Աբխազիայում, հնարավոր է, արգելեն սոցցանցերը
Ֆեյսբուքի աբխազական սեգմենտը սրընթաց կերպով լցվել է անանուն օգտատերերով 2014թ-ի մայիսի քաղաքական իրադարձություններից հետո: Անանուն էջերն ավելի շատ «խմբերում» են միավորվում, որոնցում հիմնականում կոշտ քննադատվում է իշխանությունների քաղաքականությունը, սակայն խոսքն այդ մասին չէ, այլ այն, որ հորինված անունների տակ մարդիկ չեն խորշում արտահայտվելուց և սպառնալիքներից:
Ցուցարարները շղթայել էին կառավարական շենքերը, վերահսկողություն սահմանել
նախագահի վարչակազմի հանդեպ և հայտարարել, որ իրենց ձեռքն են վերցնում
հանրապետության ժամանակավոր կառավարումը: 2014թ-ի հունիսի 1-ին Ալեքսանդր
Անկվաբը, դիմելով ժողովրդին, հայտարարեց, որ հրաժարական է տալիս Աբխազիայի
նախագահի պաշտոնից: Վեցերորդ նախագահական ընտրություններն Աբխազիայում
անցկացվեցին 2014թ-ի օգոստոսի 24-ին: Դրանց արդյունքում պետության ղեկավար դարձավ ընդդիմության առաջնորդ և Աբխազիայի ներկայիս նախագահ Ռաուլ Հաջիմբան:
Անանուն օգտատերերի հարցն Աբխազիայում բազմաթիվ անգամ է բարձրացվել: Նրանց հրապարակումներից վիրավորված մարդիկ պահանջում էին պարզել օգտատերերի իսկական անձը: Առաջարկներ կային նաև սոցցանցերում ուրիշ անունով գրանցվելն արգելելու միջոցներ գտնելու:
Հիմա, սակայն, խոսքը գնում է հենց սոցցանցերն արգելելու մասին: Այդպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել միանգամից մի քանի պատգամավոր: Այդ թեման մեկնաբանել է նաև Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան Սուխումի շրջանի բնակիչների հետ հանդիպմանը:
«Ես վաղուց հարմարվել եմ, որ ինձ ներկայացնում և՛ այսպես, և՛ այնպես: Սակայն երբ դա անում են պետության ղեկավարների հանդեպ, որոնց հետ մենք հարաբերություններ ենք կառուցում, երբ նրանց վիրավորում և նվաստացնում են, դա խայտառակություն է ողջ աբխազ ժողովրդի համար:
Մենք գրեթե առանց սահմանափակումների միմյանց վրա ցեխ ենք նետում, և շատերն ինձ դիմում են սոցցանցերը փակելու խնդրանքով: Որոշում կկայացվի, որը թույլ կտա լուծել հարցը», — ասել է Հաջիմբան:
Այդ հայտարարությունը բուռն քննարկումներ է առաջացրել սոցցանցերում: Նախագահի հետ համաձայն և սոցցանցերն արգելափակելու նրա գաղափարը կտրականապես քննադատող օգտատերերի թիվը գրեթե հավասար է:
«Նախագահ Հաջիմբան տարօրինակ առաջարկ է արել: [Ստացվում է], նա ասել է, որ պետք է փակել սոցցանցերը կամ էլ [մենք] ստիպված կլինենք տներով ման գալ և մարդկանց ծեծել: Իսկ միգուցե ինքնե՞րս ընտրենք՝ Ֆեյսբուքը փակելու կամ ծեծված լինելու համար ստորագրահավաք սկսենք»:
«Իհարկե սոցցանցերը չի կարելի փակել: Իսկ մարդկանց, ովքեր միտումնավոր կերպով ապակողմնորոշում են հասարակությանը, պատասխանատվության ենթարկելը պարզապես անհրաժեշտ է: Այո, դա աշխատանք է, նոր մարտահրավեր, սակայն այն պետք է կատարել»: