«Շարունակելու ենք վերհանել Ադրբեջանի խախտումները»․ ՀՀ նախկին ՄԻՊ
Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չի դադարեցնի Ադրբեջանի խախտումների մասով հանրային գործունեությունը։ Այս մասին Թաթոյանը հայտարարել է ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ ասվածը բնորոշելով որպես «վատ լուր Ադրբեջանի իշխանությունների համար»։
Վեց տարի առաջ պաշտոնն ստանձնած Թաթոյանի լիազորությունների ժամկետը լրանում է այսօր՝ փետրվարի 23-ին։ Այս պաշտոնում նրան փոխարինելու է արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, որին ընտրել է խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
JAMnews-ը ներկայացնում է նախկին պաշտպանի ամփոփիչ ասուլիսի կարևորագույն թեզերը։
Պաշտպանի ինստիտուտի արդյունավետության մասին
Ամփոփելով պաշտոնավարման տարիները՝ Թաթոյանն ընդգծել է, որ այս տարիների ընթացքում գրանցվել է ՄԻՊ գրասենյակին դիմող քաղաքացիների բողոքների ու դիմումների կտրուկ աճ․
«2015 թ․-ին գրասենյակը ստացել է 5214 դիմում-բողոք, 2016 թ․-ին՝ 5113, իսկ ահա 2020 թ․-ին՝ 14 780, 2021 թ․-ին արդեն՝ 21 118»։
Էականորեն բարելավել ու զարգացրել են «Թեժ գիծ» ծառայությունը։ ՄԻՊ տեղեկացմամբ՝ ծառայությունը միաժամանակ սպասարկում է երեք զանգ և աշխատում է շուրջօրյա։ Բացի այդ՝ քաղաքացիները գրասենյակ դիմելու հնարավորություն ունեն նաև Viber և WhatsApp հավելվածներով։
2015 թ․-ին թեժ գծի զանգերի թիվը 2086 է եղել, 2021 թ․-ին՝ 14 124։
«Այս ընթացքում 5 անգամ աճել է ՄԻՊ գրասենյակի կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների թիվը , իսկ 11 անգամ աճել են տարբեր հաստատություններ այցերի թիվը», — նշել է Արման Թաթոյանը։
Պաշտպանի խոսքով՝ կառույցը մշտապես եղել է անկախ, ինքն էլ գործել է բարձր լեգիտիմության պայմաններում․
«Որևէ կառավարության ղեկավար չի կարող ասել, թե ես աշխատել եմ այդ ղեկավարի կամ կառավարության ազդեցության ներքո», — նշել է Թաթոյանն ու համոզմունք հայտնել, որ թողնում է կայացած, ուժեղ կառույց։
Խաղաղության կեղծ օրակարգի մասին
Թաթոյանի համոզմամբ՝ չպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությունները հայ հասարակությանը թմրեցնեն «կեղծ խաղաղասիրական կոչերով»:
Հիշեցնում է՝ 44-օրյա պատերազմը «Ադրբեջանի վարած ատելության ու թշնամանքի քաղաքականության հետևանք էր», սպառնալիքներն այսօր շարունակվում են նաև ՀՀ սահմաններին։
«Պատերազմ որևէ մեկը չի ուզում, թշնամանք որևէ մեկը չի ուզում, բայց մենք չենք կարող մեզ մոլորեցնել ու համոզել, որ այդ ամենն ավարտված է: Այդ ամենն ավարտված չէ, և մենք պետք է ունենանք մեր իրավունքների երաշխիքները»,-ընդգծել է օմբուդսմենը։
Հայաստանի քաղաքացիների անվտանգության երաշխիքներն, ըստ նրա, առանցքային պետք է լինեն նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացում։ Թաթոյանի համոզմամբ՝ խաղաղությունը միայն մեկ կողմի հաշվին լինել չի կարող, ուստի ճանապարհների բացման մասին խոսելիս պետք է, առաջին հերթին, մտածել մարդկանց անվտանգության մասին։
Արման Թաթոյանը ՀՀ քաղաքացիներին հորդորել է «նոր գործընթացների մասին առանց երաշխիքների խոսող» պաշտոնյաներից պահանջել երաշխիքներ։ Ըստ նրա՝ այդ պաշտոնյաները խոսում են «զուտ քաղաքական շահերից ելնելով», որոշներն էլ չեն գիտակցում՝ ինչի մասին են խոսում։
Դիմելով հայ հասարակությանը՝ օմբուդսմենը հայտարարել է, որ «երբեք ոչ մի հարցում չի ստել, որևէ տվյալ չի կեղծել»։
Ադրբեջանի խախտումները բարձրաձայնելու մասին
Ասուլիսի ընթացքում նախկին ՄԻՊ-ը դիմել է ադրբեջանական կողմին՝ կոչ անելով չուրախանալ իր լիազորությունների ավարտով։ Թաթոյանը վստահեցրել է՝ չի դադարեցնելու հանրային գործունեությունը, հատկապես Ադրբեջանի խախտումների մասով․
«Շարունակելու ենք վերհանել նրանց խախտումները, պատերազմական հանցանքները։ Այս առումով շատ ուրախանալու տեղ չունեն»։
Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների համար սա «շատ վատ լուր» է, որը նրանց կհաղորդեն ասուլիսին հետևող իրենց պատվիրակները։
Ըստ նրա՝ հանրային գործունեությունից հրաժարվել՝ կնշանակեր ուրախացնել Ադրբեջանին։ Բացի այդ՝ ստեղծված իրավիճակում չի կարող իրեն թույլ տալ Հայաստանի և Արցախի ժողովրդի իրավունքներն անտեսելու «ճոխություն»։
ՄԻՊ գրասենյակի հանդեպ ոտնձգության մասին
Անդրադառնալով արդարադատության նախարարի հայտարարությանը, թե ՄԻՊ-ն իրավունք չուներ գնահատական տալու Բորիս Բախշիյանի գործին՝ Թաթոյանն այն որակել է որպես «սիրողական գնահատական», որն արվել է առանց պաշտպանի հայտարարությունն ուսումնասիրելու։
Թաթոյանը կոշտ է արտահայտվել գործող նախարար Կարեն Անդրեասյանի հասցեին՝ նշելով, որ նա «չունի տարրական մասնագիտական գիտելիքներ հարցի հետ կապված»։ Ասվածը օմբուդսմենը հիմնավորել է ՄԻՊ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով, ըստ որի՝ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իրավունք չունի միջամտել դատական վարույթին», ոչ թե «ընթացիկ դատական գործին», ինչպես ձևակերպել էր նախարարը։
«Նախաքննությունն իրականացնում է պաշտոնատար անձը, որ կոչվում է քննիչ, իսկ դատական վարույթն իրականացնում է դատարանը։ Ինչպես կարող է նախաքննության հարցը դառնալ «դատական գործ», բացի այդ «դատական գործ» հասկացություն մեր օրենքը չունի, որտեղի՞ց է վերցրել»,- շեշտել է պաշտպանը։
Նրա բնորոշմամբ՝ նախարար Անդրեասյանը շարժվում է «վրեժխնդրության շարժառիթով», միաժամանակ մատուցում «քաղաքական ծառայություն իրավապահ մարմիններին»․
«Միգուցե նաև հայտարարեն, որ պաշտպանն իրավունք չունի կալանավորված անձին այցելել նախաքննության ժամանակ, քանի որ կարող է կալանավորը տվյալներ փոխանցել»։
Թաթոյանն արդարադատության նախարարին հորդորել է «չհամարձակվել ՄԻՊ գրասենյակի հանդեպ որևէ ոտնձգություն անել՝ թաքնվելով կառավարության ներկայացուցիչ լինելու հովանու տակ»։
Համերաշխության վերականգնման մասին
Ըստ նախկին պաշտպանի՝ երկրում հանրային համերաշխության վերականգնումն անհրաժեշտություն է: Ասում է՝ այն խաթարված է «դատապարտելի դիսկուրսների»՝ «նոր ու նախկին», «սև ու սպիտակ» պիտակավորումների պատճառով և ոչ միայն․
«Սրան ավելացվեց նորից դատապարտելի «ժեխ», «զոմբի», «պիցցայակեր», «ծախված» և այլ պիտակավորումները։ Ներողություն եմ խնդրում, որ այս բառերը ստիպված եմ արտաբերել, բայց ուզում եմ ցույց տալ հասարակությանը պառակտող դիսկուրսները նաև սոցիալական ցանցերի կեղծ էջերի, կազմակերպված արշավների միջոցով», — շեշտել է Թաթոյանը։
Ըստ նրա՝ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ, այնինչ շատ պաշտոնյաներ իրենք են գործածում անթույլատրելի արտահայտություններ և դրանցով ատելություն ու ներքին թշնամանք հրահրում:
Իր հետագա գործունեության մասին
Նախկին պաշտպանը տեղեկացրել է, որ իր հետագա աշխատանքը ևս ներառելու է մարդու իրավունքների պաշտպանությունը։
Թաթոյանի փոխանցմամբ՝ քաղաքական ուժերից առաջարկներ ստացել է դեռևս խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բայց մերժել է դրանք։ Պատրաստվում է նույն կերպ վարվել նաև այժմ, սակայն դեռևս համագործակցության առաջարկ չի ստացել։ Պետական համակարգում իրեն ևս չի պատկերացնում։
«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջարկներ ստացա, բայց այնքան կտրուկ մերժեցի, որ կարծում եմ՝ փոխանցեցին նաև մյուս գործընկերներին։ Ես հարգում եմ բոլորին, բայց իմ աշխատանքը լինելու է հանրային», — ասել է օմբուդսմենը։