Վրացիներ, ինգուշներ և օսեր, և ոչ մի խնդիր չկա
Հյուսիսային Օսիայի Բալտա գյուղում կողք կողքի երեք ազգային խմբեր են ապրում՝ վրացիները, ինգուշներն ու օսերը: Նրանց երեխաները մի դպրոցում են սովորում, մի մանկապարտեզ են հաճախում: Իսկ մեծերը միասին են աշխատում և օգնում են միմյանց, ինչպես դա ընդունված է գյուղերում:
Այդ համադրությունը՝ վրացիներ, ինգուշներ և օսեր, սովորաբար ազգային-տարածքային կոնֆլիկտների ասոցիացիա են առաջացնում՝ 1990-ականների, 2008-ի վրաց-օսական, օս-ինգուշական, 1990-ականների Պրիգորոդնի շրջանի շուրջ:
Այնուամենայնիվ, այս գյուղում երբեք ոչ մի էթնիկական կոնֆլիկտ չի եղել: Հարևանների միջև վեճեր իհարկե լինում են: Սակայն երբեք՝ ազգային հողի վրա: Եվ գյուղացիները միաձայն պնդում են, որ անգամ 1990-ականներին, երբ ողջ Կովկասը կրակի մեջ էր, այստեղ ոչ մի կրակոց չի հնչել:
Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում: Պատմությունը հենց այդ մասին է:
Դարիալի դարպասներ
Բալտա գյուղը տեղակայված է ռազմական վրացական ճանապարհին, Դարիալի կիրճի հենց մուտքին՝ Հյուսիսային Օսիայի, Ինգուշեթիայի և Վրաստանի սահմանին: Ճանապարհի մի կողմից Թերեք գետն է հոսում, մյուս կողմից, գյուղացիների տներն են դեպի լեռը բարձրանում:
Տարածքային առումով դա Հյուսիսային Օսիա է՝ Վլադիկավկազից 8կմ հեռավորության վրա: Սակայն եթե կիրճն անցնում ես դեպի արևելյան կողմ, մի քանի կիլոմետրից Ինգուշեթիայի Ջեյրախի շրջանում ես հայտնվում: Իսկ եթե շարժվես ռազմական վրացական ճանապարհով դեպի հարավ, ապա 15 րոպե անց Վրաստանի սահմանին կհայտնվես:
Գյուղի ներքին հատվածում գտնվող խանութը հենց ճանապարհին է: Ժպտերես վաճառողուհի Սաբինա Պլիևան հրավիրում է խանութի օժանդակ տարածք, որտեղ նրա սկեսուրն ու խանութի տերը՝ Դարիկո Տինիկաշվիլին եղունգների լաքն է թարմացնում:
Կանայք միմյանց ընդհատելով պատմում են հաղորդակցության խնդիրների, մայթերի բացակայության և այլ բարդությունների մասին:
«Մեզ ազգությունների հարցը չի հետաքրքրում ոչ մի առումով: Մեզ հուզում են ջրի, տրանսպորտի և լույսի խնդիրները: Հարսս՝ Պլիևան, օս է, ես՝ վրացի: Եվ ի՞նչ», — ասում է Դարիկոն:
2010թ-ի համառուսական մարդահամարի արդյունքներով, Բալտայում գրեթե հազար մարդ է ապրում: Կեսից ավելին վրացիներ են, ավելի շատ գյուղի վերին հատվածում են ապրում: Գյուղի մոտավորապես մեկ քառորդը ինգուշներ են, մոտ 15%-ը՝ օսեր:
Խառը արյուն
Երբ խոսում ես Դաթո Կուձիևի հետ, ակցենտ ես լսում, միանգամից մտածում ես, որ ինգուշ է:
«Մայրս վրացի է, հայրս՝ օս, շատ ինգուշ ընկերներ ունեմ: Լինում է, որ օս հարևաններիս հետ օսերեն եմ խոսում, իսկ նրանք ինձ վրացերենով են պատասխանում: Եվ ընդհակառակը: 2008թ-ի պատերազմից հետո ինչ-որ լարվածություն կար, իշխանության ներկայացուցիչներ եկան մեզ մոտ, ժողով անցկացրին: Սակայն այստեղ առանց այդ էլ չէինք պատրաստվում կոնֆլիկտ ստեղծել: Մենք բոլորս համերաշխ ենք ապրում»:
Երիտասարդը քչերից մեկն է, որ այստեղ՝ տանը, գյուղատնտեսությամբ է զբաղվում: Գյուղի երիտասարդությունը հիմնականում աշխատանքի է գնում Վլադիկավկազ:
Բալտայի բնակչությունը ձևավորվել է մեծ մասամբ խորհրդային տարիներին՝ 1960-1970-ականներին: Շատերն այն ժամանակ Բալտա տեղափոխվեցին Վրաստանի Հարավօսական ինքնավար շրջանի Լենինգորի մարզում և սկսեցին այստեղ կոլտնտեսությունում աշխատել: Եվ նրանց երեխաները, թոռներն ու ծոռները մնացին այստեղ ապրելու:
Ծերերն ասացին. «Ինչպես ապրել ենք, այնպես էլ ապրելու ենք»
Էթերի տատիկն էլ է Բալտա տեղափոխվել Լենինգորի շրջանից և ողջ կյանքն այստեղ է ապրել: Հարևանները հաճախ հավաքվում են նրա տան ծածկի տակ, սեղան են գցում, ով ինչ ունի, և հաճույքով եկվորներին տնական պանիր և լոլիկ են հյուրասիրում:
Կիսառուսերեն-կիսավրացերեն խոսելով՝ Էթերին պատմում է. «Այստեղ խառն ընտանիքները շատ են: Միմյանց օգնում ենք: Այստեղ ապրում են ոչ միայն վրացիներ, օսեր, ինգուշներ, այլ նաև հայեր և ռուսներ: Ի՞նչ պատերազմ: Մենք կիսելու բան չունենք: Սակայն, օրինակ, 1992թ-ին ինգուշները հանկարծակի լքեցին գյուղը, վախենում էին ամեն դեպքում: Սակայն հետո բացարձակ բոլորը վերադարձան իրենց տներ»:
Հին ՈւԱԶ-ով ևս մեկ հարևան է գալիս՝ Մուրատ Ռամոնովը: Մինչ նրա 12-ամյա տղան մեքենան է կայանում, Մուրատը ծխում է և խոսակցությունն է լսում:
«Ոչ մի կոնֆլիկտ այստեղ երբևէ չի եղել, դա միանշանակ: Նույնիսկ 1990-ականներին, երբ ինգուշների հետ դեպքեր եղան, մեզ մոտ ոչինչ չկար: Որովհետև նրանց ծերերը եկան մեր ծերերի մոտ և ասացին. «Ինչպես ապրել ենք, այնպես էլ ապրելու ենք»»:
Սև գլխաշորով հարևաններից մեկը, ներողություն խնդրելով, սեղանից վեր է կենում և գնում տուն: Էթերին շշնջալով հետո պատմում է. «Նրա երկու տղաները ավտովթարի հետևանքով մահացել են, մի տարի էլ չի անցել: Այնքան լավ տղաներ էին, սակայն երիտասարդությունն այստեղ ի՞նչ ունի անելու: Զբաղվելու բան չկա, այդ պատճառով էլ վատ պատմությունների մեջ են ընկնում»:
Բալեր, կամ Բոլտա անունով մարդը
Աշխարհագրական անվանումները Կովկասի այլ մասերում վիրտուալ և իրական պատերազմների առիթ են: Գյուղում Բալտա անվանումը բնակիչների մոտ որևէ տարաձայնություն չի առաջացնում և բոլոր լեզուներով նույն կերպ է հնչում:
Ճիշտ է, բառի ծագումը տարբեր մեկնաբանություններ ունի:
«Կովկասի տեղանունների բառարանը» պնդում է, որ «Բալտա» բառի հիմքում օսերեն «բալ»՝ բառն է, իսկ «տա» վերջածանցը հոգնակի թիվն է ցույց տալիս, այսինքն՝ «Բալտա» նշանակում է «բալեր», — թեյի սեղանի շուրջ քննարկում են հարևանները:
Տեղացի ինգուշ Մագոմեդ Ցիցկիևն այլ վարկած ունի: Ասում է, որ անվանումն առաջացել է գյուղի հիմնադրի՝ նրա հեռավոր բարեկամ Բոլտա Ցիցկիևի անունից:
«Սա իմ տունն է», — ասում է Մագոմեդն ու մատնացույց անում իր առանձնատունը: «Սա էլ իմ օս հարևանն է», — ասում է նա՝ ցույց տալով հանդիպակաց մայթի գեղեցիկ տունը:
«Մենք միասին ենք աշխատում և շատ համերաշխ ենք ապրում: Մեզ միայն տարբեր գերեզմանոցներում են հուղարկավորում՝ մուսուլմանական և քրիստոնեական»:
- Օս-ինգուշական կոնֆլիկտը Հյուսիսային Օսիայի (ՌԴ) Պրիգորոդնի շրջանում ազգային-քաղաքական կոնֆլիկտ է: Այն զինված բախումների է հանգեցրել 1992թ-ի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը, և երկու կողմերն էլ բազմաթիվ զոհեր են տվել:
- Վրաց-օսական կոնֆլիկտը էթնոքաղաքական կոնֆլիկտ է 1991-1992թթ-ին Վրաստանի կենտրոնական ղեկավարության և նրա այն ժամանակվա ինքնավար Հարավօսական շրջանի միջև, որը միակողմանի հայտարարել էր Հարավային Օսիայի Հանրապետության ստեղծման մասին:
- 2008թ-ին օգոստոսին չկարգավորված վրաց-օսական կոնֆլիկտը վերաճեց հնգօրյա ռազմական բախման, ընդ որում, Հարավային Օսիային աջակցեց ռուսական բանակը: Աշխարհի երիկրների մեծ մասն այդ տարածքը Վրաստանինն է համարում:
- Վերջին 25 տարվա ընթացքում Հյուսիսային Օսիայի էթնիկ կազմը փոփոխություններ է կրել: Խորհրդային տարիների վերջին մարդահամարի տվյալներով՝ հանրապետութունում վրացիները 12 հազարից ավել էին, 2010-ին երեք ազարով պակաս էին: Այդ ընթացքում 13,5%-ով պակասել է նաև ինգուշ բնակչությունը. Պրիգորոդնի շրջանում զինված կոնֆլիկտի արդյունքում ինգուշ բնակչության մի փոքր հատված լքեց Հյուսիսային Օսիան: Չնայած վերջին տարիներին նրանցից շատերը վերադարձել են իրենց տներ: