Ղարաբաղյան մատրիցա - 2016
Ղարաբաղյան հակամարտության հետաքրքրված կողմերի հիմնական շարժառիթների վերլուծություն Շահին Ռզաևից:
Երբ ինձ հարց են տալիս՝ արդյո՞ք 2017թ-ին ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթաց կգրանցվի, ես հիշում եմ հորեղբորս տղային, որը ֆուտբոլային կանխատեսումների անգերազանցելի վարպետ է. «Նեֆթչին» կամ կհաղթի, կամ կպարտվի, ծայյրահեղ դեպքում ոչ-ոքի կխաղա: Պետք է խոստովանեմ, որ, ի տարբերություն նրա, ես՝ բոլորովին անպետք կանխատեսողս, անզգուշություն էի ունեցել ենթադրելու, որ սպրիլյան սրացումից հետո Ղարաբաղի շուրջ բանակցությունները կարող են շարժվել մեռյալ կետից, և այնպիսի ծիծաղելի փաստարկ էի բերել, թե «Լավրովը խաղասեղանին իր պատիվն է դրել»: Դե ինչ, այժմ մենք գոնե գիտենք, թե ինչ արժե Լավրովի պատիվը:
«Ղարաբաղի վերաբերյալ Լավրովի տխրահռչակ պլանի» ձախողումից հետո անցած 2016 թվականն այլ կարևոր փոփոխություններ նույնպես մտցրեց հակամարտության մասնակիցների ստատուս քվոյում: Դրանցից ամենակարևորները հետևյալ երկուսը դարձան.
1. Ցրվեց այն միֆը, թե «ԼՂՀ բանակը Հարավային Կովկասի ամենաուժեղ բանակն է»: Ապրիլյան մարտական օրերը ցույց տվեցին, որ ժամանակակից պայմաններում ոչ մի դժվարություն չի ներկայացնում պաշտպանության խորապես շարանված գիծը ճեղքել: Կորուստները մեծ էին, և հայկական կողմի համար դա տագնապի բավականին լուրջ ազդակ էր:
2. Հակամարտության թեժ կետերի աշխարհագրությունը տարածվեց նաև դեպի Ադրբեջանի և Հայաստանի պետական սահման: Դեկտեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի Տավուշի մարզի Չինարի բնակավայրի մոտակայքում բախում տեղի ունեցավ: Կողմերը միմյանց մեղադրեցին սադրանքների համար: Արդյունքում՝ հայկական կողմը հայտարարեց 3, իսկ ադրբեջանականը՝ 1 զինծառայողի կորստի մասին, որի մարմինը հայկական կողմը մինչև հիմա հրաժարվում է վերադարձնել: Սահմանային միջադեպեր նախկինում էլ էին լինում, սակայն այնպիսին, ինչպիսին դեկտեմբերին էր, դեռ չէր եղել:
3. Եվ պայմանականորեն այստեղ կարելի է երրորդ կետն ավելացնել. կարծես թե երկու կողմերը հոգնել են բանակցություններից: Նախագահների և անգամ արտգործնախարարների սպասված հանդիպումը 2016թ-ի վերջում Համբուրգում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովին չկայացավ:
Նախքան դատողություններ անելը, թե արդյոք արժե ինչ-որ լուրջ փոփոխությունների սպասել 2017թ-ին, պետք է մտածել, թվում է, ամենահասարակ հարցի շուրջ. ո՞ւմ և ինչո՞ւ է անհրաժեշտ ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Եվ արդյո՞ք ընդհանրապես պետք է:
Ես հասկանում եմ, որ քաղաքականությունում հնարավոր չէ մաթեմատիկական մոդելավորման մեթոդներ կիրառել, սակայն ես տեխնիկական կրթություն ունեմ, և ուզում են ինչ-որ «մատրիցա» գծեմ խնդրի ողջ բարդությունն ու դրա լուծման ուղիներն իմաստավորելու համար: «Մատրիցան» երկչափ է լինելու, տողերը հակամարտությունում և այժմ քննարկվող «մադրիդյան սկզբունքների» հիման վրա դրա լուծմամբ շահագրգռված (կամ չշահագրգռված) կողմերն են: Սյունակները հնարավոր դիվիդենդներն ու կորուստներն են, «կողմ» կամ «դեմ» փաստարկները յուրաքանչյուր շահագրգռված կողմի համար:
Ահա իմ կարծիքով հակամարտության և դրա լուծման շահագրգռված կողմերի ամենակարճ ցուցակը.
Ադրբեջանի իշխանություններ, Հայաստանի իշխանություններ և նրանցից կախված Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ, Ադրբեջանի հասարակություն, Հայաստանի հասարակություն, Ռուսաստան, ԱՄՆ, Եվրամիություն, Թուրքիա, Իրան:
Փորձենք գնահատել յուրաքանչյուր կողմի շահագրգռվածությունը: Տողերի կարգն, իհարկե, պայմանական է, կախված չէ կարևորությունից: Եվ հիշեցնեմ, որ խոսքը գնում է նորացված մադրիդյան սկզբունքների պայմաններով համաձայնության մասին, այսինքն՝ ծայրահեղ տարբերակները (Ղարաբաղի հայերի տեղահանում կամ ԼՂՀ անկախության ճանաչում) չեն դիտարկի:
Ադրբեջանի իշխանություններ
Դրական կողմերը.
