«Արմենիկում» հիվանդանոցը, որտեղ բուժում են ստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող հիվանդները, փակման եզրին է
Միջազգային դեղագործական աշխարհում հեղափոխություն խոստացող հայկական «Արմենիկում» դեղամիջոցի հետագա ճակատագիրը հարցականի տակ է: «Արմենիկում» կլինիկական կենտրոնն էլ, որն այն կիրառում էր հնարավոր է փակվի: Այս հարցը քննարկվում է Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից: Այս պահի դրությամբ առավել հավանական է, որ 2018-ին դադարեցվի «Արմենիկում» կլինիկական կենտրոնի պետական ֆինանասավորումը:
1998 թ. ստեղծված «Արմենիկում»-ը ներկայացվել էր որպես ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի բուժման դեղորայք, բայց մինչ օրս պարզ չէ դրա արդյունավետությունը:
«Արմենիկում»-ի տարբեր տեսակներ կան` հաբ, ներարկման համար նախատեսված հեղուկներ և քսուք: Բոլորն էլ վաճառվում են հայաստանյան դեղատներում, բայց քանի որ դեղամիջոցի վերաբերյալ պաշտոնապես չկա հստակ դիրքորոշում, այն մեծ տարածում չունի և չի կիրառվում Հայաստանում:
Մինչ դեռ «Արմենիկում»-ի կլինիկական ծառայությունների ղեկավար Վիոլետա Սարգսյանի խոսքով, այս տարիների ընթացքում «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետությունը զգացվել է ոչ միայն ՄԻԱՎ վարակակիրների կյանքի որակը փոխելու, հիվանդության հետևանքները մեղմելու, այլև իմունային անբավարարությամբ ուղեկցվող մի շարք այլ հիվանդությունների բուժման դեպքում:
Նա նշել է, որ հայկական արտադրության այս դեղամիջոցի դրական ազդեցությունը զգալի է, օրինակ, համակարգային կարմիր գայլախտի, վիրուսային հեպատիտ C-ի, հետճառագայթային այրվածքներից առաջացած վերքերի և պառկելախոցերի բուժման ժամանակ:
«Արմենիկում»-ի գլխավոր տնօրեն Լևոն Գևորգյանի տեղեկացմամբ՝ այս դեղամիջոցի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նաև Н1N1 (խոզի գրիպ) վիրուսով վարակված ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների կյանքը:
Վիոլետա Սարգսյանը իր հարցազրույցներից մեկում ժամանակին ասել է, որ «Արմենիկումի» հետ կապված հույսերն արդարացել են, և կլինիկական փորձարկումների արդյունքները հիմք ընդունելով`այն այսօր կիրառվում է որպես բուժամիջոց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող հիվանդների համար.
«Չնայած Հայաստանի նման ոչ շատ զարգացած երկրում կլինիկական փորձարկում անելը, այն էլ միջազգային ստանդարտներին համապատասխան, շատ մեծ դժվարութունների հետ էր կապված և մեծ ներդրումներ էր պահանջում, Հայաստանում հաջողվեց անցկացնել նման փորձարկում, որի արդյունքում դեղամիջոցը գրանցվեց:
Հայաստանում գրանցվելուց հետո կլինիկական փորձարկումներ անցկացվեցին մի շարք երկրներում, մասնավորապես` ՌԴ-ում։ Անկախ կլինիկական փորձարկումներից հետո ևս ապացուցվեց դեղամիջոցի արդյունավետությունը ՄԻԱՎ հիվանդների բուժման համար, որից հետո գրանցվեց ՌԴ-ում, Բելառուսում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում»։
Դեղամիջոցի նկատմամբ թերահավատորեն տրամադրվածներին «Արմենիկում» կլինիկական կենտրոնի ղեկավարությունը բացատրում է. կան հիվանդություններ, որոնց նկատմամբ «առողջացում», «բուժում» հասկացությունները կիրառելի չեն։ Եվ ՄԻԱՎ-ը դրանց թվին է պատկանում։ Բայց եթե ՄԻԱՎ հիվանդի մոտ լավանում են օրգանիզմի դիմադրողականությունն արտացոլող ցուցանիշները, կյանքի որակը լավանում է, հետ են զարգանում ուղեկցող հիվանդությունները, դա ինքնին մեծ ձեռքբերում է։
Հայկական մեդիան ժամանակ առ ժամանակ ոչ պաշտոնական մեկնաբանություններ է մեջբերում այն մասին, որ աշխարհում «Արմենիկումի» տարածման դեմ դեղագործական մաֆիան է պայքարում: