Ոստիկանական բռնություն, արցախյան պատերազմ և կորոնավիրուսի համավարակ․ 2020 թ-ի Հայաստանի գնահատականը՝ Human Rights Watch-ից
Հայաստանոււմ 2020 թ-ին տեղի ունեցած հիմնական իրադարձություններն էին կորոնավիրուսի համավարակն ու արցախյան երկրորդ պատերազմը։ Իսկ պարտությունը պատերազմում սուր քաղաքական ճգնաժամ է առաջացրել Հայաստանում, քանի որ ընդդիմությունը սկսել է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
2020 թ-ի Հայաստանի վերաբերյալ իր հաշվետվությունում այս բոլոր իրադարձություններին և մարդու իրավունքների ուղեկցող խախտումներին է անդրադարձել նաև Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
2020 թ-ին Հայաստանի հիմնական խնդիրների ցանկում HRW-ն նշում է նաև կանանց և երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունը, սահմանափակ կարողություններով և ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ անձանց նկատմամբ խտրականությունը։
Արցախյան պատերազմ
Զեկույցում նշվում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել, որը հանգեցրել է Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև մարտական գործողությունների սրման։
Հաշվետվությունում ասվում է, որ կողմերը խախտել են միջազգային հումանիտար իրավունքը, «ինչի հետևանքով տուժել են խաղաղ բնակիչները»․
«Տասնյակ հազարավոր մարդիկ, ռազմական գործողություններով պայմանավորված, Լեռնային Ղարաբաղից տարհանվել են հիմնականում Հայաստան»։
HRW-ն հայտարարում է, որ հայ զինվորականներն արգելված կասետային զինամթերք են կիրառել բնակավայրերում, ինչը «հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում տասնյակ զոհերի»․
«Մարտական գործողությունների ժամանակ հայկական ուժերը չտարբերակված գրոհներ են իրականացրել, անկառավարելի հրետանային հրթիռներ արձակել և ծանր հրետանային արկերով և բալիստիկ հրթիռներով հրետակոծել խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ որոշ ուղղություններով, որտեղ ակնհայտ ռազմական թիրախներ չեն եղել, ինչը հանգեցրել է խաղաղ բնակիչների մահվան և վիրավորման»։
Կորոնավիրուսի համավարակ
Հայաստանը կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցել է մարտի 1-ին։ Արդեն մարտի 16-ին կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել և երկարաձգել այն հինգ անգամ՝ չեղարկելով միայն սեպտեմբերի 11-ին։
Որպես մարդու իրավունքների խախտում հետևյալ օրինակն է բերվում․
«Մարտին խորհրդարանը փոփոխություններ է ընդունել, որոնք հեռահաղորդակցման ընկերություններին պարտավորեցնում են իշխանություններին տրամադրել իրենց բոլոր բաժանորդների հեռախոսազրույցների ձայնագրությունները՝ հեշտացնելու համար մարդկանց հետևելը, որոնք կարող էին վարակված լինել»։
Հավետվությունում ասվում է, որ իշխանությունները դադարել են օգտագործել նրանց տվյալները միայն արտակարգ դրության չեղարկումից հետո։
Այդ նույն ժամանակահատվածում մոտ չորս հազար երեխա տուժել է դպրոցների փակումից։ World Vision Armenia կազմակերպության՝ 3 հազար ընտանիքների շրջանում իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ դպրոցական տարիքի երեխաների գրեթե 14 տոկոսը չի մասնակցել հեռավար դասերին։ Գրեթե 80 տոկոսը չի ունեցել անհրաժեշտ տեխնիկա համացանցին միանալու համար։
Իսկ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի տվյալներով, որն ուսումնասիրել է արտակարգ դրության ժամանակահատվածում մոտ 30 ցույց և հանրահավաք, ոստիկանության արձագանքն ընտրական է եղել։
Հաշվետվությունում նշվում է, որ որոշ դեպքերում ոստիկանությունը չի միջամտել, իսկ որոշ դեպքերում ցրել է հինգից պակաս մասնակիցներով և միայնակ ցույցերն անգամ, «երբ ակցիայի մասնակիցները դիմակ են կրել և սոցիալական հեռավորություն պահպանել»։
Իրավապահ մարմինների մասին
Ապրիլին կառավարությունը հաստատել է ոստիկանության բարեփոխման 2020-2022 թթ-ի գործողությունների պլանն ու ռազմավարությունը։ Պլանը ներառում է ներքին գործերի նախարարության վերականգնում և ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության ուժեղացում․
«Բարեփոխումները նախատեսում են նաև նոր պարեկային ոստիկանության ստեղծում և ոստիկանությանը քննչական լիազորություններով ապահովում»։
Միաժամանակ հաշվետվությունում ասվում է, որ իրավապահ մարմինների կողմից նախորդ չարաշահումների հետաքննությունն անավարտ է․
«Ոստիկանության կողմից 2016 թ-ի ցույցերի ժամանակ բռնության դեպքերի հետաքննությունը վերսկսվել է 2019 թ-ին, սակայն մեղադրանքներ չեն առաջադրվել։ Հունվարին իշխանությունները մեղադրանք են առաջադրել մեկ ոստիկանի, որը մասնակցել է 2015 թ-ի ցույցերի բռնի ցրմանը, և կասեցրել են այդ նույն ցույցերի հետ կապված մնացած միջադեպերի հետաքննությունը։ Հուլիսին իշխանությունները կասեցրել են 2018 թ-ի ամռանը ցույցերի ժամանակ ոստիկանության գործողությունների հետաքննությունը»։
Բոլոր դեպքերում իշխանությունները հայտարարել են, որ չեն կարողացել պարզել ենթադրյալ հանցագործների անձը։
Կանանց և երեխաների նկատմամբ բռնություն
Միջազգային կազմակերպության հաշվետվությունում ասված է, որ Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, 2020 թ-ի առաջին կիսամյակում հետաքննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 395 քրեական գործ։ Մեղադրանք է առաջադրվել միայն 196 անձանց, դատարան է ուղարկվել 62 գործ։
Human Rights Watch-ը կարծում է, որ Հայաստանի օրենսդրությունը չի ապահովում ընտանեկան բռնություն վերապրածների արդյունավետ պաշտպանություն։
Կորոնավիրուսի հետ կապված միջոցները սրել են ընտանեկան բռնության զոհերի անվտանգության սպառնալիքը։ «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը հունիսին հաղորդել է, որ իրենց թեժ գծին եկած զանգերը կրկնակի գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի թիվը։
Սակայն, ինչպես համարում է HRW-ն, կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկուսացման ժամանակ «կառավարությունը նպատակաուղղված միջոցներ չի ձեռնարկել ապաստարանների հասանելիությունն ընտանեկան բռնության զոհերի համար ապահովելու նպատակով»։
Երկրում ընտանեկան բռնություն վերապրածների համար միայն երկու ապաստան կա, և դրանցում ընդհանուր առմամբ կարելի է տեղավորել մինչև 20 մարդ։
Հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները
Սահմանափակ կարողություններով շատ երեխաներ մեկուսացված են մնում մասնագիտացված մանկապարտեզներում։
Հաշվետվությունում ասվում է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների կեսից ավելին միայն մասնակի են մասնակցել առցանց դասերին։ Սակայն նրանցից ոմանց համար հենց հեռավար ուսուցումն է դասերին մասնակցելու հնարավորություն ստեղծել և դասերը հասանելի դարձրել։
Միաժամանակ, մեկուսացման խիստ միջոցները սահմանափակ կարողություններով երեխաներին զրկել են վերականգնողական և թերապևտիկ կենտրոններ այցելելու հնարավորությունից․ դրանք մի քանի ամիս փակ էին։
Սեռական կողմնորոշում
ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները Հայաստանում շարունակում են բախվել խտրականության, ճնշման և բռնության։ Իսկ երկրի քրեական օրենսգիրքը հոմոֆոբիան ու տրանսֆոբիան ատելության հողի վրա կատարված հանցագործությունների համար ծանրացուցիչ հանգամանք չի համարում։