«Future Shorts»-ը Բաքվում
«Future Shorts»-ն կարճամետրաժ ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոն է, որն անցկացվում է արդեն 12-րդ տարին, մասնակիցներն աշխարհի 90 երկրից և 300 քաղաքներից են: Բաքվում ցուցադրությունն ամբողջությամբ կազմակերպվել է Yarat կենտրոնի կողմից: Այն երեք օր է տևում, և բոլոր երեք օրերին դահլիճը լիքն է լինում:
Փառատոնի մեկնարկը տրվեց արտամրցութային «Կորցրած երազանքներ» ադրբեջանական ֆիլմով, որի ռեժիսորը Չինգիզ Մուստաֆաևն է, ով նաև երաժիշտ ու երգահան է: Ի դեպ, այս ֆիլմի սյուժեն օրիգինալությամբ աչքի չէր ընկնում. դա մի հասարակ պատմություն էր կորցրած սիրո մասին:
Փառատոնին ընդհանուր առմամբ 7 ֆիլմ է ներկայացված եղել:
Ֆիլմերի տևողությունը շատ տարբեր էին՝ 5-20 րոպե, ոճական առումով նույնպես բազմազան էին՝ ավանգարդից մինչև սովորական և բոլորին հասկանալի: Միջոցառման ամենամեծ բացասական կողմը ենթագրերն էին: Անգլերենով ֆիլմերը բաքվեցի հանդիսատեսը կհասկանար, սակայն այլ անծանոթ լեզուներից անգլերեն արված սարսափելի թարգմանությունը հանդիսատեսին ստիպեց պարզապես կռահել, թե ինչի մասին է խոսքը:
Շվեդիան ներկայացնում էր «Մեծ հյուսիսային լեռ» ֆիլմը, որը պատմում էր 78-ամյա Էլլեի մասին: Նա հրաժարվել է իր սաամական ծագումից և իրեն իսկական շվեդ է համարում: Սակայն քրոջ մահվան մասին լուրը նրան ստիպում է վերադառնալ իր փոքր հայրենիք՝ Լապլանդիա:
Ավստրալիան ներկայացրել էր «Լուն ջրի տակ» մուլտֆիլմը: Մանկությունը մոռացած Լուն փորձում է իր խորթ աղջկա հետ հիշել, որ մի ժամանակ նա նույնքան չշփվող է եղել:
Մեծ Բրիտանիայից միանգամից երկու ֆիլմ կար՝ պարահրապարակում երկու անծանոթների միջև առաջացած կրքի մասին երաժշտական «Lights» հոլովակն ու «Գնահատիր ինձ» ֆիլմն այն մասին, թե ինչպես են ինտերնետ-ֆորումի օգտատերերը նկարագրում Կոկո մարմնավաճառի հետ ունեցած իրենց փորձը, և արդեն անհնար է դառնում հասկանալ, թե որն է ճիշտ, որը՝ սխալ:
ԱՄՆ կողմից ներկայացված «Քո բոլոր սիրած շոուները» մուլտֆիլմի մեջ ցույց էր տրված հեռուստատեսությամբ չափազանց շատ տարվելու վտանգները մանկական հոգեբանության համար:
«Քաղաքացու օրը» ֆրանսիական ֆիլմում դեռահասների խումբը գալիս է «Քաղաքացու օրվա» համար տեղեկանք ստանալու, որտեղ նրանց բացատրում են, թե ինչ կարևոր է «ինքդ քեզ ֆրանսիացի զգալը»: Սակայն ոչ բոլորն են համաձայն դրա հետ:
Իսկ փառատոնի հաղթողը ռումինական «Էքսկուրսիա» ֆիլմն էր՝ պարզ ու հասարակ պատմություն կորած տղայի մասին, ով տեսանկարահանող սարք է գողանում և ամեն ինչ նկարում, որ հետո այլմոլորակայիններին ծանոթացնի Երկրի կյանքին: Սյուժեի անսպասելիությունն այս ֆիլմը ֆավորիտ դարձրեց: