NASA-ն Երկրի նման ևս 7 մոլորակ է հայտնաբերել
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հայտարարել է, որ Արեգակնային համակարգից 40 լույսային տարի հեռավորության վրա 7 նոր մոլորակ է հայտնաբերել, որոնք իրենց չափսերով նման են Երկրին:
Մոլորակները հայտնաբերվել են TRAPPIST-1 կարմիր գաճաճի ուղեծրում: Նրանք բոլորը չափսերով համեմատելի են Երկրի հետ: Իսկ 3 մոլորակ պտտվում է TRAPPIST-1-ի այսպես կոչված «բնակելի» գոտում, և տեսականորեն դրանց վրա կարող է կյանք լինել, հաղորդում է Բի-Բի-Սի-ն:
«Եկրորդ Երկրի հայտնագործումը «եթե»-ի հարց չէ, այլ «երբ»-ի», — Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՆԱՍԱ-ի գիտական առաքելություններին տնօրենության ղեկավարի տեղակալ Թոմաս Ցուրբյուխենը:
Ինչպես պատմել են աստղագետները, այդ էկզոմոլորակները հաջողվել է հայտնագործել «Սպիտցեր» տիեզերական աստղադիտակի միջոցով: Այդ բացահայտումը նրանք ամենակարևորն են համարում նրանից, ինչ հաջողվել է անել այդ աստղադիտակի միջոցով:
Ի՞նչ են էկզոմոլորակները
Էկզոմոլորակը Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակ է: Առաջին այդպիսի մոլորակը հայտնաբերվել է 1992թ-ին: Իրականում էկզոմոլորակը գրեթե երբեք չի երևում աստղադիտակով, դրանք հայտնաբերում են աստղերի ճառագայթման և շարժման մեջ նկատված ամենաչնչին փոփոխությունների միջոցով, որոնք առաջանում են նրանց շուրջ պտտվող մոլորակներից: Մոլորակների զանգվածն ու չափսերն իմանում են ճշգրիտ հաշվարկների միջոցով: Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ, բացահայտված մոլորակների թիվն աճում է: Այդ գործում իսկական առաջխաղացումը կապված է երկրի ուղեծիր թողնված «Քեփլեր» հզորագույն տիեզերաական աստղադիտակի հետ: Նրա միջոցով հազարից ավել էկզոմոլորակների գոյություն է հաստատվել: Իսկ ընդհանուր աստղագետներն արդեն մոտ 3500 այդպիսի մոլորակ են հայտնաբերել:
Արդյո՞ք Երկրի «երկվորյակներ» կան
Գիտնականների առանձնահատուկ ուշադրությանն են արժանի այսպես կոչված «կենսական գոտում» գտնվող էկզոմոլորակները. այսինքն դրանց վրա ջերմաստիճանը պետք է հեղուկ տեսքով ջրի առկայություն թույլ տա: Բացի այդ, մոլորակը պետք է մթնոլորտ պահպանելու համար բավականաչափ զանգված, ինչպես նաև պինդ մակերևույթ ունենա: Առաջին անգամ Երկրի պես մոլորակի՝ «Երկիր 2.0»-ի հայտնագործման մասին ՆԱՍԱ-ի գիտնականները հայտարարել են 2015թ-ի հուլիսին: Խոսքը գնում Kepler 452b մոլորակի մասին, որը Երկրից 1400 լույսային տարի հեռավորության վրա է: Այն կարող է մթնոլորտ ունենալ, իսկ մակերևույթին հնարավոր է հեղուկ ջրի առկայություն, մոլորակի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 1.5 մասը: 2016թ-ի օգոստոսին հայտնի է դարձել ևս մեկ սենսացիոն հայտնագործության մասին. Երկրի պես մոլորակ է հայտնաբերվել փաստացի մեր հարևանությամբ: Խոսքը գնում է Արեգակնային համակարգին ամենամոտ կարմիր գաճաճ Պրոքսիմա Ցենտավրա աստղի մասին, որը երկրի տիպի մոլորակ ունի: Դրա հեռավորությունն «ընդամենը» 4.2 լույսային տարի է: Ընդհանուր առմամբ աստղագետներն արդեն տասնյակ էկզոմոլորակներ են հայտնաբերել, որոնց վրա կյանք կարող է լինել: Սակայն պետք է նշել, որ Տիեզերքում ինչ-որ տեղ կյանքի գոյության մասին ուղղակի ապացույցներ գիտնականները դեռևս չունեն: