Իսրայել և Պաղեստին. խաղաղություն փոթորկից առա՞ջ: Ցույցերը գագաթնակետին կարող են հասնել մայիսի 15-ին
Իսրայելի և Պաղեստինի սահմանին՝ Գազայի հատվածում, երկու դաժան բախումից առաջ լռություն է տիրում: Եվ ցուցարար պաղեստինցիները, և իսրայելցի զինվորականները նախկինի պես կանգնած են երկու կողմից էլ, սակայն ապրիլի 6-ից հետո բաց բախումներ չկան, երբ 9 պաղեստինցի սպանվեց և ավելի քան հազարը վիրավորվեց:
Սակայն պաղեստինցիները զգուշացնում են. ոչինչ չի ավարտվել. իրենք ոչ միայն ոչ մի տեղ չեն գնալու, այլ նաև հետագա շաբաթների ընթացքում սահմանն ավելի շատ մարդ է ճեղքելու, գրում է The New York Times-ը:
Ս
ահմանի իրադարձությունները «Վերադարձման երթ» 6-շաբաթյա խաղաղ ակցիայի արդյունք է, որը Պաղեստինը գործարկել է մարտի 30-ին:
«Աշխարհում մտածում են, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունն ավելի կայուն փուլ է մտել, և այն կարելի է անտեսել: Ցույցերը կոչված են ցույց տալու, որ նրանք սխալվել են, — The New York Times-ին ասել է պաղեստինցի քաղաքագետ Օմար Շաբանը: — Սա Պաղեստինի տարածքները վերադարձնելու առաջին քայլն է, որոնք այժմ գտնվում են Իսրայելի վերահսկողության տակ»:
«Աշխարհը պետք է լսի Պաղեստինի ժողովրդի ձայնը և զգա նրա ցավը», — պնդում է Գազայի հատվածի բլոգեր Ահմեդ Աբու Արտեման, որին է պատկանում ոչ բռնի ցույցի գաղափարը:
Գազայի հատվածն Իսրայելի և Պաղեստինի սահմանի երկարությամբ տեղակայված 5 շրջան է, որոնք վերահսկվում են ՀԱՄԱՍ կազմակերպության կողմից: Իսրայելը, Եվրամիությունն ու ԱՄՆ-ն այդ կազմակերպությունն ահաբեկչական են համարում:
«Վերադաձնելու երթ» ակցիան իրականացվում է 6 ուրբաթ օրերին, որոնց ընթացքում կվերսկսվեն զանգվածային ցույցերը և սահմանն անցնելու փորձեր կլինեն: Նախորդ շաբաթվա ուրբաթն՝ ապրիլի 6-ը, «անվադողերի ուրբաթն» էր: Այրված անվադողերի ծխի հոտը զգացվում էր նույնիսկ Երուսաղեմում: Դրանից հետո Իսրայելն արգելել է անվադողերի ներմուծումը Պաղեստին:
Հաջորդ երեք ուրբաթները հայտարարվել են որպես «ծաղիկների ուրբաթ», «դագաղների ուրբաթ» և «կոշիկների ուրբաթ»: Վերջինի ժամանակ ցուցարարները մտադիր են կոշիկներ նետել դեպի զինվորներն ի նշան Գազայի բլոկադայի դեմ բողոքի և դրա երկու միլիոնանոց բնակչության աղքատացման:
«Վերադարձման երթի» մեկնարկից առաջ իսրայելական բանակի ղեկավարները հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում մարտական փամփուշտներ են կիրառելու: Արդյունքում մարտի 30-ի ուրբաթ 22 պաղեստինցի էր սպանվել, ապրիլի 6-ի ուրբաթ՝ ինը: Այդ երկու օրում մի քանի հազար մարդ է վիրավորվել:
Զոհվածների և վիրավորների այդքան մեծ թիվը միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչների բողոքն առաջացրել: Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ խորհրդի ներկայացուցիչ Էլիզաբեթ Ֆրոզելը հայտարարել է, որ Պաղեստինի խաղաղ բնակչության շրջանում զոհերի մեծ թիվը ցուցարարների հանդեպ անհավասար ուժի կիրառման հետ կապված հարցեր է առաջ բերում:
ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիադ Մանսուրը դատապարտել է այն, որ կազմակերպությունը ոչ մի կերպ չի կարող արգելել Իսրայելի ապօրինի գործողությունները: Նա հիասթափություն է հայտնել նաև, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունները դատապարտող հայտարարության նախագիծը չի ընդունել: Այն քննարկվում է ապրիլի 7-ին և արգելափակվել է ԱՄՆ կողմից:
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հերքում է բոլոր մեղադրանքները: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ իսրայելական բանակի գործողությունները հետաքննելու անհրաժեշտություն չկա, իսկ սպանված պաղեստինցիների հիմնական մասն արմատական խմբավորումների անդամներ են: Իսրայելական ռադիոն հաղորդել էր նաև ցույցերի ժամանակ սահմանային արգելապատնեշների տակ պայթուցիկ տեղադրելու 8 գրանցված փորձի մասին:
Պաղեստինի առաջնորդները, սակայն մտադիր չեն կանգ առնել և չեն թաքցնում իրենց մարտավարությունը, որը լայնորեն աջակցություն է գտնում հասարակությունում: Պաղեստինցիները մտադիր են հաշվի չնստել զոհերի հետ՝ այդպիսով համաշխարհային հանրության ուշադրությունը գրավելով և դժվարացնելով իսրայելցիների կոշտ արձագանքի հնարավորությունը:
Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Գիորա Այլենդը NYT-ին ասել է, որ լուրջ մտավախություններ ունի մայիսի 15-ի իրադարձությունների վերաբերյալ: Հենց այդ օրը, պաղեստինյան ցույցի առաջնորդների պլանի համաձայն, ցուցարարների թիվը պետք է առավելագույնի հասնի: Այդ ամսաթիվը պատահական չէ ընտրված. մայիսի 14-ին նշվելու է Իսրայել պետության ստեղծման 70-ամյակը:
Այլենդը մտավախություն ունի, որ Իսրայելի և Պաղեստինի սահմանային արգելապատնեշն այդ օրը կփորձի հաղթահարել ավելի շատ մարդ, քան մարտի 30-ին և ապրիլի 6-ին: Նրա խոսքով՝ արժե սպասել, որ ցույցերին կմասնակցեն նաև կանայք իրենց երեխաների հետ, ինչը կարող է բավականին անբարենպաստ իրավիճակ ստեղծել իսրայելական բանակի համար: