Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը կարող է կանգնած լինել խարդախության համաշխարհային ցանցի հետևում. BBC
BBC-ն՝ Վրաստանի զանգերի կենտրոնների մասին։
BBC-ն հրապարակել է լրագրողական հետաքննություն, ըստ որի՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին կարող է կապված լինել խարդախության համաշխարհային ցանցի հետ, որը եվրոպացի քաղաքացիներին խաբելով ավելի քան մեկ միլիարդ դոլար է վաստակել։
Գործը վերաբերում է ֆինանսական խարդախության սխեմայի, որը BBC-ն հետաքննում է ավելի քան մեկ տարի: Ցանցը ոստիկանությանը հայտնի է որպես Milton Group: BBC-ի տեղեկությունների համաձայն՝ բացահայտվել է այդ ցանցում ընդգրկված ավելի քան 152 ապրանքանիշ։ Խարդախությամբ զբաղվողները զանգահարել են եվրոպացի քաղաքացիներին, առաջարկել ներդնել իրենց խնայողությունները և բազմապատկել կապիտալը ու խաբեությամբ հազարավոր, իսկ որոշ դեպքերում հարյուր հազարավոր եվրոներ կամ ֆունտ ստերլինգներ են մուտքագրել հատուկ կրիպտո հաշիվների: Որպեսզի պոտենցիալ զոհերը որևէ բան չկասկածեն, խարդախությամբ զբաղվող ընկերություններն ակտիվորեն օգտագործել են գովազդ սոցիալական ցանցերում:
BBC-ի փոխանցմամբ՝ պարզել են, թե ով է կանգնած այդ ցանցի հետևում։ Մատնանշել են հինգ հոգու անուն, որոնցից չորսը վրացական ազգանուններ ունեն և, հավանաբար, Վրաստանի քաղաքացիներ են։ Խոսքը Դավիթ Թոդուայի, Ռատի Չելիձեի, Գուրամ Գոգեշվիլիի, Իոսիֆ Մգելաձեի և Միխայիլ Բենիմինի մասին է:
ВВС-ն գրում է, որ այս անուններն ու ազգանունները ներառված են եղել Պանամայի փաստաթղթերում և կապված են Դավիթ Կեզերաշվիլիի հետ։
Ընդգծում է, որ չի կարող փաստագրել Կեզերաշվիլիի կապն այդ ցանցի հետ։ Հետաքննող լրագրողները չեն կարողացել գտնել կոնկրետ ապացույցներ, որ Կեզերաշվիլին Milton Group ապրանքանիշերի հետ կապված ֆինանսական շահեր ունի։
Սակայն լրագրողները հիշատակում են նաև այլ կարևոր մանրամասներ, որոնք, ըստ նրանց, կարող են վկայել այդ գործի հետ Կեզերաշվիլիի առնչության մասին։
«Շատ հետքեր տանում են դեպի մեկ գործիչ՝ Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Դավիթ Կեզերաշվիլին, ով երկու տարի եղել է երկրի պաշտպանության նախարար»,- ասվում է հետաքննության մեջ։
Ինչպես պարզել են լրագրողները, Դավիթ Կեզերաշվիլին հանդես է եկել որպես նախքան Milton Group-ը գոյություն ունեցած օֆշորային և սուբսիդավորվող ընկերությունների հիմնադիր կամ բաժնետեր։
Milton Group-ի մի քանի նախկին աշխատակիցներ անանունության սկզբունքով BBC-ի հետ զրույցում հաստատել են, որ իրենք անմիջական կապ են ունեցել Կեզերաշվիլիի հետ, և որ նա ներգրավված է եղել Milton Group-ում:
Լրագրողները պարզել են նաև, որ Կեզերաշվիլին հաճախ է իր սոցիալական ցանցերում գովազդել կեղծ առևտրային հարթակներ։ LinkedIn բիզնես սոցիալական ցանցում նա իր հաշիվը գրեթե բացառապես օգտագործել է Milton Group-ի հետ կապ ունեցող ընկերությունների աշխատատեղերը գովազդելու և դրանց գրառումները վերահրապարակելու համար:
Որպես Կեզերաշվիլիի դեմ լրացուցիչ ապացույց՝ BBC-ն մեջբերում է այն փաստը, որ Կեզերաշվիլիին պատկանող մի քանի ընկերություններ օգտագործել են մասնավոր փոստային սերվեր, որից օգտվել են միայն Milton Group-ի ընկերությունները:
- Վրաստան. 34 տարի՝ ապրիլի 9-ի ողբերգությունից և 31 տարի՝ անկախությունը վերականգնելուց հետո
- ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել 4 վրացի դատավորների նկատմամբ
Կեզերաշվիլիին է պատկանում նաև Կիևում գտնվող շենքը, որտեղ տեղակայված էր կեղծ «զանգերի կենտրոնի» գրասենյակը: Նոյեմբերին ոստիկանությունն այնտեղ խուզարկություն էր իրականացրել։
BBC-ն գրում է, որ Կեզերաշվիլին գրասենյակներ ունի Թբիլիսիում, որտեղ տեղակայված են նաև խարդախությամբ զբաղվող որոշ ընկերություններ։
Ըստ BBC-ի՝ ուշադիր ստուգել են նաև Milton Group-ի հինգ բարձրաստիճան ներկայացուցիչների (Դավիթ Թոդուա, Ռատի Չելիձե, Գուրամ Գոգեշվիլի, Իոսիֆ Մգելաձե և Միխայիլ Բենիմինի) սոցիալական ցանցերի օգտահաշիվները և պարզել, որ նրանցից չորսը սերտ սոցիալական կապեր ունեն Կեզերաշվիլիի հետ (BBC-ն գրում է, որ նրանցից մեկը Կեզերաշվիլիի զարմիկն է)։ Օրինակ՝ հայտնաբերվել են հարսանիքների և այլ իրադարձությունների ժամանակ արված համատեղ լուսանկարներ:
Հոդվածում հիշատակվում է նաև այն, որ Կեզերաշվիլին ունի առնվազն 45 ֆեյսբուքյան ընկեր, որոնք կապ ունեն Milton Group-ի խարդախության հետ։
Կեզերաշվիլիի փաստաբանները BBC-ի հետ զրույցում հայտարարել են, որ իրենց հաճախորդը կտրականապես հերքում է Milton Group-ի հետ ցանկացած առնչություն: Գուրամ Գոգեշվիլին, Ռատի Չելիձեն և Իոսիֆ Մգելաձեն նույնպես հերքել են մեղադրանքները։ Մայքլ Բենիմինին չի պատասխանել լրագրողների հարցերին։
Ի՞նչ է «զանգերի կենտրոնը»
Վրացական ընդդիմությունն ու իշխանությունը վաղուց միմյանց մեղադրում են, այսպես կոչված, «զանգերի կենտրոնների» հետ առնչություն ունենալու մեջ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է նախորդ կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի՝ Դավիթ Կեզերաշվիլիի, իսկ երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլին՝ պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի մեղավորության մասին։
«Զանգերի կենտրոնների» խարդախ գործունեության զոհ են դարձել եվրոպական տարբեր երկրներում ապրող մարդիկ։ Նախապես մշակված պլանի համաձայն՝ «զանգերի կենտրոնի» աշխատակիցները կեղծ հեռախոսահամարներով կապ են հաստատել Գերմանիայի և այլ երկրների քաղաքացիների հետ, ներկայացել հորինված անուններով, կեղծ տեղեկություններ տրամադրել իրենց ընկերության գտնվելու վայրի մասին և առաջարկել մասնակցել արժեթղթերի, արժույթների և կրիպտոարժույթների էլեկտրոնային առևտրի՝ հարթակների օգտագործմամբ գործող կեղծ էլեկտրոնային հաշիվների միջոցով։
Օպերատորները վստահեցրել են, որ իրենց օգնությամբ էլեկտրոնային առևտրի դեպքում նրանք կկարողանան զգալի շահույթ ստանալ: Օգտատիրոջ համաձայնությունը ստանալուց հետո էլեկտրոնային առևտրի համար հատկացված միջոցները փոխանցվել են հանցավոր խմբի կողմից վերահսկվող բանկային հաշիվների։
Այնուհետև այդ գումարները խմբի կողմից փոխանցվել են արտասահմանում հիմնված ընկերությունների հաշիվներին, որտեղից էլ դրանք հայտնվել են Վրաստանում գտնվող ընկերությունների հաշիվներին մտացածին նպատակով՝ որպես մատուցած ծառայությունների վճար։
Այս սխեմայի շրջանակներում 2021 թվականին հանցագործներն օրինականացրել են ապօրինի եկամուտներ՝ 9,490,991 եվրո, 716,642 դոլար և 218,000 բրիտանական ֆունտ ստերլինգ։ Այդ ժամանակ դատախազությունը պաշտոնական հայտարարություն էր արել անդրազգային հանցագործության բացահայտման մասին։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ Վրաստանի և Իսրայելի քաղաքացիները ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ կառուցվածքային ձևով, գործելով համաձայնեցված, խաբեությամբ տիրացել են «Գերմանիայի քաղաքացիներին պատկանող միլիոնավոր եվրոներին և օրինականացրել ապօրինի, հանցավոր ճանապարհով ձեռքբերված եկամուտները»։