Ապագայի պլաններ. ապրել
Այսպիսի բնակարանները կոչում են «ամուրիի բնակարան»՝ շատ քիչ կահույք, ծխուկներ՝ գետնընկույզի թիթեղյա բանկաներում, ամենուր թափթփված հագուստ: Դասական պատկերը լրացնում են չորս երիտասարդներ: Թվում է, թե տղամարդկանց սովորական «հավաքույթներ» են, բայց ահա անկյունում հսկայան ազդ է դրված, պատին հենած են հենակներ, իսկ երիտասարդներից մեկը, որ նստած է սենյակի կենտրոնում դրված ծռմռված աթոռին, մերթընդմերթ հիստերիկ ծիծաղում է:
«Ո՛չ, ո՛չ, ո՛չ այդպես, ո՛չ այդպես շինծու, — ընդհատում է նրան ընկերներից մեկը, — և, խնդրում եմ, երբ սկսես պատմել, մի փորձիր հուզել հանդիսատեսին: Դա, իհարկե, շատ հեշտ է անել: Քո սեփական կենսագրության փաստերը բավական են: Սակայն մենք պետք է ներազդենք հանդիսատեսի էմոցիաների վրա ավելի խորը մակարդակում: Մենք պետք է…շոյենք հանդիսատեսին մեր խոսքերով կամ ապտակենք նրան: Հասկանու՞մ ես: Դե, մեկ անգամ էլ փորձիր»:
Նման «դաշտային» պայմաններում գեղարվեստական ղեկավարի տանը նորալուկ «Էսա» թատրոնի գխավոր փորձն է անցկացվում: Վաղը չէ մյուս օրը նրանց պրեմիերան է:
«Էսա» էքսպերիմենտալ թատրոնը հիմնվել է ընդամենը մի քանի ամիս առաջ և նախատեսված է սահմանափակ կարողությամբ մարդկանց համար: Այլ կեպ ասած՝ թատերախումբը բաղկացած է մեծ մասամբ հաշմանդամներից:
Դերասաններից գրեթե ոչ ոք չունի ո՛չ մասնագիտական կրթություն, ո՛չ բեմեկան փորձ: Միայն թատրոնի «հիմնադիր հայրն» ու գեղարվեստական ղեկավար Նիհադ Գուլամզադեն է, որ պրոֆեսիոնալ դերասան է (և սկսնակ ռեժիսոր):
«Էսա» թատրոնը միաժամանակ և՛ ստեղծագործական, և՛ սոցիալական փորձ է, քանի որ ձգտում է սահմանափակ կարողություններով մարդկանց ինքնաարտահայտման հնարավորություն ընձեռնել: Ադրբեջանի համար, որտեղ հաշմանդամների մեծ մասը զրկված է հասարակական կյանք վարելու հնարավորությունից, սա արտասովոր բան է: Հասարակությունից մեկուսացված լինելու պատճառները սկսվում են փողոցներում թեքահարթակների բացակայությունից, վերջանում սայլակների գներով: Այնպես որ, թատրոնը միանգամից արժանացավ մամուլի և հեռուստատեսության ուշադրությանը:
Իհարկե, դեռ ոչ ոք նյութական օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն չի հայտնել: Ինչպես նշում է, Նիհադ Գուլամզադեն, այս պահին «Էսան» ֆինանսավորվում է բացառապես իրենց գրպանից, իսկ այդ գումարն այդքան էլ մեծ չէ: Այդպես, օրինակ, պրեմիերայի համար ծախսվել է 400 մանաթ (230$), գումարը տվել է Նիհադի եղբայրը՝ Նիջաթ Գուլամզադեն, որը համատեղման կարգով թատրոնի մենեջերն է:
Այստեղից էլ սերում է գլխավոր խնդիրը՝ երիտասարդ թատրոնը դեռ անտուն է: Բեմը պրեմիերայի համար տրամադրել է «Խազար» համալսարանը:
Հենց այստեղ՝ համալսարանի հանդիսությունների դահլիճում, տեղի ունեցավ DUMB անվամբ դեբյուտային ներկայացումը:
Հեշտ է լինել անաչառ և քննադատ, երբ բեմին քո առջև առողջ դերասաններ են: Իսկ երբ խոսքը գնում է հաշմանդամների մասին, ինքնաբերաբար գործի է դրվում ինքնագրաքննությունը, և արդյունքում սկսում ես կասկածել սեփական դատողությունների անաչառության վրա: Արդյո՞ք, քեզ իսկապես դուր է եկել բեմադրությունը, թե՞, հնարավոր է, գթասրտությունն է իր գործն անում, բարոյականությունը և այլն: Չէ՞ որ սահմանափակ կարողություններով մարդկանց ընդունված է վերաբերվել ներողամտորեն քեզ վերջին սրիկա չզգալու համար:
Բայց անգամ մոռանալով դերասանների առանձնահատկությունների մասին՝ կարելի է վստահ ասել, որ ներկայացումն իսկապես հաջողվեց: Եվ, ի դեպ, շեղվել այդ նույն առանձնահատկություններից այդքան էլ դժվար չէ: Թե ռեժիսորի ջանքերի շնորհիվ, թե՝ հետաքրքիր սյուժեի, սակայն մի քանի րոպե անց դադարում ես նկատել հաշմանդամի սայլակը և բեմում տեսնում ես ուղղակի հոգեբուժարանում իր կյանքի մասին պատմող մարդու:
Ողջ գործողությունը բաղկացած է չորս մոնոներկայացումից, խելագարության, սիրո, ծնողների հետ հարաբերությունների, գիշերային մղձավանջների մասին չորս պատմությունից: Այս մենախոսություններից յուրաքանչյուրը պոկված է ենթատեքստից, յուրաքանչյուրը հնչում է նոր դերասանի շուրթերից, և միայն ներկայացման ավարտին մոտ հասկանալի է դառնում, որ այս ամենը միևնույն մարդու կյանքի հետահայաց պատմությունն է:
Նիհադ Գուլամզադեի խոսքով՝ պատմածի 80 տոկոսը իրական կյանքից է՝ մասամբ հենց դերասանների, մասամբ նրանց ընկերների և ծանոթների: Դերասաններից յուրաքանչյուրն ինքն է գրել իր մենախոսությունն, այնպես որ, ներկայացումը միանգամից չոս հեղինակ ունի և ընդամենը մեկ գործող անձ, ավելի ճիշտ՝ երկու: Քանի որ հերոսի խելագարությունը լիովին ինքնուրույն կերպար է, որն այսուայն կողմ է նետվում բեմում բալետ պարողի մարմնում՝ չարտաբերելով և ոչ մի բառ:
DUMB -ը մանկական հոգեբանական վնասվածքի մասին պատմություն է, որը հետապնդում է հերոսին ողջ կյանքի ընթացքում, դրդում է տարօրինակ և սարսափելի քայլերի, կործանում է ոչ միայն նրա, այլ նաև այլ մարդկանց կյանքը, և ի վերջո հանգեցնում է իսկական ողբերգության: Մի խոսքով, եթե բժիշկ Ֆրեյդը ներկա լիներ դահլիճում, իսկական բավականություն կստանար:
Պրեմիերան հաջող անցավ: Իսկ ի՞նչ է լինելու հետո:
Թատրոնի ամենամեծ երազանքը շարունակում է մնալ սեփական տարածքը. չարաշահել «Խազար» համալսարանի հյուրընկալությունը չեն ցանկանում և դժվար էլ հաջողվի:
«Մեր գլխավոր ծրագիրն այն է, որ թատրոնը ուղղակի ապրի, — նշում է Նիհադ Գուլամզադեն: — Իսկ դրա համար նախևառաջ մենք ինքներս պետք է հավատանք նրա կենսունակությանը»:
Published 12.01.2017