Ցանկապատեր՝ կայարաններում և ծովի փակված մուտքեր. թե ինչպես են Ղրիմում պատրաստվում զբոսաշրջային սեզոնին
Ըստ «Նովայա գազետայի» հրապարակման
Ղրիմում բոլորն ակտիվորեն խոսում և գրում են այն մասին, որ այս տարի այստեղ վերջապես հաջող զբոսաշրջային սեզոն է լինելու: Տեղի պաշտոնյաները 6 մլն զբոսաշրջիկ են կանխատեսում: Անցյալ տարի, ըստ պաշտոնական տվյալների, այստեղ հանգստանալու է եկել 5.2մլն մարդ:
Սակայն այդ 6 միլիոն զբոսաշրջիկները ոչ միայն լողալու են Սև ծովում, զբոսնելու Ղրիմի սարերում և հայտնի պալատներում: Նրանք հանդիպելու են անհամար թվով ցանկապատերի, որոնք տեղի իշխանությունները կառուցում են բառացիորեն ամենուր:
15 ցանկապատ՝ ահաբեկչության դեմ
Յալթա քաղաքի ավտոկայանում ցանկապատերը երկու շարք են կազմում: Առաջին շարքը՝ կայարանին մոտենալիս, երկրորդը՝ հենց կառամատույցի մոտ: Մարդիկ, որոնք իջնում են գնացքից կամ գնում են դեպի այն, պետք է գրեթե մեկ-մեկ անցնեն մոխրագույն դռնով:
Ղրիմի պաշտոնյաները խստիվ հետևում են, որպեսզի ավտոկայաններում ցանկապատերն անխախտ լինեն: «Եվպատորիա» ավտոկայանի տնօրեն Վիկտոր Պոպովը քաղաքային հեռուստատեսությամբ ցանկապատի տեղադրումն այսպես է բացատրել.
«Պետությունը ստիպված է դիմակայել ահաբեկչությանը: Այդպիսի միջոցներից մեկն էլ ուղևորների զանգվածային կուտակման վայրերում նրանց մուտքուելքի կարգավորումն է: Պարզ ասած, դա սովորական ստուգում է ավտոբուս նստելուց առաջ»:
Ընդհանուր առմամբ, փոքր Ղրիմում զբեսաշրջային սեզոնին ընդառաջ ցանկապատեր են կառուցել 15 ավտոկայանում:
«Լողափը վերցրել են»
Ցանկապատեր կառուցում են ոչ միայն ավտոկայաններում, այլ նաև լողափին: Սիմեիզ ավանի բնակիչները ցանկապատել են մունիցիպալ լողափը:
«Առաջին անգամ այն փակել էին դեռ 2015թ-ի գարնանը», — պատմում է տեղի բնակիչ Իրինա Նեչաևան:
Լողափը խլեց տեղի առողջարանը: Բնակիչները դիմեցին իշխանություններին, և լողափի մուտքը բացեցին նրանց համար: Եվ այդպես՝ մի քանի անգամ:
Հիմա բարեկարգված լողափ մտնելը Սիմեիզի բնակիչների և հյուրերի համար կրկին անհնար է: Հենց կառանման կետի մոտ բարձր ցանկապատ է կառուցվել, դրա հակառակ կողմում հսկայական քարեր են:
Ղ
րիմում ցանկապատերի խնդիրը նոր չէ: Այն արդիական էր նաև այն ժամանակ, երբ թերակղզին վերահսկում էին ուկրաինական իշխանությունները: Սակայն խնդիրը սրվել է Ռուսաստանին թերակղզու միանալուց հետո:
Ալեքսանդր Տալիպովը 2014-2015թթ-ից մասնակցում է «Մաքուր ափ: Ղրիմ» հասարակական շարժմանն ու պայքարում ապօրինի ցանկապատների դեմ: Դրանք ապօրինի են, քանի որ, ըստ օրենսդրության, բոլոր քաղաքացիների համար երաշխավորվում է ազատ մուտքը դեպի ծովափ:
«Նախկինում փակ էին միայն այսպես կոչված «մասնավոր լողափերը»: Դրանք փոխանցվում էին մունիցիպալիտետներին, և այնտեղ համատարած առևտրային գործունեություն էր ծավալվում: Սակայն միաժամանակ շատ էին պանսիոնատների և առողջարանների լողափերը, որոնք բաց էին բոլորի համար: Հիմա հաջողվել է «մասնավոր լողափերից» հանել ցանկապատերը, սակայն առողջարանների լողափերում, ընդհակառակը, ցանկապատեր են հայտնվել», — ասում է Ալեքսանդրը:
Ցանկապատերն իշխանությունները հրամցնում են որպես «հակաահաբեկչական միջոց», սակայն իրականում, ստացվում է, որ դա հակազբոսաշրջային միջոց է:
Ավան՝ լողափին, սակայն առանց մուտքի դեպի ծով
Նրանք, ովքեր Յալթայից Սևաստոպոլ կմեկնեն, ճանապարհին կհանդիպեն 4 մետրից ոչ պակաս բարձրությամբ, գորշ մետաղական ցանկապատի, որն ամբողջությամբ փակում է ծովի տեսարանը:
Ցանկապատի մոտ գտնվող Օլիվա ավանի բնակիչներն արդեն երրորդ տարին է, որ ծովը փաստացի չեն տեսնում:
«2015թ-ի դեկտեմբերին ձկնորսության էի ուզում գնալ, — պատմում է տեղի բնակիչ Վալերի Շախը, — իսկ ինձ համազգեստով մեկը հետ է ուղարկում, թե փակ տարածք է»:
Օլիվա ավանում խորհրդային տարիներից կառավարական ամառանոցներ են տեղակայված, որոնք զբաղեցնում են ծովի մերձակայքի ամբողջ առաջին գիծը: Տեղացիները ծով էին հասնում «Տավրիա» առողջարանի տարածքով:
«Ռուսաստանի գալուց հետո «Տավրիան» տվեցին ԱԴԾ-ին, իսկ հատուկ ծառայությունը դրան զորամասի կարգավիճակ տվեց, — պատմում է Օլիվայի բնակիչ Բորիս Սուլիմովը: — Դա նշանակում է, որ հիմա կողմնակի անձնանց մուտքն այնտեղ արգելված է»:
Գյուղացիների համար ծովն այնուամենայնիվ տեսնելու միակ հնարավորությունը հարևան Ֆորոս և Պարկովոյե ավաններ գնալն է: Արդեն երեք տարի է՝ մարդիկ ծով են հասնում, ինչպես կարող են՝ հասարակական տրանսպորտով կամ իրենց ավտոմեքենաներով: Այս ամռանը տեղի ադմինիստրացիան խոստացել է ավանի բնակիչներին ավտոբուս տրամադրել, որը նրանց ծով կտանի օրական 4 անգամ: