Flydubai-ի ինքնաթիռի կործանումը
Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը Դոնի Ռոստովում կործանվեց Flydubai ավիաընկերության Boeing 737-800-ը: Ավիավթարի արդյունքում 62 մարդ զոհվեց:
«Մեդուզան» մեկ տեքստում հավաքել է օդանավի կործանման վերաբերյալ գլխավոր հարցերը, որոնց դեռ պետք է պատասխանել:
Ինչո՞ւ ինքնաթիռը չի ուղղվել դեպի պահուստային օդանավակայն
Հասարակ տրամաբանության տեսանկյունից դա արդարացված կլիներ. եթե մեկ օդանավակայանում բարդ եղանակային պայմաններ են, կարելի է մյուսում վայրէջք կատարել: Ռոստովի դեպքում իրադարձությունների նման ընթացքն էլ ավելի արդարացված է, քանի որ հարևանությամբ բազմաթիվ օդանավակայաններ կան, որոնք տասնյակ րոպեների հեռավորության վրա են: Այսպես, մինչև Մինվոդի կամ Կրասնոդար կարելի էր հասնել մեկ ժամից պակաս ժամանակահատվածում, իսկ Դոնի Ռոստովի վրա ինքնաթիռը պտտվում էր մոտ 2 ժամ:
Ինքնաթիռը նստեցնելու-չնստեցնելու որոշումն ամեն անգամ ընդունում է օդաչուն: «Բոինգի» վայրէջք կատարելու առաջին փորձից տասը րոպե առաջ Դոնի Ռոստովի օդանավակայանում առանջին փորձից վայրէջք է կատարել «Ուրալի ավիաուղիների» Airbus A320 ինքնաթիռը: Ընդ որում, “Աէրոֆլոտի ինքնաթիռը, որն ուզում էր վայրէջք կատարել այն ընթացքում, երբ Բոինգը պտտվում էր Ռոստովի երկնքում, երրորդ անհաջող փորձից հետո ուղղվել է դեպի պահուստային օդանավակայան:
«Գլոբուս» ավիաընկերության օդաչու-հրահանգիչ Դենիս Օկանը, ով նույնպես Boeing 737 է վարում, իր բլոգում գրում է, որ օդաչուները չուզենալով են գնում պահուստային օդանավակայան: «Միշտ նախընտրում ես վայրէջք կատարել նախանշված օդանավակայանում, այդպես ավելի քիչ խնդիրներ են լինում ինչպես տվյալ չվերթի, այնպես էլ նույն ինքնաթիռով թռչել պատրաստվող ուղևորների համար», — նշել է նա:
Ընդ որում, Օկանն ավելացնում է, որ պահուստային օդանավակայան չգնալու կործանված Բոինգի օդաչուի որոշումը կապված չէ այն բանի հետ, որ Flydubai-ն լոուքոսթեր է: Օկանի խոսքով, օդաչուները երբեք չեն մտածում տնտեսելու մասին, երբ վայրէջք են կատարում, գլխավորը թռիչքն անվտանգ վայրէջքով ավարտելն է:
Հնարավոր է, որ այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է օդաչուն ամեն դեպքում որոշել երկրորդ անգամ վայրէջք կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում, կունենանք սև արկղերի վերծանումից հետո:
Ի՞նչ է կատարվել թռիչքի վերջին րոպեներին
Flightradar ծառայության տվյալների համաձայն, 3:40:54 ին օդանավը 243 կմ/ժ արագությամբ իջել է մինչև 480 մետր բարձրություն, որից հետո ավելացրել է արագությունը և 3:41:37-ին բարձրացել է մինչև 1,2 կմ, արագությունը եղել է 343 կմ/ժ:
ՏԱՍՍ-ի աղբյուրի տվյալներով, Բոինգի օդաչուն փորձել է երրորդ պտույտը կատարել: Այդ պահին ինչ-որ բան է տեղի ունեցել, և ինքնաթիռն ընկել է: Թևը թռիչքուղուն չի քսվել, ինչպես նախկինում հաղորդում էր արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«Ինքնաթիռի բեկորների ցրման փոքր շառավիղը, ինչպես նաև դրանց փոքր չափսերը խոսում են այն մասին, որ ընկնելիս արագությունը շատ բարձր է եղել՝ 400 կմ/ժ-ից ավել: Ինքնաթիռի նույնիսկ ամենաամուր մասերը բեկորների են բաժանվել», — պատմել է գործակալության զրուցակիցը: Արագության այս նկարագրությունը մոտավորապես համընկնում է Flightradar-ի տվյալների հետ:
Ինչո՞ւ է ինքնաթիռն ընկել գրեթե ուղղահայաց
Ինքնաթիռի կործանումից մի քանի ժամ հետո վթարի հիմնական վարկածը բարդ եղանակային պայմաններն էին: Օդերևութաբան Եվգենի Տիշկովեցի խոսքով, օդաչուն կարող էր կառավարումը կորցնել ուժգին քամու պատճառով:
«Հավանաբար, նա հորիզոնական հոսանքի տակ է ընկել, որից սովորական ռեժիմում օդաչուները կարող են մի փոքր վերև-ներքև կամ ձախ ու աջ անել, սակայն հորիզոնականից շեղվելու անկյուններ կան, որոնցից արգելված է դուրս բերել ինքնաթիռը, այն չկառավարվող պահածոյի տուփ է դառնում: Այդ իրավիճակում քամին կտրուկ վեր է բարձրացնում օդանավի դիմային հատվածը կամ թևն է վնասում և ինքնաթիռն ընկնում է», — պատմել է Տիշկովեցը:
Այնուամենայնիվ, միայն եղանակային պայմանները բավարար բացատրություն չեն տալիս տեղի ունեցածին: «Եղանակը բարդ էր, բայց ոչ գերբարդ: Նման եղանակը չի պահանջում օդանավակայանի փակում և վայրէջքի փորձի համար այն խոչընդոտ չէ», — ֆեյսբուքյան իր էջում գրել է օդաչու Ալեքսեյ Գերվաշը:
Դենիս Օկանը ուշադրություն է հրավիրում այն վարկածին, որ պատճառը կարող էր սառցակալումը լինել, որն ինքնաթիռի անձնակազմը կարող էր նկատած չլինել, այն կարող էր բավականաչափ բարդացնել ինքնաթիռի կառավարումը ծանր եղանակային պայմաններում:
Բացի այդ, Օկանը նշում է, որ, ըստ տեսագրության, Դոնի Ռոստովի Բոինգի կործանումը նման է Կազանի Բոինգի կործանմանը: Թաթարստանում 2013-ին, ըստ Միջպետական ավիացիոն կոմիտեի տվյալների, ինքնաթիռը կործանվել է վատ պատրաստված օդաչուի սխալ գործողությունների արդյունքում, ով ցածր արագության տակ ղեկը կտրուկ քաշել է դեպի իրեն, չնայած որ նման բան անել չէր կարելի:
Ղեկը դեպի քեզ քաշելու մարդկային ցանկության բնույթը լավ նկարագրված է օդաչու Ջեֆ Վայսի կողմից: Սակայն պնդել, որ մարդկային գործոնն է ինքնաթիռի ուղղահայաց անկման պատճառը դարձել, դեռևս չի կարելի:
Հրապարակվել է 20.03.2016