Սումգայիթյան ջարդեր․ ինչ է տեղի ունեցել 34 տարի առաջ
34 տարի առաջ փետրվարի 27-ին Բաքվից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթում տեղի ունեցան հայ բնակչության ջարդեր, որոնք ուղեկցվել են նաև նրանց ունեցվածքի ոչնչացմամբ և թալանով: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սումգայիթում իրագործված հայերի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ։
Դրա մեջ, մասնավորպաես ասվում է, որ ջարդերն իրականացվել են «Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների ծրագրմամբ և իրավապահների թողտվության պայմաններում», դրանց զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին․
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված զանգվածային հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին և արձանագրում, որ հայատյացությունը և ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականությունը, ինչն ակնհայտորեն հակասում է խաղաղ, զարգացող և կայուն տարածաշրջան ունենալուն ուղվված տարածաշրջանային և միջազգային ջանքերին»։
- Խոջալու, ինչ է այստեղ եղել. հատված Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. Արցախյան օրագիր» գրքից
- Ադրբեջանը մտադիր է դատի տալ Արցախի նախագահին, հայկական կողմը պահանջում է դատել Ալիևին
- «Շարունակելու ենք վերհանել Ադրբեջանի խախտումները»․ ՀՀ նախկին ՄԻՊ
Հայաստանում ամեն տարի փետրվարի վերջին հարգանքի տուրք են մատուցում բռնության զոհերին և աշխարհից պահանջում համապատասխան գնահատական տալ տեղի ունեցածին:
1988թ. փետրվարի 27-ին սկսված կոտորածների արդյունքում, որոնք երեք օր են տևել, վիրավորվել և սպանվել են բազմաթիվ մարդիկ:
Խորհրդային բանակը լռության մատնեց իրադարձությունները՝ չպաշտպանելով հայերին: ԽՍՀՄ բանակը Սումգայիթ հասավ փետրվարի 28-ին, բայց ջարդերը դադարեցին միայն դրա հաջորդ օրը:
Հայաստանում համարում են, որ այս կոտորածները պատասխան էին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերին, որոնցով պահանջվում էր իրականացնել նրանց ինքնորոշման սահմանադրական իրավունքը:
Հասարակագետների կարծիքով՝ Սումգայիթն էր, որ առաջինը ցույց տվեց, որ ազգերի բարեկամության երկրում մարդը կարող է սպանել մարդուն միայն նրա ազգային պատկանելության համար:
Սումգայիթյան իրադարձություններից 34 տարի անց էլ դեռ հայտնի չէ, թե իրականում քանի հայ է սպանվել խորհրդային այդ քաղաքում: Սումգայիթի և Բաքվի դիահերձարաններում 100-ավոր հայերի դիակների գոյության մասին այդ օրերին վկայում էին իրենց հարազատներին դրանց մեջ փնտրող հայերը:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ Սումգայիթյան ջարդը վաղուց է պլանավորված և կազմակերպված եղել: Նրա խոսքով՝ տեղի ունեցածը ԽՍՀՄ իշխանությունների ոչ միայն լուռ համաձայնության, այլև նրանց աջակցության արդյունքն է.
«Մենք գործ ունենք ցեղասպանության հետևողական քաղաքականության հետ, և համապատասխան վերաբերմունքի պետք է արժանան ցեղասպանության զոհերը: Հատուկ կարգավիճակ պետք է ունենան նրանք, ովքեր վերապրել են ցեղասպանությունը կամ դրա զոհերն են»:
Իրավաբան Արտակ Զեյնալյանն ասել է այս կապակցությամբ, որ, ըստ միջազգային իրավունքի, այդ ջարդերի զոհերի կյանքի իրավունքը խախտվել է, տեղի է ունեցել խտրականություն.
«Ադրբեջանի Սահմանադրությունն էլ պաշտպանում է այս իրավունքները: Նրանք իրենց առջև դրել են այս պարտականությունները: Մենք դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պաշտպանելու այս բոլոր անձանց իրավունքները»:
Զեյնալյանը հիշեցրել է նաև ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի սահմանումները.
Հոդված I. Ցեղասպանությունը, անկախ այն հանգամանքից` իրականացվել է խաղաղ թե պատերազմի ժամանակ, միջազգային օրենքով համարվում է հանցանք:
Հոդված II. Սույն համաձայնագիրը ցեղասպանություն է համարում հետևյալ գործողություններից ցանկացածը, որ կատարվել է մի ամբողջ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի հանդեպ` այն մասնակիորեն կամ ամբողջությամբ ոչնչացնելու մտադրությամբ.
ա) խմբի անդամների սպանություն,
բ) խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում:
Ըստ իրավաբանի, բոլոր չափանիշներով հայերի նկատմամբ ցեղասպանություն է կատարվել:
ՀՀ արտաքին գործերի նախարարոթյան՝ Սումգայիթյան ջարդերի 34-րդ տարելիցին նվիրված հայտարարությունում ասվում է․
«2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը ցույց տվեց, որ Սումգայիթի ոճրագործությունից ավելի քան երեք տասնամյակ անց Ադրբեջանի կողմից շարունակվում է հայերի նկատմամբ ռասայական ատելության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը»: