Հայաստան. Աղետալի երկրաշարժից 29 տարի անց Գյումրիում դեռ 2500 տնակ կա
Տարիներ շարունակ ամեն դեկտեմբերի 7-ին այս հուշակոթողի մոտ երկրաշարժի զոհերին իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայաստանի նախագահներն ու կառավարության անդամները՝ ամեն տարի նոր ժամկետ նշելով, թե երբ է քաղաքը վերջնականապես վերականգնվելու:
Հիմա պաշտոնյաները դեկտեմբերի 7-ին այլ հուշարձանի մոտ են տանում ծաղկեպսակները, բայց զոհերի բարեկամները հենց այստեղ են շարունակում գալ: Հուշակոթողի հեղինակն է ՀՀ վաստակավոր նկարիչ ու քանդակագործ, գյումրեցի Զավեն Կոշտոյանը: Ասում է, որ ամեն անգամ, երբ մոտեցել է քարին՝ վերապրել է աղետի պատճառած կորուստի ցավը: Ու մարդիկ այդ աշխատանքը ներքուստ գնահատել են ու ընդունել:
Միայն Շիրակի մարզում հազարավոր ընտանիքներ մնացին անօթևան, վնասվել էր 22 678 տուն ու բնակարան, որից մոտ 20 612-ը միայն Գյումրիում: Երկրաշարժից անմիջապես հետո Խորհրդային միության ղեկավարությունը խոստացավ Գյումրին վերականգնել երկու տարում: Մարդկանց ժամանակավոր տնակներ տրամադրեցին, մինչև անտանիք մնացածների համար նոր թաղամասեր կկառուցվեին: Խորհրդային միությունը փլուզվեց, ու անկախ Հայաստանը շարունակեց քաղաքի վերականգնման գործը:
«Աղետի գոտի», «Վերականգնման գոտի», «Զարգացման գոտի». Հայաստանի կառավարության այս և այլ ծրագրերը հաջորդեցին միմյանց, բայց աղետյալ տարածքները վերականգնելու գործը շատ դանդաղ էր ընթանում:
Երկու տարվա համար նախատեսված տնակների քայքայվող պատերի հետ պայքարում էր անօթևանը, ու այդ պայքարը շարունակվում է մինչ օրս:
Մեկ շաբաթ առաջ երկրաշարժից տուժած վերջին երկու ընտանիքի բնակարանի գնման վկայագիր տրվեց, ու դրանով պետությունը ավարտած համարեց իր պարտավորությունը աղետից տուժածների նկատմամբ:
Ստացվում է, որ կառուցվել ու փոխհատուցվել է ավելի շատ բնակարան, քան կորցրել է Շիրակի մարզը, բայց Գյումրիում դեռ մոտավորապես 2500 տնակ կա: Ի՞նչու
Այս հարցի պատասխանը գտնելու համար JAMnews-ը հանդիպեց, առաջին հերթին, այն մարդկանց հետ, ովքեր ապրում են այդ տնակներում:
Գյումրեցի Հարոյանների ընտանիքը ամեն տարի վերանորոգում է տնակի մի հատվածը: Մեկ հատակն է փտում, հետո առաստաղն է կաթկթում, պատուհանից քամին է փչում: Վլադիմիր Հարոյանը 9 տարեկան է եղել երկրաշարժի ժամանակ, նրա պատանեկությունը անցել է տնակում, ու հիմա նրա երեխաների մանկությունն է անցնում պապական «դոմիկում»: Միայն թե, այն ժամանակ Վլադիմիրի ծնողներն էին նորոգում տնակը, հիմա Վլադիմիրի հետ աշխատանքը կիսում է կինը.
«Ես սեփական տուն կապրեի, Վլադիմիրի հետ օր սկսել էինք հանդիպել, հարցրեցի՝ ուրտեղ կապրիք, ըսավ՝ երկու հարկանի տուն է, երկրորդ հարկը մերն է: Եկա տեսա երկու հարկանի դոմիկ է»,- ժպտալով պատմում է Վլադիմիրի կինը՝ Մարինեն:
2012 թվականին Հարոյաններին բնակարան հատկացվեց, բայց ընտանիքը մեծացել էր, ու միայն մի մասը տեղափոխվեց նոր տուն: Իսկ երիտասարդ ընտանիքը մնաց տնակում: Նրանք մենակ չեն թաղամասում՝ շատերն են իրենց նման՝ ամեն մեկը մի պատճառով մնացել «դոմիկում»:
«Մարդ կա տունը ծախել է, մարդ կա ընդհանրապես չի ստացել: Մարդ էլ կա տունը ծախել պարտք ու տալիք է փակել, ուսանող երեխու վարձ է տվել կամ առողջական խնդիրներն է լուծել»,— ասում է Վլադիմիր Հարոյանը ու հավելում, որ արդեն կորցրել են դոմիկից դուրս գալու հույսն ու պարտադրաբար ընտելացել դժվարություններին:
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանն էլ մեկ այլ պատճառից է խոսում.
«Խնդիրն այն է, որ սկզբնական շրջանում հետևողական չէին, որ տնակը ապամոնտաժվի: Տարբեր գյուղական բնակավայրերից են եկել ու ապրել են դատարկ տնակներում: Իմ կարծիքով, լավ օրից չէ, որ մարդիկ սովորում են տնակին ու տնակում ապրելուն, ուղղակի նրանք կամ որպես անօթևան փոխհատուցվել են, կամ ընդհանրապես աղետից տուժած չեն»:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ շատերն էլ կարողացան մեկի փոխարեն մի քանի բնակարան ստանալ: Այդ մասին խոսվեց, հարցն ուսումնասիրվեց, բայց այդպես էլ ոչ ոք չպատժվեց:
Հետո պետությունը նոր պայման թելադրեց. մինչև անօթևանը չքանդի տնակը, իրենց հատկացված բնակարանը չի սեփականաշնորհվի: Բայց այս պարտադրանքն էլ չազատեց Գյումրին տնակներից: Պատկան մարմինները կրկին հետևողական չէին:
«Մոտ 1000 ընտանիք չի սեփականշնորհել ստացած բնակարանը զուտ տնակը չքանդելու ցանկությամբ, որովհետև այնտեղ ապրում է մեծ ընտանիքի մի մասը: Դրա համար հիմա կառավարության որոշման նախագիծ է մշակվում, թե ինչպես ազատվել տնակներից: Նախատեսվում է ընտանիքների մի մասին փոխհատուցել, մի մասին՝ վարձով բնակարանով ապահովել, մի մասին ընդհանրապես ոչինչ չտալ ու քանդել տնակը»,- ասում է Ալբերտ Մարգարյանը:
Երկրաշարժից անցել է 29 տարի, բայց տեղի պաշտոնյաններն էլ համոզված են ու բարձրաձայնում են, որ Գյումրին մոտ ապագայում դեռ չի ազատվի տնակներից: Ասում են, այս պայմաններում 10-15 տարի կպահանջվի քաղաքը դրանցից ազատելու համար: