Վրաստան. նվազագույնը տասը կին հայտնի իրավապաշտպանին մեղադրել է ոտնձգությունների համար
Նվազագույնը տասը կին ոտնձգությունների մեղադրանք է առաջադրել Քաղաքացիական զարգացման գործակալություն (CIDA) հասարակական կազմակերպության ղեկավար Զվիադ Դևդարիանիին:
Սեքս՝ աշխատանքի տեղավորման դիմաց, ոտնձգություններ աշխատավայրում, սեռական բնույթի առաջարկներով անցանկալի տեքստային հաղորդագրություններ, անցանկալի ֆիզիկական կոնտակտ. սրանք են մեղադրանքները, որոնք կանայք ներկայացրել են Դևդարիանիի դեմ:
Ոտնձգությունների զոհերն իրենց անունները չեն նշում, սակայն նրանց անձնական տվյալները հայտնի են նվազագույնը 2 լրագրողի, որոնք նրանցից հարցազրույց են վերցրել, ինչպես նաև մի քանի իրավապաշտպանների և ժողովրդական պաշտպանին, որն արդեն հանդիպել է նրանց հետ և լսել նրանց պատմությունները:
Օմբուդսմենի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ժողովրդական պաշտպանը հաստատել է, որ այն, ինչ ինքը լսել է, «սեռական ոտնձգության և սեռական բռնության տարրեր է պարունակում»:
Իր պատասխան հայտարարությունում Զվիադ Դևդարիանին կտրականապես հերքել է այդ մեղադրանքներն ու հայտարարել, որ նպատակաուղղված շանտաժի զոհ է դարձել: Դևդարիանին ասում է, որ պատրաստ է հաստատել իր իրավացիությունը դատարանում:
«Ես խոստովանում եմ, որ ընտանիքից դուրս հարաբերություններ ունենալը սխալմունք էր: Սակայն ես կտրականապես հերքում եմ որևէ բռնության կամ ճնշման փաստ», — գրում է Դևդարիանին:
Զվիադ Դևդարիանին երկար տարիներ աշխատում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Նա միշտ զբաղվել է այնպիսի հարցերով, ինչպիսին է բռնությունը կանանց հանդեպ, խոսքի ազատությունը, փոքրամասնությունների իրավունքները: Դևդարիանին հաճախ է մասնակցել հեռուստատեսային թոք-շոուների:
Պատմությունները
«Տաբուլա» առցանց պարբերականին տված հարցազրույցներում Դևդարիանիի կողմից ոտնձգությունների մասին պատմել է 8 կին: «Նեթգազեթի» առցանց պարբերականը հրապարակել է 2 կնոջ պատմություն: Նրանք բոլորը որոշել են գաղտնի պահել իրենց անունները՝ որպես պատճառ նշելով ընտանիքի անդամների և հասարակության հնարավոր արձագանքը:
«Տաբուլայում» հրապարակված պատմություններից մեկում կինը պատմում է, որ Դևդարիանին իրեն հարցազրույցի է կանչել իր գրասենյակ և ասել, որ աշխատանքի կվերցնի միայն «որոշակի պահանջներ կատարելու դեպքում», որոնց թվում եղել է նաև «սեռական կոնտակտը»:
«Արդեն երեկո էր, երբ ես եկա: Նա ինքը բացեց դուռը և ինձ ներս թողնելուց հետո փակեց: Գրասնեյակում այլևս ոչ ոք չկար… Նա սկսեց բացատրել, թե ինչ պետք է անեմ, եթե ինձ աշխատանքի ընդունի… Ասաց, որ ես նրան այնքան եմ դուր գալիս, որ նա կարող է բաժանվել կնոջից, դա ինձ համար շոկ էր… Նա անցավ ֆիզիկական կոնտակտի, դիպչում էր ինձ, խնդրում համբուրել: Ես ասացի, որ ինձ վատ եմ զգում և ուզում եմ հեռանալ… Նա ասաց, որ նրա մի խնդրանքը կատարեմ. իբր նրա ուշքը գնում է կանանց ներբանների համար, և եթե ես ուզում եմ հեռանալ, պետք է կոշիկներս հանեմ և ցույց տամ ոտքերս: Ես այնքան էի ուզում այնտեղից գնալ, որ համաձայնեցի և հանեցի կոշիկներս: Նա սկսեց համբուրել ոտքերս, ես շատ վատ էի զգում: Ես ասացի, որ ժամանակ չունեմ և խնդրեցի նրան ինձ տուն տանել և ասացի, որ վաղը կրկին կգամ: Նա ինձ տուն տարավ և ճանապարհին ինձ հետ խոսում էր իր գրքի մասին, որը պատրաստվում էր նվիրել ինձ: Հաջորդ օրը նրա մոտ չգնացի…»
Եվս մեկ պատմության մեջ, որը հրապարակել է «Նեթգազեթին», CIDA-ի նախկին աշխատակիցը պատմում է, որ Դևդարիանին իր հանդեպ ոտնձգություններ է կատարել:
«Դևդարիանին իմ ղեկավարն էր: Ես այն ժամանակ 23 տարեկան էի: Ես մի գործ գլուխ չէի բերել, և նա ինձ գրել էր, որ հաջորդ անգամ ինձ հետ կգնա: Ասաց՝ մեքենա նստիր և մի վախեցիր, չեմ կծի. նրա տոնը հրամայական էր: Ես մտածեցի, որ նա կարող է ինձ աշխատանքից ազատել, իսկ այդ աշխատանքն ընտանիքիս եկամուտն էր, այդ պատճառով էլ ես նյարդային էի: Այդ պահից սկսվեց մեր ֆեյսբուքյան գրագրությունը, 2-3 օր նա առանց ընդմիջման գրում էր ինձ: Միակ բանը, որի համար ամաչում եմ, դա այն է, որ ես կարծես տեղի տվեցի: Ես, ճիշտ է, վախենում էի, որ ինձ աշխատանքից կազատեն: Հիստերիկորեն ռեզյումեներս տարբեր կազմակերպություններ էի ուղարկում, որպեսզի փախչեմ այդտեղից»:
Ինչպես ամեն ինչ սկսվեց
Սկանդալն սկսվեց հաջորդ օրն այն բանից հետո, երբ ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան CiDA-ի տնօրեն Զվիադ Դևդարիանին ներկայացրեց որպես Վրաստանի հանրային հեռարձակողի (հանրային հեռուստատեսության և ռադիոյի) հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածու:
Այդ նորությունը սկսեց ակտիվորեն քննարկվել «Կանանց շարժում» ֆեյսբուքյան փակ խմբում, որը մոտ 1900 կանանց է միավորում: Խմբի անդամները քննարկում են Վրաստանում կանանց դրության, նրանց իրավունքների պաշտպանության հարցեր, տարբեր միջոցառումներ և ակցիաներ են պլանավորում:
Մի քանի կին խմբում գրել էր, որ այդ պաշտոնում Դևդարիանիի նշանակումն անընդունելի է:
«Զվիադ Դևդարիանին բազմաթիվ սխալներ է թույլ տվել կանանց հանդեպ, և մի օր կանայք կբռնեն ու կպատմեն ամեն ինչ», — գրել է օգտատերերից մեկը, և շատերը նրան աջակցել են:
Հետո, երբ բավականաչափ պատմություններ են հավաքվել, «Կանանց շարժումը» պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ժողովրդական պաշտպանին չառաջադել Դևդարիանիի թեկնածությունն ու հետաքրքրվել այն կանանց պատմություններով, որոնք նրան մեղադրում են ոտնձգությունների համար:
Դևդարիանին հերքում է մեղադրանքները
Զվիադ Դևդարիանին հաջորդ իսկ օրը հանել է իր թեկնածությունը: Սակայն չի ընդունել իր մեղքն ու պնդում է, որ «Կանանց շարժման» կողմից շանտաժի զոհ է դարձել, քանի որ նրանք չէին ուզում, որ ինքը հայտնվեր խորհրդում:
«Բռնության և հանցագործությունների անհիմն մեղադրանքներ են հնչում… Ինձ համար երբեք դժվար չի եղել խոստովանել սխալներս, երբ ինձ համար պարզ են եղել իմ ոչ ճիշտ գործողությունները: Եթե այդ մեղադրանքներն ընդհանուր հայտարարություններից և սոցցանցերի խմբերից հեռուն գնան, ես պատրաստ եմ վեճն իրավական միջոցով լուծել», — գրել է Դևդարիանին իր պատասխան հայտարարությունում:
Գործը կարո՞ղ է դատարան հասնել
Կանանցից ոչ ոք դեռ դատարան չի դիմել: Սակայն իրավապաշտպաններն ու հասարակական կազմակերպությունները կոչ են անում ոտնձգությունների զոհերին շարունակել պայքարը և աջակցություն են խոստանում:
8 հասարակական կազմակերպությունից կազմված «Հանուն հավասարության կոալիցիան» հայտարարել է, որ սեռական ոտնձգությունների փաստի հայտնաբերումն ու դրանց տրվող իրավական արձագանքը կարևոր է «կանանց հանդեպ խտրականության ամենատարածված և գաղտնի ձևերից մեկի» դեմ պայքարի տեսանկյունից:
Ոտնձգությունների զոհերին իրավական օգնություն է առաջարկել Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան:
Հասարակության արձագանքը. որքան հնարավոր է՝ ավելի շատ աղմուկ։
Այս պատմությունը բազմաթիվ արձագանքներ է գտել սոցցանցերում: Վրաստանում, որտեղ հասարակությունը պահպանողական է, կանայք գրեթե չեն պատմում վերապրած սեռական բռնության մասին, քանի որ հաճախ են բախվում հասարակության ոչ ճիշտ արձագանքին: Հաճախ է լինում, որ հասարակությունը մեղադրում է ոչ թե բռնարարին, այլ զոհին:
Շատերն արդեն դժգոհություն են հայտնել կանանց հասցեին, որոնք բողոքում են Դևդարիանիի կողմից ոտնձգությունների դեմ:
Ոմանք նրանց «անանուններ» են անվանել՝ պահանջելով անհապաղ բացահայտել իրենց անուններն ու ոտնձգությունների ապացույցներ ներկայացնել: Իսկ ոմանք կարծում են, որ խոսքը գնում է ոչ թե բռնության, այլ «սիրահետելու» մասին:
«Տասն անանուն պատմության հիման վրա փչացնում են մարդու կյանքը: Երևի նրանցից մեկին Դևդարիանին մերժել է, և ահա նա զայրացել է և վրեժ է լուծում»:
«Ես գեղեցիկ եմ և միշտ լավ եմ հագնվում, սակայն ոչ ոք ինձ հետ այդպես չի վարվել: Երևի հենց իրենք են սադրել»:
«Ո՞ւր են ապացույցները: Եվ ո՞ւր էին նրանք մինչև հիմա: Ինչո՞ւ էին լռում»:
Զվիադ Դևդարիանիի շուրջ սկանդալը, կարելի է ասել, առաջին դեպքն է, երբ մի քանի կին որոշել է խոսել այս թեմայով լրագրողների և իրավապաշտպանների հետ: #Metoo-ի վրացական արշավը հակառակորդներին զուգահեռ նաև շատ կողմնակիցներ ունի, որոնք այս պատմությունը համարում են Վրաստանում կանանց իրավունքների համար պայքարի ևս մեկ էջ:
«Արդեն երրորդ օրն է, ինչ կանայք չեն քնում: Այսպիսի համերաշխություն մեր միջև չի եղել վաղուց: Մենք կարող ենք մեր ձայնը հասցնել բոլորին: Կանա՛յք, որքան հնարավոր է, ավելի մեծ աղմուկ հանեք»:
«Տղամարդիկ, որոնք կանանց կարիերա են խոստանում սեքսի դիմաց, տականքներ են: Նրանք պետք է մերժվեն նորմալ հասարակության կողմից, լինի դա Դևդարիանին, թե սուպերմարկետի մենեջերը»:
«Սա մի երկրիր է, որտեղ կանանց սպանում են, նրանց վրա ցեխ նետում, որտեղ կանայք միշտ մեղավոր են: Ինչպե՞ս կարող են բռնարարներին պաշտպանող տղամարդիկ նայել իրենց աղջիկների աչքերին: Նրանք պատասխան կպահանջեն ձեզնից, և դուք պատասխան չեք ունենա», — գրում են Ֆեյսբուքի օգտատերերը: