Առանց ֆինանսավորման է մնացել Բեսլանի դպրոցում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհված երեխաների գերեզմանոցը
«Իշխանություններին չի հաջողվի այնպես անել, որ մենք մոռանանք Բեսլանը». այսպիսի հաղորդագրություններով լի են Հյուսիսային Օսիայի սոցցանցերը: Քննարկմանն ակտիվորեն միացել են նաև Հարավային Օսիայի բնակիչները:
Քննարկումը սկսել է Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի «Հրեշտակների քաղաք» հուշահամալիրի տեսուչ Կասպոլատ Ռամոնովը:
Բեսլանի ահաբեկչության հետևանքով զոհվել էր նաև Կասպոլատ Ռամոնովի դուստրը, և դրանից հետո նա դարձել է «մանկական գերեզմանոցի» տեսուչը, որտեղ թաղված են ահաբեկչության զոհերը: Նա ապրում է հուշահամալիրի տարածքում և գրեթե միայնակ հոգ է տանում դրա համար:
Կասպոլատ Ռամոնովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արդեն երկու տարի է, ինչ «Հրեշտակների քաղաքը» պետությունից ոչ մի ֆինանսական աջակցություն չի ստանում, իսկ հուշահամալիրի բոլոր հաշիվները կալանքի տակ են:
Բոլոր խնդիրները սկսվել են Հյուսիսային Օսիայի նոր ղեկավար Թամերլան Ագուզարովի իշխանության գալուց հետո, գրել է Ռամոնովը:
«Ֆինանսական խառնաշփոթ սկսվեց: Մեկ որոշեցին մեզ փոխանցել շրջանին, հետո մտափոխվեցին, մեկ գումարը ժամանակին սկսեցին չփոխանցել… Իսկ ես արդեն երկու տարի է՝ սեփական միջոցներով եմ վճարում աշխատակիցներին, ծաղիկ տնկում, հուշարձանները վերականգնում, մաքրում, լվանում, խոտը հնձում»:
Սակայն, գրել է Կասպոլատ Ռամոնովը, դա միակ և նույնիսկ գլխավոր խնդիրը չէ:
«Ես տեղեկատվություն ունեմ, որ մեր գործող իշխանությանը մոտ անձինք, գալիս են Բեսլան, հանդիպում ղեկավարների հետ և ներշնչում նրանց, որ Բեսլանի ողբերգությունն արդեն մոռանալու ժամանակն է: Որ բավական է սեպտեմբերի 1-3-ը սգո միջոցառումներ անցկացնել: 13-ամյա վաղեմության սարսափելի պատմությունը սպառել է իր ողբերգական ռեսուրսը»:
Իր մասին Ռամոնովն ամեն ինչ հստակ գիտի:
«Գերեզմանոցում կարգուկանոն պահպանելու համար ես վաճառել եմ իմ գրեթե ողջ անշարժ գույքը: Ինչպես կարող եմ, ձգտում եմ մաքուր պահել այն վայրը, որտեղ «քնած են» երեխաներս՝ աղջիկս, հարևանների երեխաները: Քանի դեռ ողջ եմ, շնչում եմ, ապրում եմ, ծառայելու եմ «Հրեշտակների քաղաքում»:
Իր գրառումը նա ավարտել է «այդ հիշատակը չդավաճանելու» կոչով, որն ուղղված է ողջ հասարակությանը:
Հասարակությունը շատ ակտիվ արձագանքեց, համենայնդեպս, սոցցանցերում: Մարդիկ գրում են, որ երբեք ոչինչ չեն մոռանա: Շատերը պատրաստ են գումար փոխանցել գերեզմանոցի պահպանման համար:
«Շոկի մեջ եմ, այդ ինչպե՞ս, թե հերիք է հիշել: Շատ բան ենք տարել, սակայն սա այն դեպքն է, երբ մենք պարզապես լռելու իրավունք չունենք: Ինչո՞ւ են դադարեցրել ֆինանսավորումը: Ինչպե՞ս կարող է նման բան լինել, ինչո՞ւ են բոլոր ֆինանսական հոգսերը մեկ մարդու ուսերին ընկել»:
«Զզվեցրել է ժողովրդի հանդեպ այս անհարգալից վերաբերմունքը: Փողից բացի այլ արժեքներ չկան: Եթե մենք խելքներս գլուխներս չհավաքենք, չվերանայենք մեր առաջնահերթությունները, մեր արժեքները, ապա շատ շուտով մենք էլ չենք լինի»:
«Խոսքը ֆինանսավորման խնդրի տեղային լուծման մասին չէ, հարցը «Հրեշտակների քաղաք» օբյեկտի հանդեպ վերաբերմունքն է: Հարցը համակարգվածությունը և հուշահամալիրի կարգավիճակն է»:
«Ի՞նչ կառուցողական երկխոսության մասին եք խոսում: Ո՞ւմ հետ: Կարծում եք, թե իշխանությունն այդ մասին չգիտի՞: Չէ՞ որ հենց նա է դադարեցրել ֆինանսավորումը»:
«Կասպոլատն ամեն ինչ ճիշտ է գրել՝ բացառությամբ հետևյալի. «Գիտեմ, թե սրտի ինչ թրթիռով է Պուտինը վերաբերվում Բեսլանի ողբերգությանը»: Բեսլանի ողբերգությանը սրտի թրթիռով վերաբերվող մարդը 13 տարվա մեջ ոչ մի անգամ չի այցելել գերեզմանոց»:
«Ինչպե՞ս կարելի է ձգտել հիշողությունից ջնջել այդպիսի ազգային վիշտը: Անգամ Եվրոպայում զոհերին՝ մեր երեխաներին, հուշարձաններ են կանգնեցրել, մարդիկ ծաղիկներ են բերում: Այս պարագայում պետք է ցույցեր կազմակերպել կառավարության տան մոտ»:
«Եկեք բոլորին ինքներս օգնենք՝ գործազուրկներին, ուսուցիչներին, բժիշկներին, փոքր ձեռնարկատերերին, բժիշկներին, Բեսլանում տուժածներին, բուժման կարիք ունեցողներին, հիվանդանոցներին, «Հրեշտակների քաղաքին» և դրա տեսուչին: Մենք կարող ենք նաև ինքներս օգնել և ավարտել Օսիայի ղեկավարին պատկանող շենքի շինարարությունը: Միայն թե մեր ինչի՞ն է պետք այդպիսի իշխանությունը»: