«Մեծ հարված թուլացած տնտեսությանը»․ Հայաստանում գազն էլ թանկացավ
Ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխության համաձայն՝ Հայաստանում գազը թանկացել է միջինը 4․1%-ով։ «Գազպրոմ Արմենիա»-ի՝ գազի սակագները վերանայելու հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել էր մեկ ամիս առաջ։
Ռուսական կողմը վերջին տարիներին Հայաստանին գազ է մատակարարել 8300 կալորիականությամբ, ինչը 400 կիլոկալորիայով ավելի է երկկողմ պայմանագրով ամրագրված նորմայից։ Եվ անցած տարվա վերջից խոսակցություններ էին պտտվում, որ այս պարագայում գինը կարող է բարձրանալ։
Գազի թանկացման, նոր սակագների մասին, ինչպես նաև փորձագիտական կարծիք։
Ինչո՞վ է պայմանավորված գազի թանկացումը
Հայ-ռուսական բանակցությունների արդյունքում է ձեռք բերվել պայմանավորվածություն ապրիլի 1-ից կիրառել գազի գինը ջերմատվությամբ՝ կալորիականությամբ ճշգրտելու մեխանիզմը։ Սա ենթադրում է, որ գազն ավելի բարձր որակով կլինի, բայց ավելի թանկ կարժենա։
«Ունենք մի իրավիճակ, որ դեռևս 2013 թ․-ին կնքված պայմանագրով կար բանաձև, որի կիրարկումը սկսվում է 2022 թ․-ին։ Այդ բանաձևի ուժով սահմանին գազի գնի հաշվարկն իրականացվում է կալորիականությունից ելնելով», — տարեսկզբին հայտարարել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ռուսական ընկերությունն ի սկզբանե նախատեսել էր Հայաստանում գազի 6% թանկացում և միասնական՝ 135,6 դրամ սակագնի կիրառում։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կառավարության հետ քննարկումների արդյունքում որոշել է սպառողական առանձին խմբերի համար սահմանել տարբեր սակագներ՝ պահպանելով գործող գինը անապահով խավի համար։
Կապույտ վառելիքի սակագինն անապահով խավի համար կմնա 100 դրամ, իսկ մյուս բոլոր խմբերի համար՝ կբարձրանա։
Սպառողները մեկ խորանարդի համար կվճարեն 143,7 դրամ՝ 4,7 դրամով ավելի։ Մեծ ծավալի՝ ամսական 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ սպառողների (բիզնեսի) համար թանկացումը կլինի 3,9%, ջերմոցային տնտեսությունների համար՝ գրեթե 4,5%։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի միասնական գին սահմանելու հայտ էր ներկայացրել նաև 2020 թ․-ին։ ՀԾԿՀ-ն որոշել էր բնակչության համար սակագները թողնել անփոփոխ՝ գազը թանկացնելով միայն ամսական 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ սպառող բաժանորդների, բիզնեսի համար:
2022 թ․-ը՝ թանկացումների տարի
Փետրվարի 1-ից միջինը 4.7 դրամով թանկացել է նաև էլեկտրաէներգիան։ Որպես էլեկտրաէներգիայի թանկացման պատճառ մատնանշվում են ռուսական կողմի նկատմամբ Հայաստանի չկատարած պարտավորությունները։
«Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի համար ներդրված գումարը չվերադարձնելու պատճառով, փետրվարի 1-ից սկսած, Հայաստանը տասը տարի «Գազպրոմ»-ին պետք է վճարի տարեկան շուրջ 32 միլիոն դոլար։
2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում թանկացել է նաև խմելու ջուրը։ Մեկ խորանարդի դիմաց 180 դրամի փոխարեն սպառողները վճարում են 20 դրամով ավելի՝ 200,47 դրամ։ Սակագինը նույնն է մնացել միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար։
Փորձագիտական կարծիք
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ ՀՀ-ում գազի կալորիականությունը չափվում է մի քանի ընկերությունների կողմից, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիայի», Երևանի և Հրազդանի ՋԷԿ-երի, Արարատի ցեմենտի գործարանի։ Ասում է՝ այդ ցանկում կան նաև մասնավոր ընկերություններ, որոնք «շահագրգռված են ցույց տալ իրական ցուցանիշները»։
Պարսյանի փոխանցմամբ՝ նախորդ տարի եղել են ամիսներ, երբ ՌԴ-ից ստացվող գազի կալորիականությունը հասել է ինը հազարի։ Չի բացառում, որ այս տարի էլ սահմանված միջին ցուցանիշը (8500 կիլոկալորիա) կգերազանցվի։
Տնտեսագետի գնահատմամբ՝ մարդիկ ծախսելու են նույնքան գազ՝ վճարելով ավելի թանկ․
«Ակնհայտ է, որ այս կալորիականության գործակիցը զուտ թանկացման նպատակ է հետապնդել, այսինքն՝ ցույց են տալիս հանրությանը, թե գազի գինը չեն բարձրացրել, բայց իրականում բարձրացրել են՝ ներդնելով կալորիականության գործակիցը։ Հանրությունը ծախսելու է միևնույն չափով գազ, բայց վճարելու է ավելի թանկ»,- JAMnews-ի հետ զրույցում ասաց Պարսյանը։
Կարծում է՝ ջրի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաև գազի սակագների բարձրացումներն էական ազդեցություն են ունենալու մարդկանց կենսամակարդակի վրա։
«Անցյալ տարվա և այս տարվա ընթացքում մարդկանց եկամուտները արագ չեն աճել, ավելին՝ անցյալ տարվա գնաճն այնքան բարձր էր, որ ուղղակի խժռել է մարդկանց բոլոր եկամուտները։ Այս տարի էլ բավականին բարձր գնաճ ենք ունենալու՝ պայմանավորված նաև կոմունալների սակագների աճով»,- նշեց տնտեսագետը։
Պարսյանի խոսքով՝ վնասներ է կրելու նաև բիզնեսը․ վերջին երեք տարվա ընթացքում գազի սակագինը բիզնեսի համար բարձրանում է երկրորդ անգամ։ Արդյունքում, ըստ նրա, բիզնեսը դառնալու է պակաս մրցունակ․
«Ներկայումս ԵԱՏՄ շրջանակներում մեր գազի սակագինը զիջում է միայն Ղրղզստանին, մնացած երկրներում անհամեմատ մրցունակ գազի սակագին կա, ինչը թույլ է տալիս ավելի էժան ապրանքներ արտադրել, և մեր արտադրողներն ուղղակի շուկայից դուրս են մղվելու»։
Տնտեսագետի դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստանը լուրջ ցնցումների մեջ է, տնտեսությունը թուլացած է։
«Գազի սակագնի բարձրացումը մեծ հարված է հասցնելու առանց այն էլ թուլացած տնտեսությանը»,- ընդգծեց Սուրեն Պարսյանը։