H1N1 վիրուսից յոթ մարդ է մահացել
Հայաստանի առողջապահության նախարարությունը պնդում է, որ “խոզի գրիպի համաճարակ չկա
Առողջապահական գերատեսչությունը կոչ է անում Հայաստանի բնակչությանը հավատալ միայն պաշտոնական, ստույգ տեղեկատվությանը, խուճապի չմատնվել, բայց նաև զգոնությունը չկորցնել: Չնայած՝ մարդիկ առանց այդ կոչի էլ զգոն են:
Ըստ պաշտոնական տվյալների, 855 մարդ է հոսպիտալացվել, սակայն նրանցից ոչ բոլորն են վարակված H1N1 վիրուսով՝ “խոզի գրիպով: 77 մարդ բժշկական օգնություն է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, 11-ի վիճակը գնահատվում է ծանր, նրանք միացված են արհեստական շնչառության սարքերին, սակայն միայն 4-ի մոտ է հաստատվել H1N1 վիրուսը:
Հայաստանի Առաջին ալիքի եթերում առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը հայտարարեց. “Այս թվերի վերլուծությունը մեզ ասում է, որ կա հիվանդության բարձրացում, բայց համաճարակ չկա: Մենք զսպել ենք, կանխարգելել ենք:
Դժվար է ասել, թե ինչու են առողջապահության նախարարությունում այդքան վստահ, որ խուսափել են համաճարակից: Հիվանդանոցները շարունակում են նոր հիվանդներ ընդունել, ընդ որում, ինչպես հայտնեց առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը, Հայաստանում չկա մի շրջան, որտեղ նույն պատկերը չլինի, ինչ մայրաքաղաքում: Բժիշկները չեն թաքցնում նաև, որ H1N1 վիրուսից արդեն 7 մարդ է մահացել՝ երեքը 2015թ. վերջին, չորսն էլ՝ 2016-ի սկզբին:
Բոլոր նրանց, ում մոտ գրիպի նախանշաններ կան, կոչ են անում ինքնաբուժությամբ չզբաղվել և անմիջապես դիմել բուժհաստատություններ: Բժիշկներն արձանագրում են, որ այժմ բուժօգնություն ստանալու նպատակով մարդիկ շատ են դիմում հիվանդանոցներ, սակայն կտրուկ կրճատվել է ծանր դեպքերի քանակը, քանի որ քաղաքացիները սկսել են ժամանակին դիմել բուժիմնարկներ:
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ սուր շնչառական վարակների տարածման հետ կապված պոլիկլինիկաներում հերթապահություն է իրականացվելու նույնիսկ տոնական օրերին: Սակայն շատերը, այդ թվում՝ երևանցիները, բողոքում էին, որ չեն կարողացել բաց պոլիկլինիկա կամ աշխատող բժիշկ գտնել, ինչպես նաև գործող լաբորատորիաներ, որտեղ կարելի լիներ անալիզներ հանձնել: Այդ մասին լրատվամիջոցները հայտնել են հունվարի առաջին շաբաթվա ընթացքում: Իսկ մինչև հունվարի 8-ն ամբողջ երիկիրը հանգստանում էր:
Ընդ որում, տոներն ինչ-որ առումով նպաստում էին վիրուսի տարածմանը, քանի որ ամանորյա երկարատև արձակուրդը մարդկանց հնարավորություն էր տալիս հանդիպելու, շփվելու և վիրուսը միմյանց փոխանցելու: Բացի այդ, հիվանդներից շատերն, ովքեր սպասում էին բժիշկների աշխատանքի վերադառնալուն, առանց անհրաժեշտ դեղորայքային ու պրոֆեսիոնալ բուժման հասել են թոքերի բորբոքման փուլի, ինչի հետևանքով հիվանդությունն ավելի է բարդացել:
Ինչ վերաբերում է հայտնի “Տամիֆլյու հակավիրուսային դեղամիջոցին, որը սկսեցին բոլորը փնտրել “խոզի գրիպի մասին առաջին հիշատակումից անմիջապես հետո, ապա բժիշկները զգուշացնում են. տվյալ դեղամիջոցը պրոֆիլակտիկ նշանակություն չունի և չի կարող կանխել վարակը: Այն օգտագործվում է վիրուսի բուժման համար:
Դրա հետ կապված առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը խորհուրդ տվեց չփնտրել այս դեղամիջոցը դեղատներում, որտեղ այն թանկացել է և այս պահին չի էլ ճարվում: Բոլոր բուժհիմնարկներում այն կա, և տվյալ վիրուսի բացահայտման դեպքում բոլոր հիվանդներին այն անվճար կտրամադրվի:
Սոցցանցերում H1N1 վիրուսի տարածման հետ կապված խուճապ չի նկատվում: Բայց բոլորին դուր է եկել առողջապահության նախարարության ներկայացուցիչների ասուլիսին ներկա գտնված պաշտպանիչ դիմակով օպերատորի լուսանկարը:
Լուսանկարը՝ PAN photo-ի