- Պատմության էջերին հայտնվել որպես ազատագրող և հաղթող և, հնարավոր է, խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ;
- ԼՂ ներկայումս օկուպացված տարածքների ռեսուրսների հասանելիություն: Այստեղ և բնական, և տնտեսական, և վարչական ռեսուրսներ կան (քանի նոր պաշտոն և հնարավորություններ);
- Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ապաշրջափակում, երկաթուղու, հնարավոր է, Զանգեզուրով անցնող ավտոմայրուղու գործարկում:
Բացասական կողմերը.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջանկյալ կարգավիճակ (արդեն առանց չակերտների), դամոկլյան սրի պես կախված հանրաքվե վերջնական կարգավիճակը որոշելու համար, ինչը հավասար է ԼՂ անջատմանը;
- «գլխացավանք» ԼՂ միջանկյալ կարգավիճակի ժամանակ: Ղարաբաղի հայերի բոլոր իրավունքների պահպանման երաշխիքներ;
- սեփական տարածք խաղաղապահների անվան տակ արտասահմանյան զորքերի մուտքի թույլտվություն:
Շահագրգռվածությունը՝ միջինից ցածր:
Հայաստանի իշխանություններն ու նրանցից կախված Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները
Դրական կողմերը.
- ԼՂ կարգավիճակը՝ հետագա հանրաքվեով հենց այն դե ֆակտո «միացումն» է, որի պատճառով ամեն ինչ սկսվեց;
- ԼՂ-ն Հայաստանին կապող ցամաքային միջանցք;
- Նախիջևանի տարածքով երկաթուղու բացում, երկաթուղային կապ Ռուսաստանի հետ;
- տարանցիկ նախագծերին հնարավոր մասնակցությունը որպես Վրաստանի այլընտրանք;
- Թուրքիայի հետ ցամաքային սահմանների բացում, տնտեսական կապերի ստեղծում;
- դատարկ օկուպացված տարածքների և դրանք պահպանող բանակի պահպանման համար ծախսերի կրճատում;
- խաղաղապահների նույն դափնիները և հնարավոր խաղաղության Նոբելյան մրցանակ:
Բացասական կողմերը.
- «Ազգային շահերի դավաճանի» անխուսափելի խարանը և վարկանիշի անկումը, ինչպես 1997թ-ին;
- ԼՂ շուրջ մարտավարական դիրքերի կորուստ, այնուամենայնիվ քաղաքականությունը փոփոխական է լինում, երաշխիքները կարող են չգործել, ինչպես Երկրորդ աշխարհամարտից առաջ դաշնակիցների երաշխիքները;
- ժողովրդագրական գործոնը: ԼՂ բնակչության էթնիկ կազմը կփոխվի բռնի տեղահանվածների վերադարձից հետո:
Շահագրգռվածությունը՝ միջինից բարձր:
Ադրբեջանի հանրությունը
Դրական կողմերը.
- փախստականներն ու բռնի տեղահանվածներն իրավունք են ստանում վերադառնալ հայրենի վայրեր՝ համապաասխան երաշխիքով և փոխհատուցմամբ;
- նոր աշխատատեղեր ազատագրված տարածքների վերականգնման նախագծերում;
- հայրենասիրական տրամադրությունների վերելք, խմբակային էքսկուրսիաներ Ղարաբաղ, սելֆի Շուշիի բերդի ֆոնին և այլն;
- ավելի հարմար կլինի Նախիջևան գնալը;
- գերբնակեցված Ապշերոնյան թերակղզու մասնակի թեթևացում:
Բացասական կողմերը.
- անխուսափելի խախտումներ փախստականների և բռնի տեղահանվածների տեղափոխության ժամանակ;
- արդեն հաստատված կապերի, աշխատանքի, կենսակերպի կորուստ, անխուսափելի սթրես;
- հոգեբանական խնդիրներ երեկվա հարևանների հետ, որոնք սկսել են արդեն որպես թշնամիներ ընկալվել:
Շահագրգռվածությունն՝ այնուամենայնիվ միջինից բարձր:
Հայաստանի հանրությունը
Դրական կողմերը.
