«QR կոդն ամեն տվյալ ցույց չի տա». Հայաստանում նոր որոշում է ընդունվել
Տվյալների արտահոսքից խուսափելու համար պատվաստումը հավաստող QR կոդերը սկանավորելիս այսուհետ կարտացոլվի քաղաքացու անձնական տվյալների մի մասը միայն: Հայաստանի առողջապահության նախարարությունը նման որոշում է ընդունել՝ հաշվի առնելով մեդիափորձագետների մտահոգությունները:
Հայաստանում համաճարակային իրավիճակի, գործող սահմանափակումների և նոր որոշման մասին։
Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1931 նոր դեպք: Սա գրեթե 600-ով ավելի է երեկ գրանցված դեպքերի թվից: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ մահացել է 1 քաղաքացի: Համավարակի ի հայտ գալուց մինչ օրս COVID-19-ը խլել է 8033 կյանք:
Ի տարբերություն վարակման դեպքերի՝ մահվան դեպքերն օրեցօր նվազում են: Նախորդ օրն, օրինակ, 4 քաղաքացի էր մահացել:
Հունվարի 20-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետն ասել էր, որ Հայաստանին է մոտենում COVID-19-ի հերթական ալիքը: Հունվարի 26-ին հաղորդվեց, որ Փաշինյանը ևս վարակվել է կորոնավիրուսով և պարտականություններն իրականացնելու է հեռահար:
Առողջապահական ոլորտի պատասխանատուները դեպքերի աճը պայմանավորում են «Օմիկրոն» շտամի տարածման մեծ արագությամբ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի փոխանցմամբ՝ կանխատեսումները ցույց են տալիս, որ առաջիկա օրերին ևս թվերի աճ է գրանցվելու:
Համավարակի տարածումը հնարավորինս կանխելու նպատակով այս տարվա հունվարի 22-ից Հայաստանում նոր կարգավորում է ուժի մեջ մտել՝ սահմանափակվել է չպատվաստված քաղաքացիների մուտքը հանրային վայրեր։
Սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզադահլիճներ, գրադարաններ, ինչպես նաև մշակութային այլ կառույցներ մուտքը թույլատրվում է միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով (առավելագույնը 72 ժամ վաղեմության):
Նոր սահմանափակումները չեն տարածվում մինչև 18 տարեկան անձանց, հղիների, բացարձակ հակացուցում ունեցողների, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսով հիվանդացածների վրա (ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում)` համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու պարագայում։
Պատվաստման մասին հավաստող QR կոդը քաղաքացիներին հասանելի է Armed հավելվածի միջոցով, որն էլ ինտեգրված է Հայաստանի էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգին։
Կոդը սկանավորելիս արտացոլվում են քաղաքացու անձնական տվյալները, ինչպես նաև հանձնած ՊՇՌ թեստերի պատասխաններն ու ստացած պատվաստումները:
Մեդիափորձագետները մտահոգություն էին հայտնել, որ QR կոդերի սկանավորման արդյունքում անձնական տվյալների արտահոսք է տեղի ունենում։
Անդրադառնալով նոր սահմանափակումներին՝ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում կարծիք էր հայտնել, թե կորոնավիրուսի տարածման վրա դրանք զրոյական ազդեցություն են ունենալու, հանրային մթնոլորտի վրա՝ միայն բացասական: Մարտիրոսյանը որոշում կայացնողների ուշադրությունը հրավիրել էր նաև անձնական տվյալների արտահոսքի վրա:
«Եթե իմ QR կոդը ամեն սրճարանում սկանավորեն, ապա կկարողանան տեսնել իմ անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան թիվ և անձնագրի համարը։ Լավ, ով և որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանք։ Ո՞վ ա որոշել, որ իմ անձնագրի համարը հանրային տեղեկատվություն ա», — գրել էր Մարտիրոսյանն ու հավելել, որ «բարեշրջելու» դեպքում կարելի է ավելացնել նաև այլ տվյալներ, օրինակ՝ տան հասցե, հեռախոսի ու սոցքարտի համարներ:
Առողջապահական գերատեսչությունում անցկացված քննարկումների արդյունքում նախարարությունը որոշում է կայացրել փակել տվյալների մի մասը, մասնավորապես՝ ծննդյան ամսաթիվն ու անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի կամ նույնականացման քարտի համարն այժմ արտացոլվում են ոչ ամբողջական: Նախկինում հանձնած ՊՇՌ թեստերի արդյունքները չեն ցուցադրվում:
«ԱՐՄԵԴ» համակարգի տնօրեն Ավետ Մանուկյանի խոսքով՝ որոշումը կայացրել են անձնական տվյալների արտահոսքից խուսափելու համար: Ասում է՝ հաշվի են առել նաև փորձագետների մտահոգությունները: