Ջավախեթիում հանդիպում անցկացնելուց հետո Վրաստանի նախագահի թեկնածուին մեղադրում են այլատյացության համար
Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին կրկին սկանդալի կենտրոնում է:
Այս անգամ նրան մեղադրում են այլատյացության և ազգային հողի վրա ատելություն սերմանելու համար: Պատճառը Զուրաբիշվիլիի հայտարարություններն են, որոնք նա արել է Սամցխե-Ջավախեթի (Վրաստանի հարավ) շրջանի բնակչության հետ հանդնիպման ժամանակ, որը բնակեցված է հայերով:
Հոկտեմբերի 2-ին, Նինոծմինդա քաղաքում հավաքված ընտրողներին դիմելով, Զուրաբիշվիլին անդրադարձել է վրացական քաղաքացիություն ստանալու թեմային: Նա քննադատել է օրենքը, որի համաձայն, երկրորդ քաղաքացիություն կարող է տրամադրվել միայն նախագահի թույլտվությամբ, և խոստացել է այդ օրենսդրության փոփոխության լոբինգով զբաղվել:
Իր ելույթում Զուրաբիշվիլին Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրել է, որ նա նախընտրում էր երկրորդ քաղաքացիություն տալ թուրքերին և մերժում էր հայերին:
«Մի նախագահ, որն իմ ընդդիմախոսն է, անունն էլ նույնիսկ չեմ ուզում տալ, քաղաքացիություն էր տալիս շատ թուրքերի, բայց ձեզ քաղաքացիություն չէր տալիս», — հայտարարել է Զուրաբիշվիլին լեփ-լեցուն դահլիճում:
Այս խոսքերը փոթորիկ են առաջացրել ընդդիմության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ֆեյսբուքյան շարքային օգտատերերի շրջանում:
Զուրաբիշվիլիին մեղադրել են ազգային հողի վրա ատելություն սերմանելու, ինչպես նաև ոչ կոմպետենտության համար:
«Նման հայտարարություններն այդ տարածաշրջանում մեծ վտանգ և սխալ քաղաքական ձևի հայտ են ներկայացնում», — լրագրողներին ասել է Վրաստանի նախագահի «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Բակրաձեն:
Նախագահի անկախ թեկնածուի հայտարարությունն էլ ավելի կտրուկ են գնահատել «Միասնական ազգային շարժում» կուսակցությունում: Դրա առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան կարծում է, որ Զուրաբիշվիլիի խոսքերը հաստատում են. նա Վրաստանի թշնամին է:
«Մենք անհերքելի հաստատում ստացանք առ այն, որ Զուրաբիշվիլին սովորական թշնամի է: Ինչպե՞ս կարելի է նախագահ դառնալու ցանկություն հայտնել և ազգային փոքրամասնությունների՝ տվյալ դեպքում մեր հայ համաքաղաքացիների հետ խոսելիս ասել, որ նախորդ իշխանությունները քաղաքացիություն էին տալիս թուրքերին, իսկ ձեզ՝ հայերիդ, չէին տալիս», — Մելիայի խոսքերն է փոխանցում «Նովոստի Գրուզիան»:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մեծ մասամբ համաձայն են ընդդիմության հետ: «Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնություն» հկ նախագահ Գեորգի Մշվենիրաձեն նշում է, որ, թեև «Զուրաբիշվիլիի հայտարարությունն օրենքի շրջանակից դուրս չի գալիս, այն ավերիչ է»:
«Այդպիսի հայտարարությունները շատ վտանգավոր են, քանի որ թրքատյացություն են սերմանում: Նրա հայտարարությունում թուրքերը ներկայացված էին որպես ինչ-որ վտանգ: Դա միանշանակ այլատյացություն է: Ավելին, կրկնակի վտանգավոր է, երբ այդպիսի հայտարարություններն արվում են էթնիկ մի խմբի դիմելիս, որը որոշակի ցավոտ կապեր ունի Օսմանյան կայսրության հետ, որը գոյություն ուներ Թուրքիայից առաջ», — ասել է Մշվենիրաձեն «Նեթգազեթիին» տված հարցազրույցում:
«Այդպիսի հակապետական հայտարարությունների հեղինակը չի կարող նախագահ ընտրվել: Նա Վրաստանի համար բացարձակ խայտառակ թեկնածու է և խայտառակում է նրանց, ովքեր նրան աջակցում են: Երբ նա մեկնի Մառնեուլի [Վրաստանի շրջան, որտեղ էթնիկ ադրբեջանցիներ են բնակվում — JAMnews], երևի կասի, որ Սաակաշվիլին իրականում հայ էր», — ֆեյսբուքյան իր էջում գրել է «հանրապետական» Դավիթ Զուրաբիշվիլին:
Ֆեյսբուքում գրում էին, որ Զուրաբիշվիլին իր պայթյունավտանգ հայտարարություններով վտանգավոր է Վրաստանի համար: Դժգոհություն են հայտնել ոչ միայն ընդդիմադիր կեցվածք ունեցողներն, այլ նաև իշխանություններին հավատարիմ օգտատերերը:
«Այն, ինչ նա անում է, հայրենիքի դավաճանություն է»:
«Դիվանագետ էլ կոչվում է… Նա իր չմտածված հայտարարություններով մեզ մի պատերազմի մեջ կներքաշի»:
«Հանուն պոպուլիզմի և Սաակաշվիլիի հանդեպ ատելությունից դրդված՝ նա պատրաստ է զոհաբերել երկրի շահերը: Նա պատրաստ է «խաղալ» հայ և թուրք ժողովուրդների ցավոտ պատմական կոնֆլիկտի և մարդկանց զգացմունքների հետ»:
«Նրա նախագահությունը երկրի համար իրական վտանգ է», — գրում էին ֆեյսբուքյան օգտատերերը: