Ֆիլիպինցիները՝ Հայաստանում
2017-ին Հայաստան է այցելել շուրջ 1,5 միլիոն զբոսաշրջիկ՝ 18,7 տոկոսով ավելի շատ, քան նախորդ տարի: Ըստ պաշտոնական տվյալների, սա աճի ամենաբարձր ցուցանիշն է 2010 թվականից ի վեր: Այցելությունների թվով առաջատարը ռուսաստանցիներն են, մինչդեռ, աճի դինամիկայով ամենաշատը Հայաստան են այցելում անսպասելի երկրից՝ Ֆիլիպիններից: Նախորդ երեք տարիների ընթացքում ֆլիպինցիների հոսքը դեպի Հայաստան աճել է 32,6 անգամ՝ 2014-ի 674-ի փոխարեն, 2017-ին՝ 22 007 մարդ:
Ֆիլիպիններից եկած Մարիլագների ընտանիքը Երևանի թաղամասերց մեկում գտնվող առանձնատունը հյուրատուն է դարձրել: Ֆոյեի մի անկյունում տոնածառ է դրված, չնայած որ դրսում մարտ ամիսն է:
«Մենք սիրում ենք երկարատեւ Սուրբ Ծնունդ նշել», — ծիծաղելով ասում է բիզնեսի ղեկավարը՝ 26-ամյա Ռենատոն:
2016-ի դեկտեմբերի առաջին անգամ ազգականների հետ Երևան եկած երիտասարդը Դուբայում զբաղվում էր թվային մարքեթինգով, համագործակցում էր տուրիստական գործակալությունների հետ:
«Փեսաս ասաց՝ արի մնանք Հայաստանում ու ինչ-որ գործ սկսենք: Ասացի՝ օքեյ, ինչու՞ ոչ: Դա այն տարին էր, երբ այստեղ շատ ձյուն կար: Գիտեք, ֆիլիպինցիներն իրենց երկրում ձյուն չեն տեսնում, այս երկիրն իրենց համար շատ հետաքրքիր է», — պատմում է հոսթելի համասեփականատերը:
Ռենատոյի հյուրերին գրավում է Հայաստանի եվրոպական կենցաղն ու մշակույթը, չհաշված, որ կաթոլիկ ֆիլիպինցիներին հրապուրում են նաև առաջին քրիստոնյա երկրի կրոնական հուշարձանները:
Այնուհանդերձ, Ռենատոն բացահայտում է ֆիլիպինյան բումի գաղտնիքը. Նրա հայրենակիցները հասնում են Կովկաս շատ ավելի պրոզայիկ շարժառիթներով, քան Արարատ լեռն ու միջնադարյան եկեղեցիները տեսնելն է:
Այստեղ հայտնվողների ճնշող մեծամասնությունն արտագնա աշխատանք ունի Պարսից ծոցի երկրներում՝ ԱՄԷ-ում, Քաթարում: Այդ երկրներում աշխատանքային իրավունք չունեցող ֆիլիպինցիները, միգրացիոն օրենքները չխախտելու համար, ստիպված են ժամանակ առ ժամանակ դուրս գալ և վերադառնալ:
Նախկինում դրա համար նրանք մեկնում էին Սինգապուր, Շրի Լանկա, Նեպալ կամ ուղղակի վերադառնում էին հայրենիք: Բայց դա չափազանց ժամանակատար էր ու թանկ: Վերջին երկու-երեք տարում նրանք հայտնաբերել են նոր ուղղություն՝ Հայաստանը: Դուբայից այստեղ կարելի է հասնել երեք ժամում՝ երկու ուղղությամբ տոմսի վրա ծախսելով շուրջ 300 դոլար:
«Երբ եկանք, մարդկանց հետ հաղորդակցվելու խնդիր ունեինք: Շատերը, հատկապես ավագ սերունդը, անգլերեն չգիտի, նրանք խոսում են հայերեն կամ ռուսերեն: Եվ մենք չգիտեինք, թե ինչպես շփվենք մարդկանց հետ: Բայց այդ հարցում մեզ օգնում են երիտասարդները:
Ընդհանրապես, Հայաստանի ժողովուրդը շատ պատրաստակամ է: Նույնիսկ եթե լեզուդ չեն հասկանում, փորձում են ինչ-որ կերպ օգնել: Օրինակ, մի օր արագ սննդի կետ էինք փնտրում, երկու երիտասարդից հարցրեցինք տեղը, նրանք չէին կարողանում բացատրել, բայց մեզ տարան-հասցրեցին մինչև մեր ուզած վայրը», — պատմում է Ռենատոն:
Ռենատոն թվարկում է հայերի ու ֆիլիպինցիների նմանությունները՝ կրոնի հանդեպ հատուկ վերաբերմունք, սեր գարեջրի նկատմամբ ու խոհանոց: «Դուք կովի սուպ ունեք… ո՞նց էր անունը… խա՞շ: Մենք էլ դրանից ունենք: Տարբերությունը միայն մատուցելու մեջ է: Դուք դրա մեջ սխտոր եք լցնում, մենք՝ հացահատիկ ու այլ համեմունքներ: Եվ ի տարբերություն ձեզ, ֆիլիպինցիները նախընտրում են «կովի ապուրը»՝ բուլալոն, ուտել երեկոյան՝ ընթրիքի ժամին»:
Ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ուղեցույցի, միջազգային զբոսաշրջիկ է համարվում այն այցելուն (visitor), որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով մեկնում է իր հիմնական բնակության վայրից (ռեզիդենտության երկրից) մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ, և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով:
Ֆիլիպինցի այցելուների մեծ մասը Հայաստանում մնում է երեք օրից ոչ ավել: Այդ ընթացքում Ռենատոն փորձում է տուրեր կազմակերպել նրանց համար՝ մեքենա պատվիրել և, իհարկե, լուծում է գիշերակացի խնդիրը:
«Նրանք գալիս են ու ասում. «Կույա (ֆիլիպիներեն՝ «ավագ եղբայր»), խնդրում եմ, վաղ առավոտ ինձ համար տուր պատվիրիր, ուզում եմ տեսնել Հայաստանը: Ու երբ նրանք գնում են հետ՝ Դուբայ, համոզում են մնացածներին. եկեք Հայաստան, այստեղ տարվա չորս եղանակ կա (ժպտում է): Շատերն էլ Երևանից մեքենայով գնում են Վրաստան, մեկ օր անցկացնում այնտեղ, վերադառնում Երևան ու այստեղից կրկին գնում են Դուբայ», — ասում է նա:
Հաջող բիզնեսի կարևոր ցուցիչն այն ընդլայնելու ցանկությունն է: Ռենատոն և ընկերները այս տարի ավելի մեծ թվով հյուրերի են սպասում, այդ թվում՝ Եվրոպայից, Ռուսաստանից ու Մերձավոր Արևելքից: Նրանք արդեն տարածք են վարձել Երևանի կենտրոնական թաղամասում, որտեղ շուտով կբացվի իրենց հոսթելի նոր մասնաճյուղը:
2017-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկները մեծամասամբ Ռուսաստանից էին (39.7%): Տուրիստների թվով առաջատարների թվում էին նաև Վրաստանն (21.8%) ու Իրանը (15%): Կառավարությունը նպատակ է դրել մինչև 2022 թվականը Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 միլիոնի: