Ճգնաժամն ուզում էր մեզ փրկել
Ծխախոտի գներն Ադրբեջանում. ծխողները չեն հանձնվում և հաղթում են
Ծխախոտային ճգնաժամ
Դա արդեն վաղուց լուռ ծես է դարձել: Ես գլխի շարժումով բարևում եմ կրպակի երիտասարդ վաճառողին և երեք թղթադրամ եմ նրան պարզում: Նա գլխով է անում, վերցնում է փողն ու ինձ ծխախոտի երկնագույն նեղ տուփ է տալիս: Սակայն այսօր իրերի սովորական դասավորությունը խախտվել է: Ծխախոտը տալիս վաճառողը դավադրաբար հաղորդում է. «Քոնն էլ շուտով կթանկանա»:
Այնքան էլ հաճելի նորություն չէ, սակայն լիովին սպասված: Դրանից առաջ ծխախոտի որոշ տեսակների գները բարձրացան. դրանք թանկացան 20-30 կոպեկով՝ ադրբեջանական շուկայի ավանդական արձագանքն է դոլարի փոխարժեքի հերթական բարձրացմանը: Իսկ հիմա կարծես թե հերթը հասել է նաև իմ Davidoff-ին:
Վաճառողն իրավացի էր. արդեն հաջորդ առավոտյան նույն տուփն ինձ վաճառեցին 3 մանաթի փոխարեն 3,30-ով: Եվ սա Ադրբեջանում ծխախոտային արտադրանքի գների առաջին բարձրացումը չէ: Անցած մեկ կամ մեկուկես տարվա ընթացքում ծխախոտը կրկնակի կամ նույնիսկ ավելի շատ է թանկացել: Նույն այդ Davidoff-ը 2015թ-ի սկզբին արժեր 1,5 մանաթ և այն ժամանակ թանկ էր համարվում: Իսկ այժմ 1,5 մանաթն ամենաէժան ծխախոտի գինն է, որոնց ոմանք անցան, երբ իրենց նախընտրած ծխախոտը թանկացավ: Ժողովրդի մեջ նույնիսկ «շվայտության» նոր չափանիշ հայտնվեց. դիրքերը չզիջել այդ բոլոր վայրիվերումներից հետո և շարունակել ծխել նույն ծխախոտը:
Ծխողները չեն հանձնվում
Առողջ ապրելակերպի կողմնակիցները կարծում են, որ թանակցումը լիովին կարող է ստիպել թողնել ծխելը: Սակայն մեր անցկացրած հարցումը ցույց է տալիս, որ նման բան հավանաբար տեղի չի ունենա:
Այսպես, օրինակ, Տատյանա Կովալյովան պնդում է, որ ծխելը չի թողնի, եթե անգամ գները կրին բարձրանան:
«Ես օրական մի տուփ եմ ծխում, և ի վերջո դա այնքան էլ մեծ գումար չէ: Ես ավելի լավ է դադարեմ անձեռոցիկ կամ երշիկ գնե, սակայն ծխելը չեմ թողնի», — ասում է Տատյանան:
Նրա հետ համաձայն է Քյամրան Աղաբեկովը.
«Իմ ծխախոտը կրկնակի է թանկացել, սակայն ես շարունակում եմ նույնը ծխել և չեմ պատրաստվում հրաժարվել: Չեմ կարծում որ բարձր գներն ինչ-որ մեկին, այդ թվում և ինձ, կարող են ստիպել հրաժարվել ծխելուց: Ծայրահեղ դեպքում եթե իմ սովորական ծխախոտն արդեն շատ թանկանա, ավելի հասանելի փոխարինող կգտնեմ և կանցնեմ ինքնաշեն գլանակների»:
Սակայն ոմանք արդեն զոհաբերել են իրենց սովորությունները հանուն տնտեսման: Մուստաֆա և Վալիդա Զաքիրովները խոստովանում են, որ ծխախոտի գների բարձրացումը հարվածել է իրենց ընտանեկան բյուջեին: Եթե նախկինում ծխախոտի վրա ամսական 70 մանաթ էին ծախսում և համարում էին, որ դա շատ է, ապա այդ գումարն այժմ մոտ 100 մանաթ է կազմում:
«Առաջին թանկացումից հետո մենք կսեցինք ավելի էժան ծխախոտ ծխել: Սակայն այժմ, երբ դրանք էլ են թանկացել, այդ հնարքը չի անցնի, քանի որ այն ամենն, ինչ 2 մանաթից պակաս արժե, իմ կարծիքով լրիվ թույն է, որով ափսոս է թոքերս թունավորեմ: Իսկ եթե գները շարունակեն աճել, ծայրահեղ միջոցի կդիմեմ. ամենաէժան ծխախոտին կանցնեմ և մուշտուկով կծխեմ վնասը նվազագույնի հասցնելու համար», — «ծխախոտային ճգնաժամի» հաղթահարման իր պլաններով է կիսվում Մուստաֆան:
Իսկ ինչ վերաբերում է նրա կնոջն, ապա, նրա կարծիքով, ինչպես ծխախոտի, այնպես էլ մնացած ապրանքի գների թանկացումը միայն խթանում է ծխելը:
