«Բաքուն երկար չի համբերի և լուռ հետևի, թե ինչ է կատարվում». քաղաքագետի կարծիք
Կարճ ժամանակահատվածում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներն առանց միջնորդների երկու անգամ քննարկումներ են անցկացրել հեռախոսով։ Երկրորդ զրույցի օրը ադրբեջանցի սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին ձերբակալել են հայ զինծառայողի։ Ի՞նչ են ցույց տալիս այս երկու փաստերը։
«Բաքուն երկար չի համբերի և լուռ հետևի, թե ինչ է տեղի ունենում»,- վերջին հաղորդագրությունների մասին ասում է քաղաքական մեկնաբանը Բաքվից։
Հեռախոսազրույց առանց միջնորդի
Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի միջև վերջին ամսում տեղի է ունեցել երկրորդ ուղիղ հեռախոսազրույցը՝ առանց միջնորդների մասնակցության։ Երկու հարևան երկրների հարաբերությունների ողջ պատմության ընթացքում սրանք արտաքին գործերի նախարարների մակարդակով առաջին շփումներն են՝ առանց արտաքին միջամտության։
«Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակման շուրջ։
Կողմերը համաձայնության են եկել Սահմանային համատեղ հանձնաժողովի մասնակիցների կազմի շուրջ։
Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել Սահմանային համատեղ հանձնաժողովի, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի մշակման աշխատանքային խմբի հանդիպումներ։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև հումանիտար ոլորտում քայլերը շարունակելու վերաբերյալ», — ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հայաստանի ԶՈՒ զինծառայող է բերման ենթարկվել
Մինչև այս զրույցը Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտարարել էր հայկական զինված ուժերի զինծառայողի ձերբակալության մասին երկու երկրների սահմանին՝ Զանգելանի շրջանի ուղղությամբ, որը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում վերադարձել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Հետաքրքիր է, որ կիրակի՝ ապրիլի 24-ի առավոտյան, Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը (ՊՍԾ) հայտնել է շաբաթ երեկոյան սահմանին դիվերսիայի փորձի մասին։
«Ապրիլի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խումբը ադրբեջանա-հայկական սահմանի Զանգելանի շրջանում փորձել է հատել Ադրբեջանի պետական սահմանը»,- ասվում է պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Երեկոյան հայտնի դարձավ հայ զինծառայողի սահմանը հատելու մասին։
«Ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբի անդամ, զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովին», — նշվում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության՝ երեկոյան տարածված հաղորդագրության մեջ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը դրանից անմիջապես հետո հայտարարություն է տարածել՝ իր զինծառայողի գերեվարման մասին։
«Ապրիլի 23-ին զորամասից մարտական դիրք տանող ճանապարհին կորել է կապը ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ»,- հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ «ռուսական կողմի միջնորդությամբ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Մարտիրոսովը նույն օրը՝ դեռևս չպարզված հանգամանքներում հատել է սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում»։
Մեկնաբանություն
Բայրամովի և Միրզոյանի հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրությունից կարելի է եզրակացնել, որ շարունակվում են աշխատանքները սահմանագծման հանձնաժողովների ստեղծման ուղղությամբ։ Այս կարծիքին է քաղաքագետ, ադրբեջանական «Ատլաս» վերլուծական կենտրոնի աշխատակից Թուրան Ռզաևը։
«Ընդհանուր առմամբ, սահմանազատման գործընթացը դանդաղեցնելու Երևանի փորձերը չեն կարող պսակվել հաջողությամբ։ Փաստն այն է, որ սահմանազատումն իրականացվելու է Խորհրդային Միության ժամանակների քարտեզներով։ Այդ քարտեզները Ռուսաստանի ձեռքում են։
Եվրոպան նույնպես շահագրգռված է սահմանների հարցի լուծմամբ, դրան հետևում է անձամբ Եվրախորհրդի նախագահը։ Պատահական չէ, որ բրյուսելյան վերջին հանդիպման ամփոփիչ փաստաթղթում անդրադարձ կար 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությանը։
Ինչ վերաբերում է խորհրդային շրջանի քարտեզներին, ապա հարցի հանդեպ նման մոտեցումը չի բխում Հայաստանի շահերից, որովհետև այդ քարտեզներում արտացոլված են Ադրբեջանի Ղազախի շրջանի բոլոր անկլավները, էքսկլավները, յոթ գյուղերը, որոնք դեռևս օկուպացված են։
Բայց Հայաստանն այլընտրանք չունի։ Այս հարցի լուծման կառուցողական այլ տարբերակ չկա։
Չնայած արտգործնախարարների այս բանակցություններին՝ նախօրեին հայ զինծառայողները փորձել են խախտել երկու երկրների սահմանը։
Անմիջապես պետք է ընդգծեմ, որ նման սադրանքներ սահմանին սպասելի էին։ Խնդիրը միայն այն չէ, որ Փաշինյանի վարչակազմը դժգոհ է գործընթացի ընթացքից, ռադիկալ է նաև Հայաստանի ընդդիմության դիրքորոշումը բանակցությունների վերաբերյալ։
Փաշինյանը ստիպված է բանակցել Ադրբեջանի հետ, նույնիսկ եթե նա կտրականապես չի ցանկանում։ Սա այն է, ինչ նրանից պահանջում են նաև Բրյուսելում։ Արևմուտքը ձգտում է ավարտին հասցնել գործընթացն իր ղեկավարությամբ։
Բայց դա չի բխում Կրեմլի շահերից։ Ռուսաստանը արդեն իսկ դժգոհ է հարավկովկասյան այս երկու երկրների հարաբերությունների հաստատման գործընթացում Եվրոպայի ակտիվությունից։ Բայց մինչ այժմ նա բացահայտ չի խոսել իր դժգոհության մասին հակամարտող կողմերին չվախեցնելու համար։
Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել Փաշինյանի վրա հենց Հայաստանում գործող ընդդիմության միջոցով։ Միաժամանակ Ռուսաստանը խթանում է սադրանքները սահմանին։ Պատճառն ակնհայտ է։
Այսպիսով, Կրեմլը փորձում է Եվրոպային դուրս մղել խաղաղության գործընթացից և կրկին իր ձեռքը վերցնել «բոլոր թելերը»։
Հասկանալի է, որ հայկական բանակում ներկայումս կան ուժեր, որոնք հավատարիմ են «ղարաբաղյան կլանին», իսկ իրականում՝ Կրեմլին։ Միանգամայն հնարավոր է, որ այս բոլոր սադրանքները նրանց ձեռքի գործն են։
Հայաստանը պետք է ամենասեղմ ժամկետում «մաքրման աշխատանք» իրականացնի իր բանակում։ Նման սադրանքների կրկնության հավանականությունը շատ մեծ է։ Բայց անկախ նրանից, թե ով է այդ դիվերսիաները հրահրողը, դրանց ողջ պատասխանատվությունը կրում է պաշտոնական Երևանը։ Իսկ Բաքուն երկար չի համբերի և լուռ հետևի, թե ինչ է կատարվում»,- հայտարարել է Ռզաևը։