Brexit-ի վերաբերյալ վճիռ
Բրիտանիայի կառավարությանը խորհրդարանի համաձայնությունը կպահանջվի Եվրամիությունից դուրս գալու գործընթաց սկսելու համար: Դրա վերաբերյալ վճիռ է կայացրել երկրի Գերագույն դատարանը: Այդպիսով, այն սատարել է Լոնդոնի Բարձր դատարանի նոյեմբերին կայացրած որոշմանը:
Բացի այդ, ինչպես հաղորդում է Բի-Բի-Սի-ն, դատարանը վճռել է, որ Եվրամիությունից դուրս գալու համար Մեծ Բրիտանիայի իշխանությունները պետք է խորհրդատվություն անցկացնեն Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի ներկայացուցիչների հետ:
Խոսքը գնում է Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը գործարկելու մասին, որում խոսվում է Եվրամիությունից երկրի ելքի մասին:
ԵՄ-ից դուրս գալու օգտին Մեծ Բրիտանիայում 2016թ-ի հունիսի 23-ին կայացած հանրաքվեին կողմ է քվեարկել ընտրատեղամաս եկած քաղաքացիների գրեթե 52%-ը: Սակայն Եմ-ն լքելու մասին բանակցություններ նախաձեռնել Թերեզա Մեյի կառավարությանը մինչ այժմ չի հաջողվել:
Ավելի վաղ բրիտանական մամուլը հաղորդել է, որ կառավարությունը դատարանում հնարավոր պարտվության պարագայում օրինագիծ է պատրաստել, որով խորհրդարանը Մեյի կաբինետին իրավասություններ կտա ելքի գործընթաց սկսելու: Ըստ նախարարների մտադրության՝ այդ օրենքը արագ կարելի է անցկացնել համայնքների և լորդերի պալատով «բրեքսիթի» նախանշված ժամանակացույցը չձախողելու համար:
Վարչապետ Թերեզ Մեյն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է պաշտոնապես Եվրամիությանը հաղորդել, որ Բրիտանիան լքում է ԵՄ-ն՝ դրանով իսկ 50-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգ գործարկել մինչև 2017թ-ի մարտի վերջ: ԵՄ հետ բանակցությունները մոտ երկու տարի պետք է տևեն: