Նիկա Մուսավի, Բաքու
Կանանց բնորոշ է թանկարժեք զգեստ գնել, սակայն հետո երբեք չհագնել: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ ադրբեջանցի կանայք, որոնք մուսուլմանական Արևելքում առաջինն են ընտրելու հնարավորություն ստացել, հետագայում դրանից ոչ մի անգամ չեն օգտվել: Եվ ընդհանրապես Ադրբեջանում կանանց իրավունքների հետ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում: Ըստ սահմանադրության՝ նրանք իհարկե բացարձակապես տղամարդկանց հավասար իրավունքներ ունեն: Իսկ իրականում սահմանափակումների չգրված ցանկ կա, որի երկարությունն ու բազմազանությունը տատանվում է՝ կախված սոցիալական շերտերից: «Տղամարդկանց մասնագիտություններին» վրա դրված վետոյից մինչև տնից առանց ուղեկցության դուրս գալու արգելք: Կոնսերվատիվ հասարակություն է, ինչ արած:
Ավելի ճիշտ, ինչ-որ բան հնարավոր է անել: Ի վերջո, նախորդ դարի սկզբում, երբ իրավիճակը շատ ավելի ողբերգական էր, ադրբեջանցի կանանց հաջողվեց անգամ չադրայից ազատվել: Այն նույն չադրայից, ի դեպ, որն այժմ կրկին սկսում են կրել՝ ինքնակամ: Սակայն այժմ խոսքն այդ մասին չէ: Այն ժամանակ՝ 100 տարի առաջ, կանանց Ադրբեջանում լիարժեք մարդ ճանաչեցին: Պաշտոնական մակարդակով: Իսկ ոչ պաշտոնական մակարդակում նրանց առջև մինչ այժմ ոչ թե կենաց, այլ մահու պայքարի լայն դաշտ է ծավալվում:
Այսպիսով, չնվաճած բարձունքներն ու հարմարավետ խրամատներն ադրբեջանցի ամազոնուհիներին են սպասում, որոնք պատրաստ են սեքսիզմի դեմ վերջին մարտին, հատկապես, որ դա ողջ աշխարհում այդքան նորաձև է: Դրա հետ մեկտեղ ֆեմինիզմն էլ է թրենդային: Ժամանակն է օգտվելու իրավիճակից, ինչպես դա ժամանակին արել են նախատատերը: Սակայն չեն օգտվում: Եվ չեն էլ օգտվի: Եվ ոչ մի լուրջ փոփոխություն սեռերի միջև հավասարության առումով Ադրբեջանին չի սպառնում:
Գոնե միայն այն պատճառով, որ կանանց մի տեսակին դա պարզապես պետք չէ: Նրանք հաճույքով տնային տնտեսուհի են դառնում, ամբողջությամբ իրենց նվիրում են ընտանիքին, լսում ամուսնուն, շաբաթը երեք անգամ գեղեցկության սրահ են գնում և Ֆեյսբուքում նկարներ են տեղադրում «Ես աղջիկ եմ, ես ոչինչ չեմ ուզում որոշել, ես զգեստ եմ ուզում» սերիայից:
Միևնույն ժամանակ կանանց մյուս տեսակը պայքարի մեջ է մտնում, կենցաղային բռնության հերթական դեպքերն է մերկացնում, վերականգնողական կենտրոններ է բացում, սոցիալական ակցիաներ է անցկացնում և անօգուտ փորձում է իր ձայնը լսելի դարձնել առաջին տեսակի կանանց. «Հե՜յ, ընկերուհի՛, սա 21-րդ դարն է»:
Երրորդ տեսակը ոչ մի կերպ չի կարող որոշել, արդյոք ուզում է այդքան հավասար իրավունքներ ունենալ, որպեսզի վճարի սեփական հաշիվը սրճարանում, ինքն իր համար դուռը բացի և ոչ մի գենդերային արդարացում և ներողամտություն չլինի սխալվելու, վեճերի, էմոցիոնալ վիճակի համար և այլն: Այդ կանանց տեսանկյունից, տղամարդկանց հետ հավասարությունը լավ է, սակայն չափավոր:
Չորրորդ տեսակը, որը բազմաթիվ հոգեբանների, էզոթերիկների և շամանների գրքեր է կարդացել, երևակայում է, որ կինը գրեթե աստվածուհի է և համապատասխան վերաբերմունք է պահանջում իր հանդեպ: Ինչն ինքնըստինքյան բացառում է հավասարությունը: Հատկապես, որ Աֆրոդիտային պաշտում էին, սակայն ոչ ոք նրա կարծիքը չէր հարցնում Հունաստանը կառավարելու հարցում:
Եվ վերջապես հինգերորդ տեսակը, որն ընդհանրապես չգիտի (կամ չի ուզում իմանալ) այնպիսի երևույթի գոյության մասին, ինչպիսին է սեռերի հավասարությունը, սեփական կարծիք ունենալու կանանց իրավունքը և այլն: Որովհետև մայրաքաղաքից հեռու են մեծացել, պահպանողական մթնոլորտում, գրեթե ամբողջական տեղեկատվական մեկուսացման մեջ, նրանք տղամարդուն լիակատար հնազանդությունը որպես նորմա են ընդունում, և բողոքի միակ հասանելի ձևը նրանց համար թերևս սիրելիի հետ տնից փախչելն է:
Եվ քանի որ միասնությունը ցանկացած պայքարի հաջողության գլխավոր գրավականներից մեկն է, ապա սեռերի իսկական հավասարություն Ադրբեջանում մոտ ապագայում չի սպասվում: Եվ դեռ փաստ չէ, որ մեր նախատատերն այդքան մոլեռանդ ցանկանում էին ձեռք բերել այդ ընտրական իրավունքը: Միգուցե նրանք պարզապես անհարմար են զգացել հրաժարվել «նվերից»:
Հրապարակվել է 04.11.2016