Թրամփի երդմնակալությունը
Այսօր Վաշինգտոնում կկայանա ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը:
Հանդիսավոր արարողությունը սկսվել է երաժշտական ելույթներով ԱՄՆ արևելյան ափի ժամով 09:30: Ազգային օրհներգը կերգի 16-ամյա երգչուհի Ջեքի Իվանկոն, այնուհետև տեղի կունենան կրոնական առաջնորդների ելույթները, հետո կկայանա փոխնախագահ Մայքլ Փենսի երդմնակալությունը, իսկ կեսօրին՝ երդման տեքստը կկարդա ինքը՝ Դոնալդ Թրամփը:
Նախօրեին՝ Վաշինգտոնում կայացած համերգի ժամանակ, Դոնալդ Թրամփն ընտրողներին խոստացավ «միավորել» Ամերիկան: «Մենք մտադիր ենք միավորել երկիրը… Մենք ուզում ենք Ամերիկան մեծ երկիր դարձնել ողջ ժողովրդի համար: Մեր ողջ երկրում բոլորի և յուրաքանչյուրի համար», — ասել է Թրամփը երկու ժամ տևած համերգից հետո:
Ելույթ ունենալով Լինքոլնի հուշարձանի աստիճաններին՝ Թրամփն ամերիկացիներին փոփոխություններ խոստացավ, այդ թվում նաև՝ նոր աշխատատեղերի ստեղծում, սահմանների ամրապնդում և բանակի ուժեղացում:
Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի է ունենում հետաքննության մասին տեղեկատվության ֆոնին, որը նորընտիր նախագահի համախոհների հանդեպ անկացնում են ամերիկյան հատուկ ծառայությունները: Ինչպես գրում է The New York Times-ը, հետաքննությունը վերաբերում է ռուսական պաշտոնական անձանց հետ Թրամփի շրջապատի կապերին: Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ հետաքննությունն ընթանում է Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի, գործարար, նախընտրական արշավի՝ արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Կարտեր Փեյջի, ինչպես նաև Թրամփի խորհրդական և վստահված անձ Ռոջեր Սթոունի հանդեպ:
Նախորդ օրն ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբաման հրաժեշտի նամակ է հասցեագրել ընտրողներին: «Այն ամենն, ինչ սովորել եմ իմ պաշտոնավարման ընթացքում, սովորել եմ ձեզնից, — գրել է Օբաման: — Ձեր շնորհիվ ես ավելի լավն եմ դարձել՝ որպես նախագահ և որպես մարդ»:
Նամակում նախագահը հիշեցնում էր իր նախագահության տարիներին գրանցած ձեռքբերումների՝ բժշկության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունեցած հաջողությունների, ամերիկացիների մեծ մասի համար բժշկական ծառայությունների հասանելիության, միասեռ ամուսնությունների օրինականացման, փախստականներին ցուցաբերած օգնության մասին:
Նամակի վերջում Օբաման կոչ է անում ամերիկացիներին անկախ քաղաքական պատկանելիությունից երկրի ազնիվ քաղաքացիներ լինել: «Եվ երբ ձեզ թվա, թե առաջընթացի արագությունը դանդաղում է, հիշե՛ք. Ամերիկան մեկ հոգու նախագիծ չէ, մեր ժողովրդավարությունում մեկ ամենահզոր բառ կա՝ «մենք»-ը: Մենք՝ ժողովուրդը: Մենք կհաղթահարենք ամեն ինչ: Այո, մենք կարող ենք», — նշել է Օբաման:
Դեռևս հայտնի չէ, թե Սպիտակ տնից հեռանալուց հետո ինչով է զբաղվելու ԱՄՆ 44-րդ նախագահը: Հավանաբար, Օբաման հանրային գործունեությամբ կզբաղվի և կդասավանդի: Նա հերքեց այն լուրը, թե պատրաստվում է Գերագույն դատարանի դատավոր դառնալ:
Ինչպես նշում է Բի-Բի-Սի-ն, իր հարցազրույցներում նա հայտարարել է, որ ուզում է օգնել դեմոկրատների առաջնորդների նոր սերունդ դաստիարակել, սակայն «անթերի տարբերակ կլիներ «NBA բասկետբոլային թիմ ստեղծելը»: