«ՌԴ դեմ սանկցիաներն են նպաստել Հայաստանի տնտեսական աշխուժացմանը»․ Fitch Ratings
Fitch Ratings-ը՝ Հայաստանի տնտեսության մասին
Fitch Ratings հեղինակավոր վարկանիշային ընկերությունը բարելավել է Հայաստանի վարկանիշը՝ այն B+-ից դարձնելով BB-՝ «կայուն հեռանկարով»։ Սա 2020 թվականից ի վեր առաջին դրական տեղաշարժն է այս վարկանիշով։
Fitch Ratings-ի վարկանիշային կատեգորիաները նշվում են տառերով՝ «A» — գերազանց, «B» — լավ, «C» — վատ, «D» — շատ վատ: Վարկանիշում տառերին ավելանում են «+» կամ «-» նշանները։ Նրանք ներկայացնում են միջանկյալ գնահատական: Ընդ որում, որքան շատ են տառերը վարկանիշում, այնքան ավելի բարձր է միավորը:
Հայաստանի վարկանիշի փոփոխությանը հանգեցրել են վերջին մեկ տարում արձանագրված տնտեսական բարձր ցուցանիշները։ Միևնույն ժամանակ վարկանիշային ընկերությունը երկրի տնտեսական աշխուժացումը կապել է Ուկրաինայում ընթացող պատերազմի և Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետ՝ կանխատեսելով, որ տարեցտարի աճի տեմպերը կնվազեն։
Տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ասում է՝ վարկանիշի վերանայումը երկրի կառավարության աշխատանքի հետ կապ չունի։ Նա ևս կարծում է, որ երկրում արձանագրված տնտեսական աճն «անուղղակիորեն կապված է» Ուկրաինայում ընթացող պատերազմի հետ։
Զեկույցի մանրամասները, ինչպես նաև փորձագիտական կարծիք
«Մեծ է կախվածությունը ռուսական շուկայից»
Fitch Ratings-ի մասնագետները մատնանշել են Հայաստանի վարկանիշային կայունությանը նպաստող գլխավոր գործոնները։ Հրապարակված զեկույցի համաձայն՝ դրանք են՝
- պետական պարտքի և հարկաբյուջետային ոլորտի կայունացումը,
- արտաքին առևտրի հաշվեկշռի բարելավումը։
Զեկույցի հեղինակները, սակայն, արտաքին առևտրի ոլորտում նաև որոշակի ռիսկեր են նկատել և արձանագրել, որ դրանց հիմքում «մեծ կախվածությունն է ռուսաստանյան շուկայից»․
«2023 թ․-ի հունվար-մայիս ժամանակահատվածում Հայաստանից արտահանման 49 տոկոսը և երկիր ներմուծման 25 տոկոսը բաժին էր ընկնում հենց Ռուսաստանին»։
Fitch Ratings-ի գնահատմամբ՝ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը խթանող գլխավոր գործոնը զանգվածային ներգաղթն է հետխորհրդային երեք պետություններից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից, մասնավորապես՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո․
«Հայաստանում 50-65 հազար ներգաղթյալ է հաստատվել, ինչը հավասար է երկրի բնակչության ավելի քան երկու տոկոսին»։
Արևմտյան մասնագետներն ընդգծել են, որ հայաստանյան տնտեսության աշխուժացմանը նպաստել են նաև Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։
«Հայաստանը, թեև կարճաժամկետ կտրվածքով, բայց կշահի դեպի Ռուսաստան վերաարտահանման ծավալների կտրուկ աճից։ Դրա պատճառն այն է, որ պատժամիջոցների սահմանման հետևանքով դեպի ՌԴ տանող առևտրային այլ ուղիները փակվել են»։
Վարկանիշային ընկերության կանխատեսմամբ՝ առաջիկայում տնտեսական աճը Հայաստանում կպահպանվի, սակայն աճի տեմպերը տարեցտարի կնվազեն։
«Ակնկալվում է, որ 2023 թ․-ին տնտեսական աճը Հայաստանում 7,2 տոկոս կկազմի՝ նախորդ տարվա 12,6-ի փոխարեն։ 2024 թվականին տնտեսական աճը կկազմի 5,9, իսկ 2025-ին՝ 4,5 տոկոս», — ասված է զեկույցում։
«Ադրբեջանից եկող ռիսկերն ավելացել են»
Զեկույցի հեղինակներն անդրադարձել են նաև «աճող աշխարհաքաղաքական ռիսկերին», որոնց բախվում է ՀՀ տնտեսությունը։ Fitch-ի գնահատմամբ՝ տարեսկզբից աճել են Ադրբեջանի կողմից հարուցվող աշխարհաքաղաքական ռիսկերը։
«Հուլիս ամսվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանում գտնվող Լաչինի միջանցքի շրջափակումը արդեն յոթ ամիս է, ինչ շարունակվում է։ Սահմանին էլ մահվան ելքով բազմաթիվ բախումներ են արձանագրվել»,- ասված է փաստաթղթում։
Վարկանիշային ընկերությունն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին և նշել, որ ընթացող բանակցությունները «հազիվ թե հանգեցնեն երկարաժամկետ համաձայնագրի կնքման»։ Ընդգծել են՝ խաղաղության պայմանագրի կնքումը քիչ հավանական է «տարածքային ճշգրտումների բացակայության պայմաններում», իսկ նման ճշգրտումները Հայաստանի համար քաղաքական առումով «դժվար ընդունելի են»։
Fitch-ի փորձագետները չեն բացառել մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը, բայց նաև նշել են, որ դրանք կսահմանափակվեն Լեռնայի Ղարաբաղի տարածքով․
«Այդ դեպքում սահմանափակ կլինեն նաև լայնածավալ մակրոտնտեսական հետևանքները Հայաստանի համար»։
Փորձագիտական կարծիք
Տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի գնահատմամբ՝ Հայաստանը «շահում է» ուկրաինական պատերազմից։
«Այս կառավարության աշխատանքի հետ այդ աճը միայն բացասական կապ ունի: Անցյալ տարիների ընթացքում՝ հատկապես 2018-2020 թթ., կառավարության գործունեությունը նպաստել է տնտեսական անկմանը»,- կարծում է նա։
Անդրադառնալով իրավիճակից բխող տնտեսական միտումներին՝ 168.am-ի հետ զրույցում հիշատակել է նաև Հայաստանի խորհրդարանի խոսնակի՝ նախօրեին արված գրառումը։
«Պատկերացրեք, եթե սենց լարված իրավիճակում կարողանում ենք այսպիսի տվյալներ գրանցել, ինչ թվեր կլինեին, եթե հիմա խաղաղություն լիներ մեր տարածաշրջանում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Ալեն Սիմոնյանն ու ներկայացրել վիճակագրական տվյալներ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսական աճի և գնաճի վերաբերյալ։ Գրառման համաձայն՝ 2023 թ. հունվար-հունիսին տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճը գրանցվել է Հայաստանում՝ 11.4 տոկոս։ Միքայելյանը սա «սուտ» է որակել․
«Նախ՝ տնտեսական աճերը հաշվելիս պետք է հաշվի առնել տնտեսական կորուստներն Արցախում, որոնք հսկայական են: Թող այս աճից հանեն Արցախի կորուստները, նոր խոսեն»։
Վերադառնալով վարկանիշային ընկերության կողմից մատնանշված ռիսկերին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և խաղաղության պայմանագրի կնքմանը՝ Միքայելյանը հայտարարել է․
«Փաշինյանն ինքն էլ չի հավատում այդ կայուն համաձայնագրի հեռանկարին, սակայն կատարում է իրեն վերապահված դերը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Fitch Ratings-ը՝ Հայաստանի տնտեսության մասին