Ի՞նչ է կատարվում Թբիլիսիում: Ինչո՞ւ էին մարդիկ պարում խորհրդարանի շենքի մոտ
Թբիլիսիում «Սպիտակ աղմուկ» հասարակական շարժման առաջնորդները խոստանում են մայիսի 13-ին վերսկսել Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիան, հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Շարժման առաջնորդ Բեքա Ցիկարիշվիլին հայտարարել է, որ որոշումը կայացվել է «իրավիճակի սրացումից խուսափելու համար»:
«Մ
ենք միասին պարում ենք և միասին պայքարում մեր ազատության համար». այսպիսի կարգախոսով մայիսի 12-ին ցերեկվա ժամը երեքից Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ՝ Ռուսթավելիի պողոտայում, մի քանի հազար երիտասարդներ էին հավաքվել, որոնք պահանջում էին վարչապետ Կվիրիկաշվիլիի և ներքին գործերի նախարարի հրաժարականը:
Դա պատասխանն էր թմրանյութ վաճառողների և օգտագործողների բացահայտման ռեյդին, որը ոստիկանությունն իրականացրեց մայիսի լույս 12-ի գիշերը Թբիլիսիի մի քանի գիշերային ակումբներում:
Երեկոյան մեծ մասամբ երիտասարդական հանրահավաքին դի-ջեյ եկավ, էլեկտրոնային երաժշտություն միացրին: Ակցիան շարունակվեց երաժշտության և պարերի ֆոնին: Երեկոյան 11-ին մոտ խորհրդարանի առջև սկսեցին վրաններ տեղադրել: Չնայած ուժեղ անձրևին և քամուն, երեկոյան խորհրդարանի մոտ էլ ավելի շատ մարդ հավաքվեց:
Մայիսի 13-ին առավոտից Թբիլիսիի կենտրոնում լուռ է: Վրանները, որոնք նախօրեին տեղադրել էին ակցիայի մասնակիցները, քանդեց պարեկային ծառայությունը: Ոստիկանների հետ լեզվակռվի ժամանակ երեք մարդ ձերբակալվեց հասարակական կարգը խախտելու համար:
Հատուկ գործողությունը՝ գիշերային ակումբներում
Մայիսի 12-ին գիշերվա մեկի մոտ Թբիլիսիում երկու հայտնի գիշերային ակումբ միաժամանակ ներխուժեցին դիմակներով հատուկջոկատայինների զինված ջոկատներ: ՆԳՆ հայտարարության համաձայն՝ թմրանյութ իրացնողների դեմ հատուկ գործողություն էր իրականացվում: «Ռուսթավի-2» հեռուստաընկերության նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես են մարդկանց ուժի կիրառմամբ դուրս բերում ակումբներից: Ոմանց հագուստը պատռված էր. ուղիղ եթերում ցուցադրվում էր տասնյակ մարդկանց ձերբակալությունը: Թբիլիսիի ամենահայտնի «Բասիանի» ակումբում կալանավորվել էր դրա մի քանի հիմնադիր, իսկ ակումբը փակվել էր և կնքվել:
«Բասիանիում» գտնվող ականատեսները լրագրողներին պատմել են, որ ոստիկանությունը կոշտ էր գործում և ինքն էր թմրանյութեր լցնում ակումբի տարածքում:
ՆԳՆ դիրքորոշումն ու հատուկ գործողության վերաբերյալ հարցեր
ՆԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ «երեք ամսվա ընթացքում ինտենսիվ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ են անցկացվել թմրանյութերի իրացման փաստերի հայտնաբերման ուղղությամբ» և «մայիսի 12- հատուկ գործողության ընթացքում Թբիլիսիի ակումբներում անհրաժեշտ քննչական գործողություններ են անցկացվել, որոնց արդյունքում ձերբակալվել է թմրանյութերի 8 իրացնող»:
Վրաստանի ՆԳՆ-ն կարծում է, որ թմրանյութերի ձերբակալված իրացնողները «սերտորեն» կապված են նշված ակումբների հետ:
Օպերատիվ նկարահանման կադրերը, որոնք տարածում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Տեսանյութերում թմրանյութերի վերահսկիչ գնումները կատարվում են Bassiani և Cafe Gallery ակումբների ներսում, ինչպես նաև Թբիլիսիի կենտրոնական փողոցներում
Հակաթմրանյութային ռեյդը գերատեսչությունում կապեցին «երիտասարդների ողբերգական մահվան փաստերի հետ», որոնք տեղի էին ունեցել Թբիլիսիում մայիսի սկզբին, երբ 5 մարդ էր մահացել, և մոտ տասնյակ մարդ ծանր թունավորում էր ստացել անհայտ թմրայութ օգտագործելուց հետո:
«Հատկանշական է, որ բոլոր այդ փաստերը հաջորդել էին ակումբներ այցելելուն: Բացի այդ, զգալիորեն ավելացել էր ակումբներից շտապօգնության կանչերի ցուցանիշը», — հայտարարել են նախարարությունում:
ՆԳՆ-ն միաժամանակ ընդգծել էր, որ «աջակցում է Վրաստանում ակումբային մշակույթի զարգացմանը», չի պատրաստվում ակումբներ փակել և «յուրաքանչյուր ակումբի գործունեության շարունակման հարցն ակումբի տիրոջ իրավասության շրջանակում է»:
Սակայն հատուկ գործողության վերաբերյալ շատ հարցեր կան: Ամբողջ օրն իրադարձություններին հետևել է Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան: Ինչպես նա հայտարարել է, թմրանյութերի իրացման համար կասկածվողներին ոստիկանությունը ձերբակալել է ոչ թե ակումբներում, այլ դրանցից դուրս, դեռ հատուկ գործողության մեկնարկից առաջ: Այդ պատճառով էլ օմբուդսմենը ՆԳՆ-ից բացատրություններ է պահաջում, թե ինչու են ակումբներ մտել զինված հատուկջոկատայինները:
Երիտասարդության պատասխանը
Ի պատասխան Bassiani և Cafe Gallery ակումբներում ոստիկանության իրականացրած ռեյդերի՝ «Սպիտակ աղմուկ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, որը սատարում է պետական նարկոքաղաքականության ազատականացման գաղափարին, մայրաքաղաքի կենտրոնում բողոքի մասշտաբային ցույց էին կազմակերպել:
Ակտիվիստներն իշխանության գործողություններն «ուժի ցուցադրում», «մայրաքաղաքի ակումբային կյանքի դեմ պայքար» և «վերադարձ դեպի ԽՍՀՄ» են անվանում:
Բողոքի տարերային ակցիաներ սկսվեցին Թբիլիսիում արդեն մայիսի 12-ի առավոտյան: Բասիանի ակումբից երիտասարդները տեղափոխվեցին խորհրդարանի շենքի մոտ:
Մայիսի 12-ի օրվա առաջին կեսին խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարների գլխավոր պահանջը ՆԳՆ ղեկավար Գեորգի Գվախարիայի հրաժարականն էր և այն ոստիկաններին պատժելը, որոնք ուժ են կիրառել ակումբների այցելուների նկատմամբ: Ակցիայի մասնակիցները վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիից պահանջում էին մինչև երեկոյան ժամը 10-ը հայտարարությամբ հանդես գալ և գնահատական տալ կատարվող իրադարձություններին:
Սակայն Կվիրիկաշվիլին երիտասարդների պահանջին չարձագանքեց: Աղմկահարույյց հատուկ գործողությունից գրեթե 24 ժամ անց վարչապետի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Կվիրիկաշվիլին որևէ հայտարարություն չի պատրաստվում անել: Դրանից հետո ցուցարարները պահանջեցին նրա հրաժարականը:
«Սա արդեն նարկոքաղաքականության դեմ ակցիա չէ: Սա ակցիա է հանուն այն բանի, որ մենք չապրենք Հյուսիսային Կորեայում և Ռուսաստանում, որտեղ գլխավորը համակարգն է, այլ ոչ թե մարդը», — հայտարարեց մասնակիցներից մեկը հեռուստահարցազրույցի ժամանակ:
«Երեկ ուրբաթ երեկո էր, և ես միանգամայն կարող էի ակումբում լինել: Ես հաճախ եմ Բասիանի գնում. ծանր աշխատանքային շաբաթից հետո դա լավագույն հանգիստն է: Ո՞ւմ եմ վատ բան անում, որ մի քիչ խմում եմ և պարում: Ինչո՞ւ պետք է զինված ոստիկանությունը ներխուժի և ինձ փողոց դուրս բերի», — ասում է 27-ամյա Նինոն:
«Այդպես անում են Ռուսաստանում. ներխուժում են գիշերային ակումբներ և հանրահավաքներին մարդկանց են ձերբակալում: Եթե մենք հիմա մեր ձայնը չբարձրացնենք, նույնպիսի ավտորիտար երկիր կունենանք, ինչպիսին Ռուսաստանն է», — ասում է 39-ամյա Իրակլին:
Դժոխքի ծնունդներ կամ առաջադեմ երիտասարդություն
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած երիտասարդական ցույցի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ:
Ֆեյսբուքայն մեկնաբանություններում շատերը ցույցերի դուրս եկած երիտասարդներին «թմրամոլներ» են անվանում, որոնք «քողարկում են թմրանյութ վաճառողներին»:
Դժգոհություն է առաջացրել նաև այն, որ ցուցարարները պարել են ապրիլի 9-ին նվիրված հուշարձանի վրա: Այդ վայրը Վրաստանի բնակիչներից շատերի համար շատ զգայուն թեմա է: 1989թ-ի ապրիլի 9-ին խորհրդային բանակը ճնշեց Վրաստանի անկախությանը նվիրված բազմահազարանոց խաղաղ ցույցը ՝ օգտագործելով տանկեր և թունավոր գազ: Այդ օրը 21 մարդ զոհվեց:
«Մի՞թե այդպիսի երիտասարդության համար են պայքարել ապրիլի 9-ի զոհերը: Ինչպե՞ս են նրանք համարձակվում պղծել հուշարձանը»:
Սակայն հասարակության լիբերալ հատվածը կողմ է արտահայտվում ցույցերին և կարծում է, որ համակարգն անկախ երիտասարդության դեմ պայքարում է խորհրդային և պուտինյան մեթոդներով:
«Սա թմրանյութերի դեմ պայքար չէ, սա սեփական երիտասարդության դեմ պայքար է», — գրում էին Ֆեյսբուքում:
Հարցի քաղաքական կողմը
Հասարակության լիբերալ հատվածն ու իրավապաշտպաններից շատերը հակաթմրանյութային ռեյդն ակումբներում ընկալում են որպես ոստիկանության և պետության պատասխան այն ակտիվիստներին, որոնք պահանջում են թմրանյութերի թեթև տեսակների օրինականացում և ապաքրեականացում: Նրանք կարծում են, որ պետությունն ուժ է ցուցադրում:
Շատերը հատուկ գործողությունը կապեցին «ստվերային ղեկավարի» համբավ ունեցող միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականություն վերադառնալու հետ: 2012թ-ին նա իր կոալիցիայի հետ միասին խորհրդանական ընտրությունների ժամանակ պարտության մատնեց Միխայիլ Սահակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցությանն ու երկրում իշխանության եկավ: Իվանիշվիլին այն ժամանակ դարձավ վարչապետ, սակայն որոշ ժամանակ անց լքեց այդ պաշտոնը, թեև Վրաստանում շատերն են կարծում, որ այս ամբողջ ընթացքում նա շարունակել է ոչ պաշտոնապես ղեկավարել երկիրը:
Մայիսի 11-ին՝ ռեյդից մեկ օր առաջ, իշխող «Վրացական երազանքի» կուսակցական համագումարին դրա նախագահ էր ընտրվել Իվանիշվիլին, ինչը նշանակում է նրա պաշտոնական վերադարձ քաղաքականություն:
Այս տեսանկյունը կիսողների կարծիքով՝ ոստիկանական գործողության գլխավոր նպատակը թմրանյութ վաճառողների դեմ պայքարը չէր, այլ իր քաղաքական ազդեցությունը զգալիորեն ուժեղացրած Կախա Կալաձեի վարկաբեկումը, որը Թբիլիսիի քաղաքապետն է և ակտիվորեն աջակցում է Թբիլիսիի գիշերային կյանքի և գիշերային ակումբների զարգացմանը, նարկոքաղաքականության ազատականցման կողմնակից է:
Քաղաքապետ Կախա Կալաձեն հատուկ գործողության վերաբերյալ հայտարարություն արեց ռեյդերից գրեթե մեկ օր անց: Սակայն, այնուամենայնիվ, նա կառավարության առաջին ներկայացուցիչն է, որ չվախեցավ հանրային կերպով ելույթ ունենալ:
«Մեր թիմի համար գլխավոր արժեքը մարդն է և մարդկային կյանքն», — ասաց Կալաձեն: «Մենք առավելագույնս նպաստելու ենք գիշերային տնտեսության և ակումբային կյանքի զարգացմանը: Սակայն մեր եղբայրներն ու քույրերը մահանում են, և ես վստահ եմ, որ այն երիտասարդներն, ովքեր այժմ հավաքվել են խորհրդարանի առջև, մեր կողքին կլինեն թմրանյութ իրացնողների դեմ պայքարում: Ես առաջարկում եմ ձեզ միասին պայքարել նրանց դեմ», — հայտարարել էր Թբիլիսիի քաղաքապետը:
Նա հավելեց նաև, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականի մասին «Սպիտակ աղմուկ» հասարակական շարժման ակտիվիստների այսօրվա պահանջն «էմոցիոնալ ֆոնի վրա էր արվել»:
Կալաձեն ակտիվորեն զարգացնում է Թբիլիսիի գիշերային տնտեսության զարգացման իր նախագիծը: Քաղաքապետը խոստանում է վրաստանի մայրաքաղաքը վերածել «մի քաղաքի, որն ապրում է 24/7 ռեժիմով»՝ կիրառելով Նյու Յորքի, Փարիզի, Բարսելոնի, Բեռլինի և Լոնդոնի փորձը:
Կալաձեն չի կարծում, որ երեկվա հատուկ գործողությունը կարող է ինչ-որ կերպ ազդել իր հավակնոտ պլանների վրա կամ վնաս հասցնել Թբիլիսիի ակումբային բեմին:
«Շահարկումներ են արվում, թե դա հարված է գիշերային տնտեսույթանը, տնտեսության զարգացմանը, որոնց հետ ես չեմ համաձայնի: Չեմ համաձայնի նաև այն խոսակցությունների հետ, թե դա հարված է ակումբային երաժշտությանը և այդ դաշտին: Լիակատար պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ գիշերային տնտեսությունն անպայման կզարգանա, և ակումբային բեմը, որը հաջող է, անպայման կուժեղացվի: Իմ կողմից առավելագույն աջակցություն կլինի», — հայտարարել է նա:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Կալաձեն ընդունելի է համարում հատուկջոկատայինների ներխուժումն այցելուներով լի ակումբ, Կալաձեն պատասխանեց, որ «ձևը կարող է քննարկման առարկա լինել»:
Թբիլիսիի գիշերային կյանքը
Վերջին հինգ տարվա ընթացքում Թբիլիսիում ավելի ու ավելի պոպուլյար են դառնում անդերգրաունդ ակումբներն ու գիշերային կյանքը: Բասիանին քաղաքի ամենապոպուլյար և մեծ ակումբներից մեկն է, որը հաճախ է հայտնվում լավագույն եվրոպական ակումբների վարկանիշում բեռլինյան ակումբների շարքում:
Թբիլիսիի հաջող ակումբային կյանքի մասին են գրում հայտնի անդերգրաունդ-պարբերականները:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն բազմիցս հայտարարել է, որ մայրաքաղաքի հաջող ակումբային կյանքում հսկայական զբոսաշրջային ներուժ կա:
Boiler Room անդերգրաունդ երաժշտության երկրպագուների խոշորագույն համայնքի ֆեյսբուքյան էջում հայտնվել է թբիլիսյան ակցիայի տեսանյութը: «Թբիլիսիում երեխաները չեն պատրաստվում լռել», — ասված էր տեսանյութին վերաբերող գրառման մեջ:
Հարկ է նշել, որ «Սպիտակ աղմուկի» ցույցը լուսաբանում էին առաջատար համաշխարհային լրատվամիջոցներն, այդ թվում՝ Բի-Բի-Սին և Reuters-ը: