Ռուսաստանցի գործարարը պնդում է, որ Աբխազիայում իր բիզնեսը ձեռքից առել են
Աբխազիայում նոր սկանդալ է ռուսաստանցի գործարարի ձեռնարկության շուրջ գույքային վեճի պատճառով:
Միխայիլ Պանովը պնդում է, որ երկու աբխազ գործածարներ ապօրինի խլել են իր ձեռնարկությունը, իսկ Աբխազիայի իշխանությունները սատարում են այդ ռեյդերներին: Վերջերս գործարարը բողոքի մշտական ակցիա է սկսել Մոսկվայում Աբխազիայի դեսպանատան դիմաց:
Երկու աբխազ գործարարները, որոնց մեղադրում է Պանովը՝ Սայիդ Լակոբան և Ռոման Գերիան, ռուս գործարարին մեղադրում են պայմանագրի խախտման և իրենց համատեղ ձեռնարկությունը յուրացնելու փորձի համար:
Թեև սկանդալը շարունակվում է արդեն գրեթե երկու տարի, ոչ ռուսական, ոչ աբխազական իշխանությունները մինչև հիմա չեն միջամտել և չեն հարթել կոնֆլիկտը:
Նախապատմություն. Միխայիլ Պանովի վարկածը
Միխայիլ Պանովը, որը Ռուսաստանի քաղաքացի է, պնդում է, որ նա պլաստիկ իրերի արտադրության իր «ՍՊՍ-Կովկաս» գործարանը հիմնել է Գուդաութիի շրջանի Լիխնի գյուղում 2016թ-ի ամռանը: Եվ բառացիորեն անմիջապես սկսվել են նրա խնդիրները:
Պանովը տեսուղերձ է հրապարակել, որում պատմում է ամբողջ պատմությունն ու նշում Աբխազիայի երկու քաղաքացիների անունները՝ Սայիդ Լակոբա և Ռոման Գերիա, որոնք ենթադրաբար եկել են իր մոտ և առաջարկել կիսել շահույթը՝ միաժամանակ սպառնալով խլել գործարանն ու սպանել իրեն, եթե հրաժարվի:
Պանովն ասում է, որ հրաժարվել է «թիկունքից» և շուտով զրկվել ձեռնարկությունից:
«2016թ-ի սեպտեմբերի 20-ին [Լակոբան ու Գերիան] մոտ 50 հոգանոց ագրեսիվ խմբի աջակցությամբ բանդիտական հարձակում են իրականացրել գործարանի տարածքում և, բանվորներին և անձնակազմին ֆիզիկական հաշվեհարդարով սպառնալով, ուժով դուրս են բերել ռուս աշխատակիցներին Ռուսաստանի հետ սահման՝ նրանց կոպիտ ձևով ստիպելով լքել Աբխազիայի տարածքը», — հայտարարել է Պանովը «Կավկազսկի ուզել» տեղեկատվական գործակալությանը:
Գործարարի խոսքով՝ 2016թ-ի սեպտեմբերի 20-ից հետո նա չի կարողաղնում մուտք գործել սեփական գործարանի տարածք. ձեռնարկություն մտնելու նրա բոլոր փորձերը կասեցվել են ռեյդերների կողմից և ուղեկցվել ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներով:
Նախապատմություն. աբխազ գործածարներ Սայիդ Լակոբայի և Ռոման Գերիայի վարկածը
Սայիդ Լակոբան ասում է, որ Միխայիլ Պանովի հետ իրեն ի սկզբանե կապում էին միայն գործնական հարաբերություններ:
«Ես ու Ռոմա Գերիան նրան դիմավորել ենք սահմանին, նստել բանակցությունների սեղանի շուրջ և պայմանավորվել խողովակի գործարան կառուցել: Դա 2010թ-ին էր: Ես պայման դրեցի, որ խողովակի գործարանը մենք ամբողջությամբ մեզ վրա ենք վերցնում, լուծում բոլոր վարչական հարցերը, որոնք կապված են հողի տրամադրման և բոլոր փաստաթղթերի ձևակերպման հետ, սակայն գործարանում տեղի բնակչությունն է աշխատելու:
Պանովը համաձայնեց, ասաց, որ հարց չկա: Նա մեզ ասաց, որ մենք ամեն ինչ կառուցելու ենք ջենթլմենական հարաբերությունների վրա: Մենք համաձայնեցինք»:
Սակայն, ինչպես նշում են Լակոբան ու Գերիան, այն բանից հետո, երբ իրենք կատարել են համաձայնության իրենց հատվածը՝ կազմակերպել են հողի տրամադրումը և բոլոր փաստաթղթերը ձևակերպել Պանովի անունով, ռուս գործարարը հրաժարվել է պարտականությունների իր հատվածից և աշխատանքի տեղավորել «իր մարդկանց», որոնց Մոսկվայից էր բերել:
Աբխազիայի իշխանությունների մեկնաբանությունը
Ոչ աբխազական, ոչ ռուսական իշխանությունները ոչ մի անգամ պաշտոնապես չեն մեկնաբանել կոնֆլիկտը:
Մարտի 5-ին Միխայիլ Պանովը հանդիպել է Աբխազիայի էկոնոմիկայի նախարար Ադգուր Արձինբայի հետ: Ինչպես հաղորդվում է, նախարարը խոստացել է մանրամասն ուսումնասիրել իրավիճակը:
Գլխավոր դատախազության օրենսդրության կատարման վերահսկողության վարչության պետ Բեսլան Տարկիլը հաստատում է, որ Միխայիլ Պանովը բազմիցս դիմել է իրենց բողոքով, որ Լակոբան ու Գերիան թույլ չեն տալիս իր գործարանին աշխատել և սպառնում են սպանել:
Տարկիլը լրագրողներին հաղորդել է, որ նրա բողոքները ստուգվել են և չեն հաստատվել: Այդ պատճառով էլ Պանովին մերժել են քրեական գործ հարուցելու հարցում «Լակոբայի և Գերիայի գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով»:
Տարկիլը նշել է նաև, որ «կողմերից ոչ մեկը դատարան չի դիմել ծագած տարաձայնությունների լուծման համար»: Սակայն, ասել է նա, այդ վեճը պետք է լուծվի Աբխազիայի արբիտրաժային դատարանում:
Իրադարձությունների զարգացումը
Ռուս գործարարը կարծում է, որ Աբխազիայի իշխանությունները ոչ ադեկվատ են և ձգձգում են խնդրի լուծումը: Այդ պատճառով էլ նա որոշել է ակտիվ գործողությունների դիմել և մարտի 2-ից «ՍՊՍ Կովկաս» գործարանի աշխատակիցների հետ միասին անժամկետ ակցիա է իրականացնում Մոսկվայում Աբխազիայի դեսպանատան դիմաց:
«Մենք այստեղ հերթափոխում ենք, սա մեկ հոգու ակցիա է: Մենք պահանջում ենք վերականգնել սեփականատիրոջ՝ ձեռնարկության գլխավոր տնօրեն Միխայիլ Պանովի՝ իր սեփականության հանդեպ օրինական իրավունքները», — «Կավկազսկի ուզելի» թղթակցին ասել է ձեռնարկության գլխավոր տնօրենի հավատարմատար Իլյա Պանովը:
Դեսպանատան շենքի դիմաց մեքենա է կայանած՝ «Բռնազավթվել է հերթական ռուսական «ՍՊՍ Կովկաս» ձեռնարկությունը: Ո՞վ է հաջորդը» ցուցապաստառով:
«Վայրը, որտեղ կայանած է մեքենան, վճարովի կայանատեղի է: Մենք վճարել ենք դրա համար և կանգնելու ենք այնքան, մինչև կատարվեն մեր պահաջները: Արտոնված անժամկետ հանրահավաք՝ 50 հոգու մասնակցությամբ, կանցկացվի նաև Ռուսաստանի նախագահի ընտրություններից հետո», — հայտարարել է Իլյա Պանովը: