«Դեպի տուն՝ Եվրոպա». լայնամասշտաբ ակցիա Թբիլիսիում՝ ի աջակցություն երկրի եվրոպական կուրսի
Ակցիա՝ ի աջակցություն Վրաստանի եվրոպական կուրսի
Հունիսի 20-ին՝ ժամը 20:00-ին, Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, տեղի կունենա հանրահավաք «Դեպի տուն՝ Եվրոպա» կարգախոսի ներքո: Քաղաքացիները համախմբվելու են՝ աջակցելու Վրաստանի եվրոպական կուրսին և դժգոհություն հայտնելու հակաարևմտյան հռետորաբանության և երկրի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ:
Հունիսի 24-ին Վրաստանը սպասում է ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու իր դիմումի վերջնական պատասխանին։ Նախնական պատասխանը հայտնի է՝ Վրաստանի շանսերը նվազագույն են։ Եվրահանձնաժողովը առաջարկել է կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային, բայց ոչ Վրաստանին։ Վրաստանին տրամադրվել է այն բարեփոխումների ցանկը, որոնք անհրաժեշտ է իրականացնել նախքան կարգավիճակ ստանալը։
Դրանցից գլխավորը դատական և ընտրական բարեփոխումներն են, ինչպես նաև «ապաօլիգարխացումը» [Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիրը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է, ով 2012-2013 թվականներին եղել է երկրի վարչապետը։ Դրանից հետո նա հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից։ Նա որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում, բայց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հենց նա է երկրի ստվերային ղեկավարը-JAMnews]։
Գլխավոր կազմակերպիչը «Սիրցխվիլիա» (Ամոթալի է) քաղաքացիական շարժումն է, սակայն ակցիայի կարգախոսի հետ համերաշխ են նաև բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ, փորձագետներ, հասարակական և մշակութային գործիչներ, լրագրողներ։
Նրանցից շատերը տեսահոլովակներ են նկարահանել, սոցցանցերում գրառումներ կատարել՝ կոչ անելով հունիսի 20-ին դուրս գալ փողոց և ցույց տալ «Եվրոպային, որ Վրաստանի ժողովուրդն ընտրում է եվրոպական ճանապարհը»։
Կլինե՞ն արդյոք քաղաքական պահանջներ ակցիայի ընթացքում, դեռևս պարզ չէ։ Այնուամենայնիվ, շատ քաղաքական գործիչներ և փորձագետներ կարծում են, որ ԵՄ կողմից ահռելի քննադատությունից հետո ակցիայի մասնակիցները պետք է պահանջեն վարչապետի հրաժարական և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:
Բացի այդ, հունիսի 20-ին Վրաստանում հասարակության՝ քննադատական մտածողություն ունեցող հատվածը նշում է նաև հակակառավարական լայնամասշտաբ բողոքի դաժան ճնշման երրորդ տարելիցը: Հիմնական պահանջը ընտրական համակարգի բարեփոխումն էր, որին ընդդիմությունը մինչ օրս չի կարողացել ամբողջությամբ հասնել։
Այդ ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ էր կիրառել, ինչպես նաև ռետինե փամփուշտներ արձակել Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց գտնվող հազարավոր երիտասարդների ուղղությամբ։ Երկու մարդ կորցրել էր տեսողությունը, ավելի քան 200-ը մարմնական վնասվածքներ էին ստացել:
Ակցիա՝ ի աջակցություն Վրաստանի եվրոպական կուրսի