«Երբ ես նյարդայնանում եմ այս արժեզրկումների պատճառով և այլն, սովորականից ավելի շատ եմ ծխում: Եվ ես միակը չեմ, — պատմում է Վալիդան: — Շատերի համար Ադրբեջանում ծխելը սթրեսից ազատվելու յուրօրինակ միջոց է, սփոփանք է կյանքի վայրիվերումներից: Հետևաբար, որքան մեծ է սթրեսը, այդքան ավելի շատ են մարդիկ ծխում: Եվ թանկացումը, նույնիսկ կրկնակին, նրանց չի ստիպի հրաժարվել ծխախոտից: Ընդհանրապես, ինձ թվում է, որ ծխելը թողնելուն հակված են ավելի ապահովված մարդիկ, ում կյանքն ավելի կայուն, հանգիստ է: Նրանք ծխելու այդքան մեծ կարիք չունեն, որքան պակաս ապահովված շերտերը»:
Յուրաքանչյուր ծխող իր համար արդեն հակաճգնաժամային մեթոդ է մշակել. ծխախոտը Թբիլիսիից գնել, որտեղ դրանք ավելի էժան են, իսկ ընտրությունն ավելի մեծ է, թութուն ծխել, ավելի էժան ծխախոտ ծխել, սակայն ոչ ոք այդպես էլ չասաց. «Այո, դա թանկ է, այդ պատճառով էլ ես ծխելը կթողնեմ»:
Կայուն զարգացման հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ նախորդ մի քանի տարվա ընթացքում ծխողների թիվն Ադրբեջանում զգալիորեն աճել է: Սակայն գոնե մոտավորապես նրանց թիվը պարզելը բարդ է, քանի որ այդ մասին կարելի է դատել միայն վաճառվող ծխախոտի քանակով:
Ընդ որում, եթե նախկինում ծխողների հիմնական զանգվածը չափահաս տղամարդիկ էին, ապա այժմ նրանց շարքերը համալրում են ավելի ու ավելի շատ կանայք, դեռահասներ և նույնիսկ մինչև 13 տարեկան երեխաներ:
Ծխողները հաղթում են
Որոշ ժամանակ էլ անցավ և պարզվեց, որ ծխողների կողմից ավելի էժան տարբերակների զանգվածային անցումն այնքան ուժեղ է հարվածել արտադրողների և ծխախոտ վաճառողների գրպանին, որ նրանք նահանջել են: Դեկտեմբերի կեսերին 2 մանաթից ավել գին ունեցող ծխախոտն անսպասելի էժանացավ միջինում 15%-ով: Եվ դա՝ դոլարի աճող փոխարժեքի և ամեն ինչի թանկացման ֆոնին:
Վաճառողների խոսքով, գների այդ անսպասելի իջեցումը երկու գործոնի հետ է կապված: Առաջին հերթին, շատերն անցել են ավելի էժան ծխախոտի, և ավելի թանկերի պահանջարկն ընկել է: Երկրորդ հերթին, տեղական շուկայում ավելի շատ մրցունակ մաքսանենգ ապրանք է հայտնվում: Մի խոսքով, շվեյցարական Մալբորոն այնքան էլ թանկ չէ իր ադրբեջանական ակցիզային ապրանքանիշի «նմանակից», սակայն «շվեյցարացու» որակն ավելի լավն է:
Տնտեսագետ Թորգուլ Մաշալին հաստատում է վաճառողների խոսքերն ու ավելացնում է, որ Ադրբեջանը մեծ մասամբ Ռուսաստանից և Ուկրաինայից է ծխախոտ ներկրում: Միջինում Ռուսաստանից ներկրված մեկ տուփ ծխախոտի արժեքը մոտ 54 ցենտ է, իսկ Ուկրաինայից ներկրվածինը՝ 38 ցենտ: Ակցիզային վճարումների և այլ հարկերի հետ միասին այդ գինն աճում է մոտ 20-30%-ով:
«Կարճ ասած, ծխախոտի գնի բարձրացումը չարաշահում է: Նրանց մեծ մասի ինքնարժեքը շատ ավելի ցածր է նշված գնից: Հատկապես եթե հաշվի առնենք մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ ծխախոտի ներմուծումը», — նկատում է Մաշալին:
Այսպիսով, այժմ ծխողները կարող են ժլատ վաճառողների հանդեպ հաղթանակ տոնել՝ նրանց ստիպելով գներն իջեցնել դեպի ինքնարժեքը:
• Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ ծխելն աշխարհում տարեկան մոտ 6 մլն մարդու մահվան պատճառ է դառնում և նիկոտինային կախվածությունն իր ուժգնությամբ զիջում է միայն ալկոհոլային կախվածությանը:
• Ադրբեջանում հասարակական վայրերում ծխելը թույլատրված է
• Երբ պատգամավորներից մեկն առաջարկեց արգելել այն, բանը չհասավ խորհրդարանում քննարկմանը:
• Արգելված է 18 տարեկանից երիտասարդ անձանց ծխախոտ վաճառել:
• Ադրբեջանում ծխախոտն ավելի էժան է, քան Եվրոպայում և Թուրքիայում, որտեղ բարձր հարկերը տվյալ պարագայում հակածխախոտային քաղաքականության մաս են կազմում:
გამოქვეყნდა 28.12.2016