- Փախստականներն ու բռնի տեղահանվածներն իրավունք են ստանում վերադառնալ հայրենի վայրեր՝ համապատասխան երաշխիքներով ու փոխհատուցմամբ (հատկապես դա վերաբերում է Բաքվի հայերին, որոնք իրավունք են ունենալու ապրելու Կովկասի խոշորագույն քաղաքում, այն դեպքում, որ ադրբեջանցիների մեծ մասը Հայաստանում ապրել է հիմնականում գյուղական բնակավայրերում);
- տնտեսական դիվիդենդներ սահմանների բացումից, Թուրքիայի և Ադրբեջանի հետ տրանսպորտային և էներգետիկ հաղորդակցությունների վերականգնումից;
- բարեկեցության աճ որպես տնտեսական աճի հետևանք էներգետիկ և տարանցիկ նախագծերին Հայաստանի միանալուց հետո:
Բացասական կողմեր.
- Ադրբեջանական հանրության համար թվարկված բոլոր բացասական կողմերն արդիական են նաև հայկական հանրության համար:
Շահագրգռվածությունը՝ միջինից բարձր:
Ավելորդ կլինի երկու հասարակությունների համար դրական կողմերի թվին ավելացնել այն փաստը, որ համաձայնագրի ստորագրումից հետո մարդիկ կդադարեն մահանալ, իսկ սահմանամերձ գյուղերի բնակիչները կաշխատեն առանց գնդակի զոհ դառնալու ամենօրյա վախի: Դա ինքնին ենթադրվում է:
Ռուսաստան
Դրական կողմերը.
- Իր զորքերը տարածաշրջան մտցնելու հնարավորություն (խաղաղապահների անվան տակ) և նրանց ներկայության ամրապնդում, ինչպես Վրաստանի կոնֆլիկտային գոտիներում;
- Տարածաշրջանում առաջատարի դերի ամրապնդում և Ադրբեջանի ներառում եվրասիական նախագծերում;
- Երկաթուղային հաղորդակցության վերականգնում ՀԱՊԿ և Մաքսային միության իր դաշնակից Հայաստանի հետ՝ շրջանցելով ոչ բարեկամ Վրաստանը;
- մերձավորարևելյան տարածաշրջանում վերահսկողության ուժեղացում:
Բացասական կողմերը.
- Հակամարտող կողմերի կառավարությունների վրա ճնշման լծակների թուլացում:
Շահագրգռվածությունը՝ միջին:
ԱՄՆ և Եվրամիություն
Դրական կողմերը.
- Տարածաշրջանում ընդհանուր լարվածության թուլացում, այլընտրանքային էներգետիկ նախագծերի հետ կապված ռիսկերի նվազեցում;
- հետխորհրդային տարածքում հակամարտությունների լուծման նախադեպի ստեղծում և այդ նախադեպի հետագա հնարավոր օգտագործում այլ հակամարտող տարածաշրջանների համար (բնականաբար սեփական ակտիվ մասնակցությամբ);
- թեժ հակամարտությամբ մանիպուլյացիայի ճանապարհով Ռուսաստանի ազդեցության թուլացում տարածաշրջանում:
Բացասական կողմերը.
- Տարածքների վերականգնման և խաղաղապահ ուժերի պահպանման խախագծերի ապահովման հիմնական ծախսերն, ամենայն հավանականությամբ, կրելու են արևմտյան երկրները:
- Ադրբեջանի հնարավոր կորուստ, որը, հիասթափվելով Արևմուտքից, ավելի ու ավելի հաճախ է նայելու դեպի Հյուսիս:
Շահագրգռվածությունը՝ միջինից ցածր:
Թուրքիա
Դրական կողմերը.
- Հայաստանի հետ սահմանների բացումը Թուրքիայի հետաքրքրությունների շրջանակում է: Նվազագույնը՝ նոր շուկա և նոր հնարավորություննր սահմանամերձ տարածաշրջանների բանկիչների և Թուրքիայի քաղաքացի էթնիկ հայերի համար:
- Ավելի կարճ ու էժան ցամաքային կապ Ադրբեջանի հետ (Սադարակի և Զանգեզուրի տարածքով):
Բացասական կողմերը.
- Ակնհայտ բացասական կողմեր չկան:
Շահագրգռվածությունը՝ միջինից բարձր:
Իրանը 1992թ-ին առաջին և վերջին խաղաղապահ փորձից հետո ինքնաբացարկ եղավ ղարաբաղյան համակարտության լուծման գործընթացին մասնակցելուց: Սակայն նրա համար ակնհայտ մինուս կլինի, եթե օկուպացված հատվածի՝ Արաքս գետի երկայնքով ձգվող սահմանն անցնի ադրբեջանական վերահսկողության տակ: Այժմ այդ հատվածը բացարձակապես չի ենթարկվում ոչ մի մաքսային ծառայության և ստվերային բիզնեսի համար հարմար միջոց է:
***
Նկատեմ, որ բերված սխեման շատ պարզեցված է և բոլոր իմ հաշվարկները սուբյեկտիվ բնույթ են կրում: Իհարկե, ընթերցողները կարող են չհամաձայնել «մատրիցայի» որոշ էլեմենտների հետ, սեփական տարբերակներն առաջարկել: Ուրախ կլինեմ պատասխանելու բոլոր նկատողություններին և պատրաստ եմ մեկնաբանություններում քննարկում ծավալել: