Հայաստանի նոր կառավարությունը չեղարկում է նախորդի կողմից կնքված ոչ ձեռնտու պայմանագրերը
Հայաստանի նոր կառավարությունը հետազոտում և վերստուգում է նախորդի գործունեությունը և չեղարկում ոչ ձեռնտու պայմանագրերը: Մասնավորապես, այսօր հայտարարվեց, որ Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցերը կառավարման չեն հանձնվի ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Կապիտալ»-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևավորած նոր կառավարությունը չեղարկել է պայմանագիրը, որով նախորդ իշխանությունների որոշմամբ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը պետք է 5 տարով հավատարմագրային կառավարման տրվեին «Տաշիր Կապիտալ»-ին:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը («ԲԷՑ») Հայաստանի էներգետիկ համակարգի հիմնական գործառույթն է կատարում՝ էլեկտրաէներգիան արտադրողից ստանում և փոխանցում է «ՀԷՑ»-ին: Սա Հայաստանի համար ռազմավարական նշանակության ենթակառուցվածք է:
Էներգետիկայի նախկին նախարարը, ում օրոք մշակվել էր այս գործարքը, ասում էր, որ էլեկտրական ցանցերի կառավարման հանձնումը «Տաշիր Կապիտալ»-ին մի շարք առավելություններ ունի: Մասնավորապես, խոսքը գնում էր ծախսերի օպտիմալացման և ներդրումների իրականացման մասին:
Այնինչ, նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանը նշում է, որ այդ պայմանագրում որոշ կետեր ձեռնտու չէին Հայաստանին:
Փորձագետ Վահե Դավթյանն էլ կարծում է, որ այս գործարքը ռիսկային էր և մոնոպոլիզացնում էր էներգետիկ ոլորտը.
«Սա որոշակի ռիսկեր էր պարունակում Հայաստանի էներգետիկ անվտանգության համար: Իսկ Նիկոլ Փաշինյանը մի քանի հայտարարություն էր հնչեցրել, որից կարելի է եզրակացնել, որ նորակազմ կառավարությունը փորձելու է ազգային էներգետիկ քաղաքականություն վարել»:
Վահե Դավթյանը կարծում է, որ մենաշնորհային դիրք ունեցող այս ընկերությունը կդառնար գին թելադրող սուբյեկտ, իսկ գործարքի չեղարկմամբ և դաշտի ազատականացմամբ հնարավորություն է ստեղծվում վերանայել Հայաստանում հոսանքի գները:
Փորձագիտական նման տեսակետներին զուգահեռ պաշտոնապես հաստատվել են լուրերն այն մասին, որ Հայաստանում քննարկում են էլեկտրաէներգիայի և գազի սակագները իջեցնելու հնարավորությունները, թեև նշվում է, որ սա որևէ կապ չունի «Տաշիր Կապիտալ»-ի հետ կքնված պայմանագիրը չեղարկելու հետ:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը ասել է, որ քննարկումը դեռ չի նշանակում, որ գազի ու էլեկտրաէներգիայի գինը կնվազի:
Քննարկման փաստը հաստատել են նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, որի ենթակայության տակ է հարցի հաստատումը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանն ասել է. թեև ինտենսիվ քննարկում են հարցը, դժվարանում է պատասխանել հարցին, թե ինչքանով հնարավոր կլինի իջեցնել սակագինը։
Հարցը խորհրդարանական մակարդակում քննարկելու առաջարկով է հանդես եկել Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը.
«Շատ դեպքերում հանրությունը տեղեկացված չլինելու պատճառով իշխանություններին է քննադատել, թե դուք ունեք բավարար ռեսուրսներ իջեցնելու կամ գոնե չբարձրացնելու գազի կամ էլեկտրաէներգիայի սակագինը, բայց չեք անում դա: Ներկայիս քննարկումները պետք է հստակ ուղերձ հղեն: Այդ քննարկումների արդյունքում, եթե հնարավոր է էլեկտրաէներգիայի կամ գազի սակագինը իջեցնել, իջեցնում ենք: Իսկ եթե հնարավոր չէ, ապա հստակ ասում ենք, թե ինչ պատճառով հնարավոր չէ իջեցնել»: