«36 հազար հայեր՝ ներքին տեղահանված»․ Amnesty International-ի տարեկան զեկույցը
Բաքվում պահվող հայ ռազմագերիների խնդրին անդրադարձ է կատարվել Amnesty International-ի տարեկան զեկույցում։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ հղում անելով 2021 թ․-ի սեպտեմբերին հրապարակված Եվրախորհրդի զեկույցին, նշել է, որ տասնյակ գերիներ շարունակում են մնալ անմարդկային պայմաններում և ենթարկվում են արագացված, անարդար դատավարությունների։
Հայ ռազմագերիների, Արցախից տեղահանված անձանց և Հայաստանում խոսքի ազատության մասին։
Հետպատերազմյան իրավիճակն ու հայ ռազմագերիները
Amnesty International-ի հրապարակած տարեկան զեկույցի համաձայն՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը որևէ առաջընթաց չեն գրանցել 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած պատերազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի այլ խախտումները հետաքննելու ուղղությամբ։
Amnesty International-ը զեկույցում քննադատել է Ադրբեջանի իշխանություններին մինչ օրս տասնյակ հայ գերիների Բաքվում պահելու համար։
Թե քանի գերու մասին է խոսքը՝ զեկույցը չի հստակեցրել՝ նշելով միայն, որ նախորդ տարեվերջի դրությամբ Ադրբեջանում պահվում էին ավելի քան 60 հայ գերիներ․
«Հայաստանցի շուրջ 30 գերիների ճակատագիրը մինչ օրս անհայտ է, և կան ենթադրություններ, թե նրանք կարող են սպանված լինել»։
Դեռևս 2021 թ․-ի սեպտեմբերին Եվրախորհուրդն իր զեկույցում մտահոգություն էր հայտնել «տասնյակ հայ գերիների՝ անմարդկային պայմաններում գտնվելու և արագացված, անարդար դատավարությունների ենթարկվելու» փաստերի կապակցությամբ։
Մեջբերելով Եվրոպայի խորհրդի նախագահի խոսքերը, թե գերիներին վերադարձնելու դիմաց Երևանը Բաքվին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, որոնց ճշգրտությունը Ադրբեջանը վիճարկում է՝ զեկույցը պնդում է, թե պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում «հայկական կողմի տեղադրած ականների պատճառով» զոհվել կամ վիրավորվել է ավելի քան հարյուր մարդ։
Տեղահանված արցախցիների խնդիրները
Իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրել է, որ պատերազմից հետո փախստականների մեծ մասը վերադարձել է Ստեփանակերտ և ԼՂ-ի՝ հայկական կողմի վերահսկողության տակ մնացած այլ տարածքներ, բայց այդ մարդիկ շարունակում են բախվել կրթական, առողջապահական և կենցաղային տարբեր խնդիրների։
«Շուրջ 36 հազար էթնիկ հայեր շարունակում է լինել ներքին տեղահանված։ Նրանցից 24 հազարը՝ երկարաժամկետ, քանի որ իր տունը թողել է այն տարածքներում, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են»,- ասված է զեկույցում։
Խոսքի ազատությունը Հայաստանում
Անդրադառնալով ներհայաստանյան իրավիճակին՝ միջազգային կազմակերպությունն ընդգծել է, որ իշխանությունների ջանքերով խոսքի ազատությունը շարունակում է սահմանափակվել․
«Նախորդ տարվա մարտին Ազգային ժողովը բարձրացրեց վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը՝ հասցնելով 6 միլիոն դրամի (մոտ 12 հազար դոլար)։ Օգոստոսին քրեականացվեց հանրային գործիչներին վիրավորանք հասցնելը»։
Amnesty International-ը շեշտել է, որ այս օրենսդրական փոփոխությունները «սահմանափակում են անկախ մամուլն ու քննադատական խոսքը»։
Զեկույցի համաձայն՝ 2021 թ․-ին բողոքի ակցիաներն ու հանրահավաքները Հայաստանում հիմնականում թույլատրված են եղել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեսկզբին գործադիրը չեղարկել էր համավարակի պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով ընդունված սահմանափակումները, այդ թվում՝ հավաքների անցկացման։
Amnesty International-ն ընդգծել է, որ ՀՀ Գլխավոր դատախազությունն ու իրավապահ այլ մարմիններ ձախողել են պատերազմից հետո մի շարք ՀԿ-ների ու ԶԼՄ-ների դեմ կազմակերպված հարձակումների վերաբերյալ արդյունավետ հետաքննության անցկացման գործում։