլոզի հաղթանակով: Ես որոշում կայացրի:
Մեր առաջին հանդիպումն ամրապնդեց սեփական իրավացիության զգացումս: Հենց տեսա վերմակով փաթաթված փոքրիկին, միանգամից զգացի, որ նա հենց այն երեխան է, որին 10 տարի սպասել եմ:
Սակայն դեռ բյուրոկրատական ընթացակարգեր էին առջևում՝ դատարան, ռեեստր, սոցաշխատակիցների հետ հանդիպումներ: Առանց այդ ամենի երեխային հնարավոր չէ վերցնել: Դրա վրա ևս երկու ամիս ծախսվեց:
Այդ ընթացքում պարբերաբար մտածում էի Նիկոլոզի կենսաբանական մոր մասին: Որոշակի համերաշխություն էի զգում նրա հանդեպ: Միգուցե նա կարիքի մե՞ջ է եղել, միգուցե տարրական հացի փող չի՞ ունեցել, և այդ պայմաններում պետք է երեխա մեծացներ և ստիպված է եղել հրաժարվել նրանից: Եվ ես որոշեցի գտնել նրան և խոսել որպես կինը կնոջ հետ, և եթե նա ասեր, որ ուզում է վերադարձնել երեխային, կվերադարձնեի և ամեն ամիս նյութապես կօգնեի նրան: Սկսեցի փնտրել, հասա շրջան, գյուղ, որտեղ նա ապրում էր: Միակ բանը, որ ինձ ետ պահեց, այն գիտակցումն էր, որ այդ կինը ոչ մի օր չի պայքարել իր երեխայի համար: Նա Նիկային ծննդատանն է թողել, փախչել է այնտեղից…
2014թ-ի փետրվարի 28-ին Նիկան «մտավ» մեր տուն, և նույն գիշեր մենք առաջին անգամ քնեցինք գրկախառնված:
Իմ վախերը, թե կենսաբանական երեխայիս ավելի մեծ ուշադրություն եմ դարձնելու, անհիմն էին: Ոչ մի նշանակություն չունի՝ կենսաբանական երեխա ունենալ, կրել նրան, թե որդեգրել: Գլխավորն այն սերն ու հոգատարությունն է, որով վերաբերում ես երեխային: Եվ ես հաճախ չէի էլ հիշում, որ Նիկան գենետիկորեն իմ երեխան չէ, ներքուստ ես տարբերություն չեմ դնում Նիկայի և Սաբայի միջև:
Ես կարծում եմ, որ ծնողները սխալներ են գործում, երբ որդեգրած երեխայից թաքցնում են, որ նա որդեգրած է: Կարծում եմ, որ ծնողներն այդպես են վարվում եսասիրական նպատակներից ելնելով: Երեխան անպայման պետք է իմանա ճշմարտությունն իր կենսաբանական ծնողների մասին: Երբ Նիկան համապատասխան տարիքի հասնի, երբ ի վիճակի լինի գիտակցել կամ ինքը ցանկանա իմանալ, անպայման կպատմեմ նրան, թե ով է նրա մայրը: Այժմ Նիկան 4 տարեկան է, սակայն արդեն ինչ-որ «նախապատրաստական երկխոսություններ» անցկացրել եմ: Օրինակ, երբեմն հարցնում է. «Մայրի՛կ, ես քո կաթը կերե՞լ եմ»: Պատասխանում եմ. «Ոչ, որդի՛ս: Երբ դու մեր տուն եկար, արդեն մեծ էիր և սովորական սնունդ էիր ուտում»: Նիկան հարցնում է. «Իսկ որտե՞ղ էի ես մինչ այդ»: Պատասխանում եմ. «Մի լավ ընտանիքում, որը քեզ մի քանի ամիս պահել է, իսկ հետո մենք քեզ մեր տուն ենք բերել»:
Այն բանից հետո, երբ Նիկոլոզը մեր ընտանիքում հայտնվեց, մենք երկու ծնդդյան օր ենք նշում. փետրվարի 28-ը, երբ նա մեր տուն եկավ, և մարտի 13-ը՝ նրա իսկական ծննդյան օրը: Կարծում եմ՝ ապագայում դա նրան կօգնի անցավ գիտակցել կատարվածը, իսկ մեզ համար հեշտ կլինի պատասխանել նրա հարցերին, եթե դրանք առաջանան:
Ես բացարձակ համաձայն չեմ այն կարծրատիպի հետ, երբ ասում են, որ երեխան չպետք է իմանա, որ որդեգրված է, որ դա սթրես կառաջացնի: Կարծում եմ, նրա մոտ սթրես կառաջանա այն ժամանակ, երբ նա ճշմարտությունն իմանա այսպես կոչված «բարին ցանկացողներից»: Նա անպայման քեզ կմեղադրի, որ ստի մեջ է մեծացել:
Ես հաճախ եմ մտածում՝ արդյո՞ք չեմ խանդի Նիկային իր կենսաբանական մորը, եթե նա ցանկանա ծանոթանալ կամ նրա հետ ապրել: Այդպիսի պահերին հարցը հետևյալ կերպ եմ ձևակերպում. եթե մենք՝ ծնողներս, երեխա ենք ուզում ոչ թե նրա համար, որ ծերության ժամանակ կարողանանք մեկին հենվել, ապա որևէ հիմք այդպիսի խանդի համար չի կարող լինել:
* * *
«Վրաստանի կանայք» սոցիալական նախագիծն իրականացվում է «Կնոջ ձայնը» կանանց նախաձեռնող խմբի կողմից (հեղինակներ՝ Մայիկո Չիտայա, Իդա Բախտուրիձե, Նինո Գամիսոնիա):
Լուսանկարները՝ Նինա Բայիդաուրիի, Սալոմե Ցոպուրաշվիլիի: Նախագիծն իրականացվում է Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի աջակցությամբ և Զարգացման շվեդական գործակալության ֆինանսական օգնությամբ: #ქალებისაქართველოდან