COVID-19. օրենքը պետական ոլորտի համար, տուգանքը՝ նաև մասնավորի
Մասնավոր ոլորտի գործատուն չի կարող աշխատանքից ազատել աշխատակցին, եթե նա չի պատվաստվել կամ թեստավորվել։ Օրենսդրական փոփոխությունը, որն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից, վերաբերում է միայն պետական ոլորտին։
Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգայցերը շարունակական են լինելու։ Խախտումների արձանագրման դեպքում տուգանվելու են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի աշխատակիցները։ Առաջին անգամ խախտում հայտնաբերելու պարագայում ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառվելու է 10-20.000 դրամ, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 40-120.000 դրամ տուգանք։
Ոլորտի մասնագետները լրագրողներին են ներկայացրել սպասվելիք փոփոխությունները։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի խոսքով՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի փոփոխությունը տարածվում է միայն պետական ոլորտի վրա, մասնավորի պարագայում գործատուն չունի իրավական հիմքեր աշխատակցին ազատելու համար։
«Մասնավորի պարագայում բոլոր փոփոխությունները պետք է կատարվեն «Աշխատանքային օրենսգրքում», ոչ թե ոլորտային օրենքում։ Նման փոփոխություններ դեռևս նախատեսված չեն», — «Արմենպրես» գործակալության կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Ժորա Սարգսյանը։
Անդրադառնալով սոցփաթեթի շրջանակներում թեստավորումներն իրականացնելու հնարավորությանը՝ Սարգսյանն ասաց, որ լիազոր մարմինը՝ առողջապահության նախարարությունն է որոշում, թե ինչ բժշկական ծառայություններից կարող է օգտվել սոցփաթեթի շահառուն։ Կա կառավարության համապատասխան որոշում, որը փոփոխության ենթարկելու որոշումը նույնպես պետք է կայացնի լիազոր մարմինը։
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի համաձայն՝ պետական և համայնքային ծառայողները պետք է գործատուին ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան՝ 14 օրը մեկ։ Իսկ այն անձինք, որոնք ունեն հակացուցումներ, պետք է ներկայացնեն այդ մասին հավաստող բժշկական տեղեկանք։
Այս երեք փաստաթղթերից որևէ մեկը չներկայացնելու պարագայում գործատուն կարող է ազատել աշխատակցին՝ համաձայն «Հանրային ծառայության» մասին օրենքում վերջերս արված փոփոխության։
Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը տեղեկացրեց, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծի լրամշակված տարբերակն ուղարկվել է վարչապետի աշխատակազմ։ Հավանության արժանանալու դեպքում այն կքննարկվի խորհրդարանում։
Տուգանքներ մասնավոր սեկտորում
Թեև օրենսդրական փոփոխությունը վերաբերում է միայն պետական ոլորտին, մասնավորապես՝ պետական և համայնքային ծառայողներին, բայց խախտումների դեպքում կտուգանվեն նաև մասնավոր ոլորտի աշխատակիցները։
«Այո, որովհետև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն ասում է, որ սանիտարական նորմերի չպահպանելն առաջացնում է տուգանքի որոշում ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ», — նշում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը։
Հարությունյանի խոսքով՝ իրենց նպատակը ոչ թե տուգանելն է, այլ վարակը կանխարգելելը։ Մասնագետը հիշեցնում է, որ տեսչական մարմինն այս նպատակով ստուգայցեր է իրականացնում 2020 թ․-ի մարտից, երբ Հայաստանում գրանցվում էին COVID-19-ի առաջին դեպքերը։ Ինչպես նախկինում, այնպես էլ հոկտեմբերի 1-ից հետո դրանք իրականացվելու են պատահականության սկզբունքով․
«Մենք կարող ենք նույն օրվա մեջ տվյալ հիմնարկ հաճախել երկու անգամ, որևէ սահմանափակում չկա։ Եթե խախտումները շատ են, ու տրվել է կարգադրություն, որ պետք է վերացնեն խախտումները, այնտեղ կրկնակի ստուգայցեր են կատարվում, որ ստուգենք՝ ինչքանով է կատարվել մեր կարգադրությունը»։
«Պատվաստանյութը կանխարգելում է վիրուսը, ոչ թե ուղեկցող հիվանդությունները»
Առողջապահական ոլորտի մասնագետների խոսքով՝ օրենսդրական փոփոխությունը պայմանավորված է Հայաստանում առկա կորոնավիրուսային լարված իրավիճակով, նպատակը մեկն է՝ կանխել վարակի տարածումն ու ծանր, ծայրահեղ ծանր, ինչպես նաև մահվան դեպքերը:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանի տեղեկացմամբ՝ վերջին 14 օրվա տվյալները ցույց են տալիս, որ դեպքերն աճել են 18%-ով․
«Եթե միջոցառումներ չձեռնարկենք, ապա առաջիկա 7 օրվա ընթացքում կունենանք մոտավորապես 5930 նոր դեպք։ Այս դեպքերից մոտավորապես 30%-ը կհոսպիտալացվի, իսկ հոսպիտալացվածների 3%-ը, ցավոք սրտի, կարող է ունենալ ինտենսիվ թերապիայի կարիք»։
Ռոմելա Աբովյանը կարծում է, որ միայն պատվաստումները կարող են թույլ տալ կառավարել վիրուսը։ Անդրադառնալով դիտարկմանը, թե պատվաստվելուց հետո ուղեկցող հիվանդությունը կարող է սրվել ու հանգեցնել մահվան, նա ընդգծեց, որ պատվաստանյութը կանխարգելում է կորոնավիրուսը, այլ ոչ թե ուղեկցող հիվանդությունները: