Ադրբեջանական ուղեղների հոսքը Թուրքիա
Թուրքիայում 15 հազար ադրբեջանցի ուսանող է սովորում:
«Ադրբեջանցիները Թուրքիայում սովորող արտասահմանցի ուսանողների մեծ մասն են կազմում»,- ասում է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան կրթության գծով խորհրդական Աբդուլգաֆուր Բյոյուքֆիրաթը:
Ընդհանուր առմամբ ադրբեջանական բուհերում 2016/2017 ուսումնական տարում 170 740 ուսանող է սովորել: Ստացվում է, որ Ադրբեջանում մոտավորապես յուրաքանչյուր տասներկուերորդ դիմորդ մեկնում է Թուրքիա սովորելու: Շատերը մնում են այնտեղ ապրելու:
Աքիֆն ապրում է Թուրքիայում արդեն 12 տարի: Բարձրագույն կրթություն է ստացել, աշխատում է, ամուսնացել է: «Կյանքը կառուցել է», ինչպես ինքն է ասում: Աքիֆի համար Ադրբեջանն այժմ ոչ ավելին է, քան պատմական հայրենիք.
«Ես չեմ կարողացել ինձ գտնել նախնիներիս հողում: Ավարտելով համալսարանը՝ ետ եմ վերադարձել, 8 ամիս աշխատանք եմ փնտրել և, ի վերջո, հասկացել, որ դրանից բան դուրս չի գա: Եվ վերադարձել եմ Անկարա: Այժմ իմ մասնագիտությամբ աշխատում եմ մի ընկերությունում որպես վաճառքի մենեջեր: Ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Մորս էլ եմ բերել այստեղ, որպեսզի այնտեղ մենակ չթողնեմ: Սակայն մայրս հաճախ է խնդրում թաղել իրեն հայրենիքում»:
Ինչո՞ւ ոչ Ադրբեջանը
Մենք հարցում ենք անցկացրել երիտասարդների շրջանում, որոնք պատրաստվում են Թուրքիա մեկնել սովորելու, այնտեղ են սովորում և արդեն ավարտել են ուսումը: Ահա Ադրբեջանում չսովորելու պատճառները, որոնք նրանք նշում են.
1. Տեղական կրթությունը շատ վատ որակի է: Ավելի ճիշտ՝ Ադրբեջանում ընդհանրապես ոչ մի կրթություն չկա:
Իմ ընկերների շրջանում շատ են ուսանողները, և ես դեռ նրանց ձեռքին գիրք չեմ տեսել: Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ են սովորում: Միայն քննույթունների ժամանակ են սկսում խուճապի մատնվել: Հետո ինչ-որ ճանապարհներով լավ աշխատանքի են տեղավորվում: Իսկ ես այդ ամենի համար ոչ հնարավորություն ունեմ, ոչ ցանկություն,— ասում է 20-այա Էլդարը:
Ամինա, բուհի նախկին դասախոս.
«Ես աշխատանք ստացա, որովհետև միանգամից երկու դասախոսի աշխատանքից հեռացրին կաշառքի համար հենց այն ժամանակ, երբ ես ավարտեցի ինստիտուտը: Նրանք երկուսն էլ իմ դասախոսներն էին եղել և իրականում շատերից շատ ավելի պրոֆեսիոնալ էին, սակայն բռնել էին հենց նրանց: Մենք դասախոս ունեինք, որը պարզապես նստում էր և պատուհանից դուրս նայում ողջ դասախոսության ընթացքում. ավելի լավ էր՝ կաշառք վերցներ: Շատ լավ դասախոսներ նույնպես ունեցել ենք, սակայն, ընդհանուր առմամբ, համակարգն այնպես է կառուցված, որ կարելի է ոչ ոքի ոչ մի բան չսովորեցնել, և որևէ մեկը դա չի նկատի»:
2. Կրթությունն Ադրբեջանում նաև շատ թանկ է
Եթե ընդունվելու համար բավականաչափ բալեր չես հավաքել, որ պետությունը քո փոխարեն վճարի, ապա «վճարովի ընկնելիս» ստիպված ես հսկայական գումար վճարել, որը ոչ մի կերպ չի համապատասխանում ուսման որակին: Գները դեռ բարձրանում էլ են:
Բաքվի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը մեկ տարի առաջ արժեր տարեկան 3800 մանաթ, իսկ հիմա՝ 4300 մանաթ, մնացած բուհերում գները տարեկան 2000-3000 մանաթի մակարդակում են:
3. Շատ երիտասարդներ նեղացած են ադրբեջանական կրթական համակարգից դեռևս դպրոցից. բանն այն է, որ Ադրբեջանում ընդունված է մասնավոր ուսուցիչ վարձել երեխայի համար ինստիտուտ ընդունվելուց մի քանի տարի առաջ:
Դա նշանակում է 5 առարկայից մասնավոր դասընթացներ նվազագույնը երկու տարի շարունակ, իսկ դա ընտանեկան բյուջեի համար ծանր բեռ է: Պատճառն այն է, որ ընդունելության քննություններն ավելի ծանր են, քան դպրոցական համակարգը:
Կրթության նախկին նախարար Միսիր Մարդանովը բացահայտ ընդունում էր այդ խնդիրը.
«Մենք դպրոցում գիտելինքերը գդալով ենք տալիս, իսկ Ուսանողների ընդունելության պետական հանձնաժողովը պահանջում է շերեփով տված գիտելիք»:
4. Ադրբեջանական դիպլոմը հարգանք չի առաջացնում այլ երկրների գործատուների մոտ: Որպես կանոն, Ադրբեջանում նույնպես դժվար է աշխատանք գտնել:
«Իմ եղբորորդին ավարտել է Բաքվի ճարտարապետության ֆակուլտետը: Նա սովորում էր վճարովի բաժնում: Եվ արդեն հինգերորդ տարին է՝ չի կարողանում մասնագիտությամբ աշխատանք գտնել: Քանի որ նա, ըստ էության, մասնագիտություն չունի: Հինգ տարի նա անիմաստ գնացել է համալսարան՝ այդպես էլ ոչինչ չսովորելով: Իսկ հիմա, որտեղ էլ փորձի տեղավորվել, ամենուրեք ասում են, որ պետք է երկամսյա դասընթացներ անցնել, որոնք բավականին թանկ են: Ես էլ չցանկացա, որ իմ երեխան էլ նման ճակատագրի արժանանա, այդ պատճառով էլ նրան ուղարկեցի արտասահման»,— պատմում է Զեյնաբ Գուլիևան:
Գործազրկության մասին՝ ավելի մանրամասն
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Սալիմ Մուսլիմովն ասում է, որ Ադրբեջանը երիտասարդությանն աշխատանքի տեղավորելու մակարդակով աշխարհի առաջատար երկրների տասնակում է: Վիճակագրության պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2015թ-ին 15-29 տարեկան երիտասարդության շրջանում գործազրկությունը կազմում էր 5 տոկոս: 2016թ-ին այդ թիվն անփոփոխ է մնացել: Նրա խոսքով՝ պաշտոնապես գործազուրկի կարգավիճակ ունի 36.3 հազար մարդ:
Փորձագետ-տնտեսագետ Թորգուլ Մաշալին ասում է, որ Ադրբեջանում գործազրկության մակարդակը դժվար է որոշել, և Վիճակագրության պետական կոմիտեի մեթոդներն այդ խնդիրը չեն թեթևացնում: Բանն այն է, որ ոչ բոլոր գործազուրկներն են պաշտոնապես գրանցված աշխատանքի բորսայում, ինչպես նաև ոչ բոլոր Ադրբեջանցիներն են պաշտոնապես ձևակերպված որպես աշխատակից.
«2016թ-ի ընթացքում աշխատանքի բորսայում որպես գործազուրկ գրանցվելու համար դիմել է 204 հազար մարդ, և միայն 11 հազարն է գործազուրկի կարգավիճակ ստացել, ըստ աշխատանքի նախարարության տվյալների: Մոտ 57 հազար մարդ է աշխատանքով ապահովվել: Կարելի է եզրակացություն անել, որ 2016թ-ին նվազագույնը 136 հազար մարդ զրկվել է աշխատանքից: Իսկ 2017թ-ի հունվարի մեկի դրությամբ «աշխատանք է փնտրել» 227 հազար մարդ»:
«Հայրս սովորել է Ռուսաստանում, իսկ Ադրբեջան վերադառնալուց հետո 9 տարի շարունակ կյանքը դասավորելու անհաջող փորձեր է արել, որից հետո վերադարձել է Ռուսաստան: Իսկ ես ուզում եմ ռեժիսոր դառնալ: Եվ դա անելու լավագույն միջոցը Թուրքիա մեկնելն է: Այնտեղ կսովորեմ, հետո կերևա:
Իմ նպատակն Ադրբեջան չվերադառնալն է: Եթե ստացվի, Եվրոպա կմեկնեմ: Եթե չստացվի Թուրքիայում կմնամ, կաշխատեմ:
Եթե ցանկանամ Բաքվում աշխատել, ստիպված կլինեմ տեսահոլովակներ նկարել ինչ-որ անտաղանդ երգիչների համար», — ասում է Էլդարը:
Թուրքական մշակույթի օրերը Բաքվում
Ինչո՞ւ Թուրքիա
[yes_list]
- Թուրքիայում կրթության որակը չես էլ համեմատի ադրբեջանականի հետ: Ամերիկյան U.S. News & World Report լրատվական ամսագիրը հրապարակել է աշխարհի լավագույն համալսարանների ցանկը: Թուրքական համալսարաններն աշխարհի լավագույն բուհերի թոփ-500-ի մեջ են, դրանցից 3-ը թոփ-50-ի մեջ են:
- Թուրքական բուհերի դիպլոմները ճանաչվում են ողջ աշխարհում: Թուրքական կրթությունը կարող է ոչ միայն Թուրքիա տեղափոխվելու պլատֆորմ, այլ նաև այլ երկրներում կարիերայի տրամպլին լինել: Հատկապես, որ Թուրքիայում կարելի է անգլերենով և այլ լեզուներով սովորել, կրթաթոշակներ էլ կան, որոնք թույլ են տալիս անվճար կրթություն ստանալ:
- Թուրքական բուհի շրջանավարտի համար Ադրբեջանում աշխատանք գտնելը, եթե մարդը ցանկանա վերադառնալ, շատ ավելի հեշտ կլինի: Բաքվի մասնավոր կլինիկաներում շատ բժիշկներ կան հենց թուրքական կրթությամբ:
- Երիտասարդությունը հեշտությամբ ադապտացվում է թուրքական մշակույթին և լեզվին, որոնք շատ նման են ադրբեջանականին:
- Առանց վիզայի ռեժիմն ու աշխարհագրորեն մոտ լինելը Թուրքիան մրցակցություն չունեցող տարբերակ են դարձնում:
- Կրթության գներն այստեղ բավականին լիբերալ են: Եթե համեմատենք Ադրբեջանում նույն մասնագիտության գների հետ, դրանցից շատերը Թուրքիայում ավելի էժան կնստեն: Բացի այդ, բազմաթիվ ծրագրեր կան, որոնց շրջանակում կարելի է կրթաթոշակ շահել և անվճար սովորել:
[/yes_list]
Ի՞նչ արժե երեխային Թուրքիա ուղարկելը
Բաքվի Ալիբեկ Հուսեյնովի փողոցում բազմաթիվ դասընթացներ կան, որոնք ուսանողներին Թուրքիա են ուղարկում սովորելու: Մենք հետաքրքրվեցինք գներով: Թուրքական պետհամալսարաններ ընդունվել ցանկացողները պատրաստվելու համար տարեկան 1600 մանաթ են վճարում: Որից հետո առանձին տուրք են վճարում քննության համար յուրաքանչյուր համալսարանում. արժեքը սկսվում է 50 դոլարից: Բացի այդ, 400 մանաթ է ծախսվում թուրքերենի իմացությունը հարկ եղած մակարդակի հասցնելու համար:
Հաշվի առնելով բոլոր ծախսերը՝ թուրքական բուհ ընդունվելու համար դիմորդի ընտանիքն առաջին տարում պետք է 3500-4000 մանաթ վճարի: Դա մեծ գումար է՝ հաշվի առնելով, որ միջին աշխատավարձը 500 մանաթ է:
Արդյո՞ք պետությունը կվճարի «կորցրած երեխաների» կրթության համար
Ադրբեջանում արտասահմանում ուսում ստանալու պետական ծրագիր կա: Այն մինչև վերջերս գլխավորում էր կրթության նախարար Միքայիլ Ջաբարովը, որը Կալիֆորնիայի Խաղաղօվկիանոսյան համալսարանի շրջանավարտ է: Գաղափարը հետևյալն էր. արևմտյան կրթությամբ երիտասարդության սերունդ ստանալ, որը կաշխատի հետագայում հանուն հայրենիքի բարգավաճման: Ուսանողների հետ պայմանագիր էին կնքում, որի համաձայն՝ նրանք պարտավոր էին վերադառնալ և Ադրբեջանում աշխատել գոնե 5 տարի:
Թե քանի ուսանող է ետ վերադարձել, նախարարությունը չի ասում և ընդհանրապես բացահայտ չի ընդունում ուղեղների արտահոսքի խնդիրը: Այնուամենայնիվ, վերջերս «արտասահմանցի» ուսանողներին խոստացել են, որ պետական կառույցներում նրանց աշխատանքի են ընդունելու առանց քննության:
Ցավոք, այդպիսի աշխատանքի վարձատրությունը չափազանց ցածր է, որպեսզի փոխարինի այն հնարավորությունները, որոնք տալիս է կարիերան զարգացած երկրներում:
2015թ-ին պետությունը կասեցրեց արտասահմանում կրթություն ստանալու ֆինանսավորումը: Կրթության նախարարը հայտարարեց նոր ծրագրի մշակման մասին, սակայն դեռևս դրա մասին ոչինչ հայտնի չէ: Հաշվի առնելով, որ Միքայիլ Ջաբարովն այժմ զբաղեցնում է հարկերի նախարարի պաշտոնը, դժվար է ասել, թե ինչ է լինելու այդ ծրագրի հետ. ամեն ինչ կախված է լինելու նոր նախարարից և նրա քաղաքականությունից:
Խորհրդարանի կրթության հանձնաժողովի նախկին նախագահ Շահլար Ասքերովն այլ երկրներ տեղափոխված ուսանողներին «կորցրած երեխաներ» է անվանում:
«Վերջին հինգ տարում արտասահման 3500-4000 երիտասարդ է մեկնել, նրանց կեսն անգամ ետ չի վերադարձել: Մեր պետությունը փողեր է ծախսում, նրանց նախնական բարձրագույն կրթություն տալիս, իսկ դրանից օգտվում են ուրիշ երկրները»: