Fitch-ն անփոփոխ է թողել ՀՀ վարկանիշը` «կայուն» հեռանկարով․ ինչպե՞ս բարելավել այն
Fitch-ն անփոփոխ է թողել ՀՀ վարկանիշը
Ամերիկյան Fitch Ratings հեղինակավոր վարկանիշային ընկերության կանխատեսմամբ՝ 2024 թ․-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 6%, 2025 թ․-ին՝ 5,5%, իսկ 2026 թ․-ին՝ 5,1%։ Հայաստանյան «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Նարինե Պետրոսյանն ասում է՝ տնտեսության ներկայիս զարգացումները, տարեսկզբին գրանցված բավական խոստումնալից աճը հույս են ներշնչում, որ այդ կանխատեսումները կիրականանան։
Fitch Ratings-ի զեկույցի համաձայն՝ պահպանվել է Հայաստանի՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով:
Fitch Ratings-ի վարկանիշային կատեգորիաները նշվում են տառերով՝ «A» — գերազանց, «B» — լավ, «C» — վատ, «D» — շատ վատ: Վարկանիշում տառերին ավելանում են «+» կամ «-» նշանները։ Նրանք ներկայացնում են միջանկյալ գնահատական: Ընդ որում, որքան շատ են տառերը վարկանիշում, այնքան ավելի բարձր է միավորը:
Տնտեսագետ Նարինե Պետրոսյանի գնահատմամբ՝ աշխարհաքաղաքական անորոշության պայմաններում այդ վարկանիշի բարելավումը փոքր-ինչ դժվար, բայց լուծելի խնդիր է։
«Fitch-ի զեկույցում նշվում է, որ վարկանիշի բարձրացմանը խոչընդոտող հիմնական գործոններն են բյուջեի դեֆիցիտը, աշխարհաքաղաքական ռիսկերն ու դոլարայնացման համեմատաբար բարձր մակարդակը: Հետևաբար, վարկանիշի բարձրացմանը կարող է նպաստել այդ երեք ուղղություններով առկա բացերի վերացումը»,- «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է նա։
Fitch Ratings-ի գնահատականը համապատասխանում է ՀՀ տնտեսության ներկայիս վիճակին
Տնտեսագետ Նարինե Պետրոսյանն ասում է՝ Հայաստանին «BB-» վարկանիշի շնորհումը, այն էլ՝ կայուն հեռանկարով, կարելի է դրական գնահատել, քանի որ դա վկայում է երկրի մակրոկայունության պահպանման մասին.
«Պետք է հաշվի առնել այն, որ չնայած առկա աշխարհաքաղաքական անորոշություններին և հնարավոր ռիսկերին՝ Fitch-ն անփոփոխ է թողել դեռևս տարեսկզբին սահմանած վարկանիշը»։
Փորձագետի համոզմամբ՝ վարկանիշային ընկերության գնահատականը համապատասխանում է ՀՀ տնտեսության ներկայիս իրավիճակին: Ասում է՝ պետք է դիտարկել այդ գնահատանի բոլոր ասպեկտները՝ տնտեսական աճ, պարտք, արտաքին ֆինանսներ, բանկային հատված, գնաճ, դրամավարկային քաղաքականություն։
Նրա խոսքով՝ վարկանիշի պահպանմանը նպաստած հիմնական գործոններն են՝
- ցածր ու համեմատաբար կայուն գնաճը,
- 2022 թ․-ից շարունակվող բարձր տնտեսական աճը, որն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է մոտ 9.2 տոկոս:
«Թեև տնտեսական ակտիվության աճն այժմ դրսևորում է աստիճանական դանդաղման միտում, այնուամենայնիվ, այն տատանվում է 10 տոկոսի շուրջ ու շարունակում է համեմատաբար կայուն աճի հույսեր ներշնչել»,- ընդգծում է նա։
«BB-» վարկանիշը ենթադրում է երկրի վճարունակության ռիսկերի առաջացում
Փորձագետի խոսքով՝ նման ռիսկեր կարող են ի հայտ գալ տնտեսական հնարավոր անկայունության պարագայում։ Սակայն այդ ռիսկերի դրսևորման «հավանականությունը բավականին ցածր» է համարում․
«Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված արտաքին շոկերը հանգեցրին նրան, որ Հայաստանը նահանջեց կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցության վտանգավոր սահմանից (60 տոկոս)՝ 2022 թ․-ին այն հասցնելով 46.7, իսկ 2023 թ․-ի վերջին՝ 48.1 տոկոսի: Այսինքն՝ պարտքի վտանգավոր շեմի տեսանկյունից ՀՀ-ն հայտնվեց ավելի ցածր ռիսկայնության տիրույթում»։
Տնտեսագետի գնահատմամբ՝ առնվազն միջնաժամկետ հեռանկարում երկիրը վճարունակության էական ռիսկերի չի բախվի, քանի որ «նախատեսվում է պարտքը պահել կառավարելի մակարդակում»։
Հիշեցնում է գործադիրի՝ 2025-27 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրիրը, ըստ որի՝ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027 թ․-ին կարող է հասնել առավելագույնը 55 տոկոսի:
«Բացի այդ, կառավարության պարտքի ընդհանուր կառուցվածքում ՀՀ դրամով պարտքը պատմականորեն բարձր մակարդակի է, ինչը նվազագույնի է հասցնում նաև արժույթի փոխարժեքի տատանումներով պայմանավորված հնարավոր ռիսկերը»,- նշում է նա։
Ի՞նչ է պետք անել վարկանիշի բարձրացման համար
Նարինե Պետրոսյանի խոսքով՝ երկրի վարկանիշի բարձրացման համար պետք է աշխատանքներ իրականացնել, մասնավորապես՝ վերացնել բացերը հետևյալ երեք ուղղություններով՝
- բյուջեի դեֆիցիտ,
- դոլարայնացման համեմատաբար բարձր մակարդակ,
- աշխարհաքաղաքական ռիսկեր։
Հիշեցնում է՝ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվում է մինչև 2025 թվականը փոքր-ինչ բարձրացնել դեֆիցիտը՝ հասցնելով սկզբում մինչև 5.5 տոկոսի, այնուհետև՝ մինչև 3.5 տոկոսի․
«Այսինքն՝ հույս կա, որ մինչև 2027 թվականը դեֆիցիտի ծրագրվող կրճատումը կարող է հնարավորություն ստեղծել հետագայում Հայաստանի վարկանիշի բարելավման համար»։
Տնտեսագետի դիտարկմամբ՝ երկրում բարձր մակարդակի վրա էր նաև դոլարայնացման մակարդակը, սակայն արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ նվազում է նկատվում․
«Ներկայումս ազգային արժույթը բավականին կայուն վարքագիծ է դրսևորում դոլարի նկատմամբ»։
Պետրոսյանի խոսքով՝ եթե այս միտումը պահպանվի, այսինքն՝ շուկայում արտարժույթի ծավալը պակասի, դա նույնպես կնպաստի Fitch-ի կողմից Հայաստանի վարկանիշի բարձրացմանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Fitch-ն անփոփոխ է թողել ՀՀ վարկանիշը