«Հերոսները ցավ չեն զգում»․ ինչո՞ւ նախկին զինվորականները հոգեբանի չեն դիմում
Դատելով իմ տեսած դեպքերից և ուրիշների պատմություններից՝ ես եզրակացության եմ եկել, որ ավելի հաճախ պատերազմի մասնակիցները հոգեբանական օգնության չեն դիմում․ կամ չեն ուզում, կամ չեն կարող դա անել այս կամ այն պատճառով։
Այս բլոգում ես կաշխատեմ պարզել, թե որտեղից է գալիս այս սովորությունը։
Կարծում եմ՝ առաջին պատճառն այն է, որ Ադրբեջանում տնտեսական վիճակը թույլ չի տալիս ապահովել պատերազմի մասնակիցների բոլոր պահանջմունքները։ Այդ պատճառով էլ վետերանները, նրանց հարազատներն ու զոհվածների ընտանիքները հետաձգում են հոգեբանական աջակցություն ստանալը։ Նախևառաջ, նրանք ձգտում են լուծել իրենց առողջական և նյութական խնդիրները, և բոլոր ուժերն ուղղում են դրան։
Երկրորդ, իմ կարծիքով, ամենակարևոր պատճառը․ կռվածներին հասարակությունը հաճախ ընկալում է՝ որպես հերոսների։ Եվ նրանք ու իրենց հարազատները, որոնք այս ամբողջ ընթացքում կատարվածի պասիվ մասնակից են եղել, պարզապես ամաչում են բարձրաձայնել իրենց հոգեբանական խնդիրները։
Հերոսացումը հաճախ պատերազմի մասնակիցներին, ինչպես նաև նրանց հարազատներին պարտավորեցնում է հպարտանալ դրանով։ Այսինքն՝ նրանք չեն կարողանում խոսել իրենց վնավածքների, վախերի և ցավի մասին։ Չէ՞ որ հերոսները ջրում չեն խեղդվում, կրակի մեջ չեն այրվում, և հեշտությամբ հակազդում են ցանկացած դժվարության․ հենց այսպիսի կերպար է ձգտում ներշնչել միլիտարիստական քարոզչությունը։
Լսելով պատերազմի մասնակիցների ելույթները՝ դժվար չէ նկատել, որ, նույնիսկ լուրջ վիրավորում և վնասվածք ստանալով կամ գերությունից վերադառնալով՝ նրանք այդ ամենի մասին պատմում են բոլորովին հանգիստ, կարծես վաղուց հաղթահարված մի բանի մասին, որը ոչ մի խնդիր չի ներկայացնում։
Մի տեսանյութ եմ հիշում, որում երկու ոտքերը կորցրած վետերանն այդ մասին բացարձակ հանգիստ էր խոսում։ Իսկ երբ լրագրողը, որը նրանից հարցազրույց էր վերցնում, արտասվեց, նա կնոջն ասաց․ «Եթե արտասվելու եք, ես ձեզ դուրս կանեմ։ Ես ոչ ոքի թույլ չեմ տա ինձ վրա լաց լինել»։
Դեռևս պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմին ոչ միայն զվարճացրել էր, այլև հերոսության խորհրդանիշ էր դարձել մի արտահայտություն, որը զինվորներից մեկն ասել էր թուրք լրագրողին․ «Մենք չենք վախենում, ընդհակառակը, բորբոքվում ենք»։
Այս ամբողջ հերոսացումն ու խորհրդանիշ դարձնելը պատերազմի մասնակիցներին ստիպում է մշտապես «ուժեղ» երևալ և «դուխը» տեղը պահել։ Սակայն իրականությունն այն է, որ պատերազմից վերադառնալիս մարդիկ, որպես կանոն, դժվար են հարմարվում իրենց նախկին կյանքին։
Պատերազմի ժամանակ նրանք ժամանակավորապես կարող են վախը ճնշել՝ ողջ մնալու համար։ Նրանք ժամանակ և հնարավորություն չունեն՝ սգալու իրենց աչքի առաջ զոհված ընկերների համար և երկար մտածելու այդ մասին։
Սակայն ճակատից վերադառնալուց հետո հիշում են ողջ վերապրածը՝ դրվագ առ դրվագ։ Եվ յուրաքանչյուրը փորձում է այս հիշողությունների հետ ինչ-որ բան անել, յուրաքանչյուրը յուրովի է դրանցից պաշտպանվում։ Երբեմն դա հետտրավմատիկ խանգարման, խուճապային գրոհների համար խթան է դառնում։
Ցավոք, այս ամենը հաղթահարելու փորձերն ապարդյուն են լինում, իսկ վերապրած տառապանքները կարող են անդրադառնալ նաև հարազատների հետ նրանց հարաբերությունների վրա։ Ընտանիքի անդամներն ու շրջապատի մարդիկ ոչ միշտ են հասկանում, թե ինչ է կատարվում։ Եվ սովորաբար պարզապես աշխատում են հարմարվել դրան, որքան էլ ծանր լինի։
Այդ պատճառով էլ հոգեբանական աջակցություն ստանալը ողջ ընտանիքն ընկալում է՝ որպես նվաստացուցիչ, հերոսի կերպարի հետ չհամընկնող մի բան, և հրաժարվում դրանից։ Այդպես է նաև այն կանանց դեպքում, որոնց ամուսինները, որդիները կամ սիրելիները պատերազմ են մեկնել, նրանք հաճախ նախընտրում են այդ ամենի մասին չպատմել մասնագետին, քանի որ դա ընկալում են՝ որպես բողոք և անհարագլից վերաբերմունք իրենց տղամարդկանց նկատմամբ։
Անցյալ տարի ինձ մոտ սեանսի ժամանակ առաջին ղարաբաղյան պատերազմի վետերանի որդին այսպիսի բան ասաց․
«Մայրս տարիներով ասում էր, թե նախկինում հայրս այդքան նյարդային չէր, որ դա պատերազմի հետևանքն է, որին նա մասնակցել է՝ մեզ պաշտպանելու համար։ Եվ, հավանաբար, դա շուտով կանցնի։ Չի կարելի բողոքել դրանից, նրան ոչինչ մի ասա, մի նեղացրու նրան»։
Տարիներ առաջ մի դասախոսության ժամանակ մենք հոգեվերլուծող Ֆարիզ Սամեդովին հարցրինք, թե արդյոք մարդը կարող է իրեն օգնել ինքնավերլուծության միջոցով։
«Ինչ քաշ էլ բարձացնի մարզիկը, նա ի վիճակի չէ ինքն իրեն բարձրացնելու, ֆիզիկապես դա հնարավոր չէ», – պատասխանել է նա։
Նույն կերպ, որքան էլ ուժեղ և մեծ կամքի տեր լինի մարդը, որքան էլ նա հերոս լինի, լիովին բնական է, որ նա նույնպես հոգեբանական աջակցության կարիք ունի։
Այդ պատճառով էլ, իմ կարծիքով, պետությունը պարտավոր է ջանքեր գործադրել, որպեսզի հասարակությունը հոգեբանական օգնությունը նորմալ բան համարի։ Քանի որ խոսքը հազարավոր մարդկանց կյանքի մասին է, նրանց ստեղծած կապերի և հարաբերությունների անվտանգության, ողջ հասարակության բարեկեցության մասին է։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։