Էլեկտրաէներգիայի ազատ առևտուր Հայաստանում․ ռիսկեր և հնարավորություններ
Էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացում
Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկան 2022թ-ի փետրվարի 1-ից ազատականացվել է։ Այսինքն, սպառողն այսուհետ ինքն է որոշելու՝ որ արտադրողից և ինչ գնով գնել էլեկտրաէներգիա։ Սա բարդ գործընթաց է, սակայն այլընտրանք չունեցող, աշխարհի շատ երկրներ արդեն գնում են այս ճանապարհով։ Շուկան ազատականացված է ԵՄ բոլոր երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Վրաստանում, ազատականացվում է Մոլդովայում։
Այն մասին, թե ինչ հնարավորություններ են ստեղծվել Հայաստանում էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման հետ, ինչ ռիսկեր կան, արդյոք կաշխատի այստեղ նոր մոդելը։
- Արևային էներգետիկայի զարգացման ճանապարհին․ արդյո՞ք Հայաստանը կհրաժարվի ատոմակայանից
- Հայաստանի «սև ոսկին»։ Ինչպե՞ս կարող է պղինձն օգնել հայկական տնտեսությանը
- Հայաստանի էներգետիկ անվտանգության մասին
Շուկայի ազատականացման այբուբենը
Էլեկտրաէներգիան ապրանք է և կարող է վաճառվել տարբեր գներով։ Օրինակ, շատ երկրներում կան մարդիկ, որոնք ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում ընտրում են էլեկտրաէներգիայի «կանաչ» տեսակը՝ պատրաստ լինելով դրա համար ավելի շատ վճարել։
Գործընթացի հուսալիությունը երաշխավորվում է պետության կողմից։
Սա այն ապրանքային շուկան է, որտեղ չի կարող լինել մենաշնորհ, պարզ ասած, կարևոր է սակագների ձևավորման թափանցիկությունը, առողջ մրցակցությունը։ Իսկ սրան հասնելու համար դաշտում պետք է լինեն շատ խաղացողներ՝ էլեկտրաէներգիա վաճառող մեծ ու փոքր կազմակերպություններ։
Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և առևտրի ծրագիրը (Market Liberalization & Electricity Trade Program) իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ։ Գործընթացի մեջ ակտիվորեն ներգրավված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ ի դեմս էներգետիկայի վարչության։
Նախկինում բոլոր քաղաքացիներն ու տնտեսվարողներն էներգիա գնում էին Հայաստանի էլեկտրական ցանցերից: Թեև ընկերությունը բաշխումն իրականացնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով, սակայն գների ձևավորման վրա ազդում են իր հիմնավորումները։
ՀԷՑ-ը ստեղծվել է 2002թ-ին, զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազ. կմ: Սպասարկում է ավելի քան 1 մլն սպառողի:
2015-ին ռուսների կողմից ընկերության ռեսուրսների վատ կառավարման արդյունքում սակագների բարձրացման դեմ Հայաստանում բողոքի մեծ ալիք բարձրացավ։ Այն ժամանակ ՀԷՑ-ը ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերության 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունն էր: Բողոքի շարժումն անվանում ստացավ՝ `Էլեկտրիկ Երևան, և դրա շնորհիվ գները չբարձրացան։ Իսկ 2016-ին ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը գնեց ՀԷՑ-ը՝ իրականացնելով ֆինանսական մեծ ներդրումներ։
Շուկայի փոփոխության արդյունքում էներգիա վաճառողն ու գնորդը կարողանալու են հանդիպել առցանց հարթակում:
Այստեղ էլ գնորդները կկարողանան ծանոթանալ առաջարկվող էներգետիկ հզորություններին, գնային առաջարկներին։ Այսինքն, ձևավորվելու է էլետրաէներգիայի վաճառքի բորսա։
Նոր շուկայում նույնն են մնալու արտադրողները, բաշխիչ ու մատակարար օղակները, վաճառքի շղթայում դրանց և սպառողների միջև ավելանալու են մի շարք նոր մատակարար ընկերություններ:
Այս պահի դրությամբ հանձնաժողովը էներգիայի վաճառքի լիցենզիա է տրամադրել 6 մատակարարի, սակայն քաղաքացիներն ու տնտեսվարողները չեն շտապում նրանցից գնումներ անել։ Նրանք դեռևս սպասում են շահավետ առաջարկների, հավելյալ ծառայությունների, որպեսզի երաշխավորված մատակարար ՀԷՑ-ի հետ պայմանագրից հրաժարվեն:
Ազատականացված էներգետիկ շուկան իր կառուցվածքով նմանվելու է ինտերնետային ծառայությունների ոլորտին․ ով ավելի մրցակցային գին ու հավելյալ առաջարկներ ներկայացնի, նա ավելի շատ սպառողների կներգրավի։
Գրանցվել են նաև 3 թրեյդեր (վաճառող) ընկերություններ, որոնք հոսանք են վաճառելու խոշոր սպառող տնտեսվարողներին, ինչպես նաև երաշխավորված են իրականացնելու էլեկտրաէներիգայի միջպետական առևտուր։
Նոր իրավահարաբերությունների կարգավորման համար կատարվել են նաև օրենսդրական փոփոխություններ, որովհետև դաշտում բացի մատակարարներից ու թրեյդերներից ստեղծվել են նոր օղակներ՝ համակարգի օպերատոր, շուկայի օպերատոր, վճարահաշվարկային կենտրոն։
Ինչպես է աշխատելու համակարգը
Շուկայում էլեկտրաէներգիայի վաճառքին հիմնականում մասնակցում են արտադրողները, բաշխողը, սպառողները, նոր ստեղծված մատակարարներն ու թրեյդերները: Նրանց գործունեությունը կարգավորելու և կանխատեսելի դարձնելու համար ստեղծվել է շուկայի օպերատորի օղակը։ Այն ցանկացած շուկայում հանդիսանում է էլեկտրաէներգիայի առևտրի կազմակերպման հիմնական պատասխանատուն:
Հոսանքի գնումը տնտեսվարողները կարող են անել ինչպես ամսական կտրվածքով, այնպես էլ օրական։ Այսինքն, մեկ օր առաջ գնել էլեկտրաէներգիա ամսվա կարիքների համար։ Սա նաև կօգնի ընկերություններին ճիշտ հաշվարկել կարողությունները և իրականացնել գրագետ սպառում։
Օրինակ, հացաբուլկեղենի արտադրամասը կարող է մոտավոր հաշվել հաջորդ ամսվա իրեն հարկավոր էներգիայի ծավալը և գնել իր նախընտրած արտադրողից։
Սպառողի և մատակարարի գնի և ծավալի շուրջ պայմանավորվածությունը վերահսկվում է շուկայի օպերատորի կողմից, որպեսզի մատակարարը նշված գնորդի համար ծավալը ապահովի և չփորձի գնային փոփոխություն անել։ Օպերատորը միջամտում է այս գործարքին, ապահովում է գնորդի նախանշած ծավալը, որպեսզի նա չտուժի, և պատասխանատվության է ենթարկում մատակարարին։
Այս օղակը հետևելու է պայմանագրերի երկկողմ պատշաճ կատարմանը, հավաքագրելու և վերլուծելու է էլեկտրաէներգիայի սպառման և արտադրողականության տվյալները, միջամտելու է առաջացած վեճերին, իրականացնելու է մոնիթորինգ։ Ամենակարևորը՝ ինքն է տիրապետելու ֆինանսական հաշվարկների մեխանիզմին և պահպանելու է այն որպես առևտրային գաղտնիք։
Լիազորություններով ավելի թույլ, բայց կարևոր կառույց է համակարգի օպերատորը, որը հետևելու է համակարգի ծանրաբեռնվածությունը։ Համակարգի օպերատորը շուկայում օր առաջ գնորդ-մատակարար հայտերի ընտրություն կանի՝ սահմանելով հաջորդ օրվա յուրաքանչյուր ժամի համար մատակարարվող էլեկտրաէներգիայի գին և ծավալ։ Այս գործառույթի իրականցմանը մասնակցություն ունի նաև շուկայի օպերատորը։
Համակարգի օպերատորը սահմանում է տեխնիկական պահանջներ, ընտրում ծառայություն մատակարարող անձանց և կնքում է երկարաժամկետ պայմանագրեր:
Նշենք, որ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցը նախկինի պես պատկանելու է ՀԷՑ-ին, մեծածախ շուկա մուտք գործող մատակարարները վճարելու են ցանցի ծառայությունից օգտվելու և իրենց սպառողին հասնելու համար։
Պայմանագրերը կարող են լինել ինչպես ամսական, այնպես էլ տարեկան, սակայն նպատակահարմար է պայմանագրային ծավալները ճշգրտել յուրաքանչյուր ամիս:
Սակագների մասին
Սակագինը պետք է ձևավորի շուկան, ինչպես ենթադրում է ազատականացումը։ Հիմա գործում են ցերեկային և գիշերային սակագներ, ընդ որում խոշոր սպառողները ավելի թանկ են վճարում, քան բնակիչները։
Այս պայմաններում նրանք ավելի շահագրգռված են էժան հոսանքի փնտրտուքով, քան քաղաքացիները։ Վերջիններս եթե փոխեն իրենց հիմնական մատակարարին՝ ՀԷՑ-ին, այլ մատակարարով, հետագայում նույն սակագնով նրա ծառայություններից դժվար թե կարողանան օգտվել։
Սակագների գործառույթը դեռևս մնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կառավարման տիրույթում։ Որոշ ժամանակ անց անհրաժեշտ է լինելու քննարկել նաև սեզոնային, պիկային կամ գիշերային խիստ թերբեռնված ժամերի համար նոր սակագների սահմանման անհրաժեշտությունը:
Սակագների մասին ցանկացած խոսակցություն այս պահին չի կարող հիմնավորված լինել, քանի որ գործընթացը դեռևս մեկնարկային փուլում է՝ շատ հարցադրումներ սպառիչ պատասխաններ կարող են ունենալ, երբ գնման պայմանագրեր կնքվեն, գնումներ լինեն և որոշակի վիճակագրություն ձևավորվի։
Հստակ է միայն, որ արդար մրցակցության պայմաններում սակագները կլինեն տրամաբանված և իրականությանը մոտ։
Կարևոր է, որ էլեկտրաէներգիայի առևտրի ընթացքում արտադրողը և սպառող ընկերությունները պատասխանատու են լինելու վաճառքի և սպառման ծավալների համար, որպեսզի պլանավորված և փաստացի ծավալների շեղումների պատճառով սակագները կառավարելի լինեն։
Ռիսկերը քիչ չեն
Ցանկացած մենաշնորհային ոլորտ ազատականցնելը համարձակ բարեփոխում է և քաղաքական կամք է պահաջնում։ Հաշվի առնելով այս ծրագրում պետական օղակների ներգավվածությունը, կարելի է ասել, որ պետությունն ուզում է ուժեղացնել էներգետիկ համակարգը։
Նոր խաղացողների մուտքը դաշտն ավելի թափանցիկ ու մրցակցային է դարձնում և ամենակարևորը՝ գրավիչ նաև արտաքին ներդրումների համար։
Սա Հայաստանի տնտեսության այն քիչ ճյուղերից է, որտեղ նոր հզորություններ ստեղծելու հնարավորությունները շատ են, և դա գիտեն նաև միջազգային գործընկերները։ Ժամանակ առ ժամանակ քննարկվում է Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման հարցը, վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացվում են տարբեր դրամաշնորհային ծրագրեր, փոքր ՀէԿ-երը ստանում են ինքնավարություն և այլն։
Եթե դաշտ մտնող մատակարարները որոշակի կուլիսային պայմանավորվածություններ ունենան կամ, ասենք, փոխկապակցված լինեն մենաշնորհային դիրք ունեցող ՀԷՑ-ին, այս գործընթացը փակուղի կմտնի։
Իսկ դրա նկատմամբ վստահության հարց կա։ Թեև արդեն շատ ընկերություններ են հետաքրքրված ազատ գնումներով, սակայն քանի դեռ ժամանակ չի անցել, ու արդյունքների վերլուծություն չկա, տնտեսվարողներն ու բնակիչները առավել ևս կասկածներ են ունենալու։
Եթե գներն այժմյան ՀԷՑ-ի գներից ավելի թանկ լինեն, գնորդները չեն աշխատի նոր մակատարարների հետ։
Քաղաքականության մասին
Ինչքան էլ փորձենք այս ենթատեքստը անտեսել, հնարավոր չէ չնկատել, որ Հայաստանի անվտանգության համար զգայուն ոլորտներում գերիշխում են ռուսական կապիտալով և մենեջմենթով ընկերությունները։ Դրանք հաճախ մենաշնորհային դիրք ունեն և կախման մեջ են պահում պետությանն ու քաղաքացիներին (գազամատակարարում, երկաթուղի, էներգամատակարարում, որոշ չափով՝ կապ)։
Շուկայի ազատականացումը ենթադրում է նաև ազատ առևտրային հարաբերություններ հարևան երկրների հետ։
Ամենաքննարկվողը վրացական շուկան է, որի հետ կոմունիկացիաների որոշակի բազա արդեն կա, մնացածը կառուցման փուլում է։
Այսինքն, Հայաստանում գնորդն իրեն հարմար գնով և ծավալով էներգիա չգտնելու դեպքում կարող է Վրաստանի շուկայի թրեյդերից գնում իրականացնել։ Կարող է լինել նաև հակառակը՝ գնեն վրացիները մեր արտադրողներից։
Օրինակ, տեղացի մատակարարը կարող է գնալ Վրաստան, այնտեղից այդ սեզոնին գտնել ավելի էժան էներգիա, բերել ներքին շուկայում վաճառել, հետո ինչ-որ այլ ժամանակահատվածում Հայաստանից Վրաստան տանել, ասենք, հիդրոէլեկտրակայանների էներգիա։
Այս պահին երկու կողմերն աշխատում են կարգավորումների, միասնական համակարգի ներդրման շուրջ։
Համագործակցության հեռանկար կա նաև Իրանի հետ։ Եթե երկու երկրների կառավարությունները սկսեն խոսել այս թեմայով, համակարգը և խաղացողները պատրաստ կլինեն նաև Իրանին վաճառել կամ նրանից գնել էլեկտրաէներգիա՝ կախված փոխշահավետ առաջարկներից։
Երկրների միջև առևտուրը, այն էլ էներգետիկ ոլորտում, արդեն քաղաքականություն է, որը կարող է միայն մեծացնել երկրի կշիռը։
Էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացում