ԵԱՀԿ Մինսկի խումբ․ Ղարաբաղյան հակամարտության միջնորդության անփառունակ ավարտը
Ապրիլի 8-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո արձանագրեց մի փաստ, որի մասին գիտեին բոլորը, սակայն ոչ ոք չէր բարձրաձայնում․ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս ի վիճակի չէ ընթացիկ ձևաչափով շարունակել իր միջնորդական առաքելությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։
Լավրովը դա բացատրել է նրանով, որ մյուս երկու համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեն ուզում գործ ունենալ Ռուսաստանի հետ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո, անգամ նրանց մեղադրել է «ռուսատյացության» համար։
Դա, իհարկե, պատրվակ է։ Իրական պատճառն այն է, որ հակամարտության կողմերից մեկը՝ Ադրբեջանն, այլևս հետաքրքրված չէ նման ձևաչափի միջնորդական ծառայություններով։
Նախագահ Ալիևը 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո բացահայտ հայտարարել է, որ ՄԽ միջնորդության 30 տարիները ոչ մի արդյունք չեն տվել, և Ադրբեջանն ինքն իր ուժերով է որոշել վերականգնել իր տարածքային ամբողջականությունը։ Ավելին՝ Բաքվում համանախագահների հետ հանդիպմանը նա դիվանագիտական ընդունելությանը ոչ հարիր կոշտ ձևով հայտարարել է, թե «ես ձեզ այստեղ չեմ հրավիրել»։ Բնականաբար, հնարավոր չէ հարկադրաբար միջնորդ լինել, երբ հակամարտության կողմերից մեկը չի վստահում քեզ (ինչ էլ ասի մյուս կողմը)։
Մոնոպոլիստ միջնորդի ձախողման պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է պատմական ակնարկ անել և հիշել, թե ինչու և ինչպես է ստեղծվել Մինսկի խումբը։
Լեռնային Ղարաբաղի նախկին Ինքնավար մարզի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսվել է 1980-ականների վերջին։ 1991 թ-ին երկու հարևան խորհրդային հանրապետությունների անկախության հռչակումից հետո հակամարտությունն իսկական պատերազմի է վերաճել։
1992 թ-ի հունվարին երկու պետություններն էլ միացել են Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցությանը (այդպես էր կոչվում ԵԱՀԿ-ն)։
Այդ ժամանակ էլ գաղափար է ծնվել, որ կառույցը կարող է միջնորդ դառնալ Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում։ ԵԱՀԽ-ից առաջ այդ առաքելությունն ուզում էր իրականացնել Իրանը, քանի որ նախկին մետրոպոլիային՝ Ռուսաստանին այն ժամանակ չէր վստահում կողմերից ոչ մեկը։ Իրանի միջնորդությունը ձախողվեց այն բանից հետո, երբ Թեհրանում հրադադարի համաձայանգրի ստորագրումից մեկ օր անց հայկական ուժերը գրավեցին Ղարաբաղի՝ մեծ մասամբ ադրբեջանցիներով բնակեցված Շուշա/Շուշի քաղաքը։
Այսպիսով՝ ԵԱՀԽ հեղինակավոր եվրոպական կազմակերպությունը որոշեց նախաձանությունն իր ձեռքն առնել։ 1992 թ-ի մարտին Հռոմում մեծ համաժողով ստեղծվեց, որին ադրբեջանցի և հայ դիվանագետներին զուգահեռ մասնակցեցին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները։ Հենց Հռոմում 1992 թ-ի մարտի 24-ին որոշվեց Մինսկում միջազգային համաժողով հրավիրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով, իսկ Մինսկն այն ժամանակ համարվում էր ԱՊՀ ոչ ֆորմալ մայրաքաղաք։ Համաժողովի նախապատրաստման համար ստեղծվեց Մինսկի խումբը, որի կազմում 11 պետություն կար։
Հատկանշական է, որ նույնիսկ ոչ բոլոր փորձագետները գիտեն, որ ՄԽ-ն միայն Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն չեն։ ՄԽ-ի կազմում են նաև Թուրքիան, Գերմանիան, Իտալիան և այլ երկրներ։
Ի սկզբանե Ռուսաստանը եվրոպական նախաձեռնությանը խանդով էր վերաբերվում, քանի որ համարում էր (և, ի դեպ, շարունակում է համարել), միայն ինքն իրավունք ունի կարգավորելու բոլոր հակամարտություններն ու վեճերը հետխորհրդային տարածքում։ Մինսկի խմբի նկատմամբ վերաբերմունքն ակնհայտ է դառնում Ղարաբաղի հարցով ռուսական միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովի խոսքերից․
«Շատերը ՄԽ-ն ընկալում են որպես իրողություն։ Քչերը գիտեն դրա ծագման և լեգիտիմության աստճանի մասին։ Չգիտեն, որ ԵԱՀԽ-ում ՄԽ ստեղծման մասին ոչ մի որոշում չի եղել․․․ Խոսքը միայն մեկ արտակարգ հանդիպման մասին է եղել, այլ ոչ թե հանդիպումների շարքի, առավելևս՝ ոչ ԵԱՀԽ նոր լրացուցիչ կառույցի կանոնավոր գործառույթի։ Ահա թե ինչու Մինսկի խումբը ոչ մի մանդատ չունի (ի տարբերություն ԵԱՀԽ ցանկացած այլ կառույցի, նույնիսկ՝ ժամանակավոր)։ Ոմանք ընդհանուր առմամբ դատում են ՄԽ մանդատի մասին՝ չգիտակցելով անգամ, որ այն բնության մեջ ընդհանրապես գոյություն չունի»։
Մինսկում 1992 թ-ին այդպես էլ չհաջողվեց համաժողով անցկացնել։ Դրա պատճառները շատ էին, հիմնականը, կարծում եմ, այն էր, որ 1992 թ-ի ամռանն ադրբեջանական կողմը գրոհի անցավ և գրավեց մեծ տարածք Ղարաբաղի հյուսիսում։ Այդ պայմաններում էլ հենց ԵԱՀԽ-ն որոշեց ՄԽ համանախագահների ինստիտուտ հիմնել՝ շարունակելու մաքոքային դիվանագիտությունը տարածաշրջանում։ Այդ խմբի առաջին նախագահ իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆայելիի ջանքերը (որը հայտնի էր իր հաջողություններով Մոզամբիկի հակամարտության կարգավորման հարցում) հաջողությամբ չպսակվեցին։
Միաժամանակ, Ռուսաստանը միայնակ՝ առանց ԵԱՀԿ ՄԽ, կարողացավ 1994 թ-ի գարնանը կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ և հասնել հրադադարի մասին եռակողմ (ԼՂՀ մասնակցությամբ) համաձայնագրի ստորագրման։
Այնուհետև եկավ ՄԽ «աստեղային ժամը»։ Սկսվեցին կանոնավոր այցեր Երևան-Խանքենդի/Ստեփանակերտ-Բաքու երթուղով։ Երբեմն հանդիպումներ էին հրավիրվում արտասահմանում, երբեմն էլ, թվում էր, որ կողմերը բավականին մոտ են պայմանագիր ստորագրելուն, ինչպես ամերիկյան Քի Վեսթում էր։ Սակայն արդյունքում՝ ամեն ինչ սահմանափակվում էր խաղաղության և երկխոսության ավանդական կոչերով։
Երկու հասարակություններում արդեն կատակում էին համանախագահների թեմայով․ «Օ, կրկին եկել են, սրտները խորոված, թառափ ու կոնյակ է ուզում»։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը վերջերս տված հարցազրույցում այդ անզորության մի օրինակ բերեց․
«Հետաքրքիր մի դեպք տեղի ունեցավ, երբ ես հերթական անգամ համանախագահներին ասացի, որ ամեն ինչ ճգնաժամով է ավարտվելու, նրանցից մեկը բացականչեց․ «Ճգնաժամ սարքեք, որ մենք մեռյալ կետից շարժվենք»։ Համանախագահները հասկանում էին, որ փակուղում են»։
30-ամյա գործունեության ընթացքում ՄԽ հովանու ներքո հակամարտ պետությունների ղեկավարները չեն ստորագրել ոչ մի համատեղ փաստաթուղթ։
Ռուսաստանի հարցում ընդհակառակն է։ Բոլոր փաստաթղթերը, որոնք կողմերը ստորագրել են, ստորագրվել են ռուսական կողմի աջակցությամբ (1992 թ-ի Թեհրանի համաձայնագիրը չենք հաշվում, այն մեկ օր էլ չի դիմացել)։ Դա Բիշքեկի արձանագրությունն ու Հրադադարի համաձայնագիրն է (1994, մայիս), Մայենդորֆի հռչակագիրը (2008, նոյեմբեր), Հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը (2020, նոյեմբեր), տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակման մասին համատեղ հայտարարությունը (2021, հունվար)։
Բնականաբար, Ռուսաստանը չի պատրաստվում զիջել նախաձեռնությունն ու իր գերիշխող դիրքը հակամարտության կարգավորման գործընթացում մոտ ապագայում։ Սակայն, հաշվի առնելով այն, որ Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանը սրընթաց կերպով կորցնում է իր միջազգային հեղինակությունը, կողմերին հավասարակշռության համար այլընտրանք է պետք։ Քանի որ ՄԽ փաստացի չկա, դրա տեղը կարող է զբաղեցնել Եվրախորհուրդը։
Տպավորություն կա, որ Հայաստանն ու Ադրբեջանը լիովին գոհ են ԵՄ հովանու ներքո բանակցությունների երկու փուլերով, որոնք անցկացվել են բելգիացի դիվանագետ, Եվրոպական խորդրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Իրադարձությունների նման զարգացումից շատ դժգոհ են Ղարաբաղում, քանի որ ՄԽ-ն միակ տեղն էր, որտեղ նրանք ամբիոն ունեին։ Այժմ նրանց ձայնը միջազգային հանրությանը կհասնի միայն մեդիայի կամ ոչ պաշտոնական խողովակներով։
Բանակցությունների շարունակության համար այլ ձևաչափեր էլ կան։ Օրինակ՝ 3+3-ը՝ Հարավային Կովկասի երեք երկրները պլյուս Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը։ Այս ձևաչափը հետաքրքիր է, նախևառաջ, հաշվի առնելով Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքները։
Սակայն, այնուամենայնիվ, ամենաարդյունավետ ձևաչափն, իմ կարծիքով, երկկողմնի հանդիպումներն են առանց միջնորդների։ Հայաստան-Թուրքիա, Ադրբեջան-Հայաստան և լավ կլիներ՝ Ղարաբաղի հայեր-Ղարաբաղի ադրբեջանցիներ։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։