«Դրական ազդակ ներդրողների համար»․ հայ տնտեսագետը՝ «Moody’s» վարկանիշի մասին
«Moody’s»-ը՝ Հայաստանի տնտեսության մասին
«Moody’s» հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»: Արձանագրել է՝ Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային ցուցանիշները զգալիորեն բարելավվել են, ռիսկերը՝ հավասարակշռվել։
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի խոսքով՝ Հայաստանին տրված վարկանիշն արտացոլում է իրավիճակը, բացի այդ՝ դրական ազդակ է հանդիսանում ներդրողների համար։ Մյուս կողմից նկատում է՝ ներդրումային նախագծերի դեպքում կարիք կա հավասարակշռել ինչպես ֆինանսական, այնպես էլ ռազմաքաղաքական ռիսկերը։ Հիշեցնում է Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի օրինակը, որը շարունակում է կառուցվել «ադրբեջանցիների կրակահերթերի ներքո»։
Ինչ արձանագրումներ է արել գործակալությունը, նաև փորձագիտական կարծիք
«Կապիտալի և աշխատուժի ներհոսքի աճով է պայմանավորված»
Վարկանիշային գործակալությունն այս արձանագրումն է արել՝ անդրադառնալով նախորդ տարի Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային ցուցանիշների բարելավմանը։ «Moody’s»-ն ակնկալում է, որ նշված աճը կպահպանվի։
Ֆինանսների նախարարության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ գործակալությունը նաև Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումներ է արել․
«Առաջիկա մի քանի տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական աճը կշարունակի կայուն մնալ: Մասնավորապես, 2023 թ. համար կանխատեսվում է շուրջ 7% տնտեսական աճ, իսկ 2024թ. համար՝ 5-6%»։
Նշվում է նաև, որ երկրի հարկաբյուջետային ցուցանիշները կշարունակեն կայունանալ, իսկ պարտքի բեռը կգտնվի «նախահամավարակային շրջանից ավելի ցածր մակարդակում»։
Փորձագիտական կարծիք
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն ասում է՝ վարկանիշային գործակալության գնահատականները համապատասխանում են այն զարգացումներին, որոնք վերջին ամիսներին տեղի են ունեցել Հայաստանի տնտեսության մեջ։
«Այն գործոնները, որոնք նպաստել են տնտեսական աճին, պայմանավորված են խոշորածավալ ներդրումներով ու կապիտալի ներհոսքով։ Ինչ խոսք, բարելավվել է նաև հարկաբյուջետային իրավիճակը՝ և՛ մուտքերի, և՛ ծախսերի համահարթեցման առումով»,- նկատել է նա։
«Արմենպրեսի» հետ զրույցում Մարգարյանը շեշտել է՝ դրական միտումներն առկա են ինչպես մակրոտնտեսական, այնպես էլ արտաքին տնտեսական հարաբերությունների հատվածում։ Ըստ նրա՝ արտահանումների կառուցվածքի և բովանդակության վրա ազդել է «դրամի բավականաչափ մեծ արժևորումը», մեծ դեր է խաղացել նաև «վերարտահանումների գործոնը»։ Այս ամենը հաշվի առնելով տնտեսագետը իրատեսական է համարում 2023 թ․-ի համար նախանշված 7% տնտեսական աճը։
Առկա միտումները դրական է որակել և հավելել, որ պետական պարտքի բեռի նվազմանը նպաստել են ֆինանսական հատվածում տեղի ունեցող գործընթացները։ Միևնույնն ժամանակ ընդգծել է՝ պահուստների ավելացման ու պետական պարտքի կառուցվածքային փոփոխության ֆոնին կան նաև «անհանգստացնող հանգամանքներ»։
«Բյուջետային բարելավումների և դեֆիցիտի ֆինանսավորման համար նախատեսված ներքին աղբյուրների չարաշահման պայմաններում նվազում է մասնավոր սեկտորը։ Կապիտալը որոշակիորեն մղվում է դեպի գանձապետական պարտատոմսերի շուկա, որտեղ դրանք գրավիչ են ու վստահելի, մինչդեռ տնտեսության իրական սեկտորում դեռ առկա են որոշ խնդիրներ»,- ամփոփել է Մարգարյանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
«Moody’s»-ը՝ Հայաստանի տնտեսության մասին